«Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով», –ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, նշել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ողջույնի խոսքը՝ թարգմանաբար.
«Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ բարեկամներ,
Կարդացեք նաև
Անկեղծորեն ուրախ եմ ողջունել ձեզ մեր ընդունելությանը, որը նվիրված է Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական աշխատողի օրվան։
Այս տոնական ամսաթիվը կապված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության նախատիպը համարվող «Պոսոլսկի պրիկազի» մասին ամենավաղ՝ 1549 թվականի, հիշատակման հետ։
Այս օրը ռուս դիվանագետները հիշում են իրենց նախորդներին, հարգանքի տուրք մատուցում դիվանագիտական ծառայության փառավոր ավանդույթներին և տոնը կիսում դաշնակիցների ու գործընկերների հետ։
Այսօր մեր աչքի առաջ տեղի են ունենում նախկին աշխարհակարգի «տեկտոնական» փոփոխություններ, որը ցավոտ անցում է կատարում դեպի բազմաբևեռ համակարգ։ Առաջանում են քաղաքական ազդեցության, տնտեսական աճի, տեխնոլոգիական և ֆինանսական նոր կենտրոններ։
Դեռևս վաղ է խոսել ապագա համաշխարհային ճարտարապետության հստակ պարամետրերի մասին, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ դրա հիմքում պետք է դրվեն իրական հավասարությունը, համաձայնության մշակույթը և փոխադարձ շահերի հաշվառումը։ Այս սկզբունքներով են առաջնորդվում նոր տիպի բազմակողմ միավորումները՝ ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը։
Մեկ այլ բան ևս կարելի է հստակ ասել՝ «կոլեկտիվ Արևմուտքի» անբաժան գերիշխանության դարաշրջանը, որը սովոր չէր հաշվի նստել մնացած աշխարհի հետ, ավարտվում է։ Այս պատմական գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ։
Ռուսաստանը, որպես «Համաշխարհային մեծամասնության» պատասխանատու մասնակից, որը ներառում է Մեծ Եվրասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները, հետևողականորեն հանդես է գալիս հավասար իրավունքների, արդար և փոխշահավետ համագործակցության օգտին՝ միջազգային իրավունքի համընդհանուր ընդունված նորմերի, ՄԱԿ-ի կենտրոնական դերի և պետությունների ինքնիշխան իրավունքի հիման վրա՝ ինքնուրույն որոշելու իրենց զարգացման ուղիները։ Մեր երկիրը ձգտում է ունենալ բարեկամական արտաքին միջավայր և կառուցել կառուցողական համագործակցություն օտարերկրյա գործընկերների հետ բոլոր ձևաչափերում և աշխարհագրական ուղղություններով՝ փոխադարձ հետաքրքրության առկայության դեպքում։
Մենք առաջ ենք քաշել Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման նախաձեռնությունը և դրա հիման վրա՝ հավասար և անբաժանելի անվտանգության համաեվրասիական ճարտարապետության ստեղծումը։ Այս հայեցակարգի զարգացման շրջանակում բելառուս գործընկերների հետ առաջ ենք մղում նաև XXI դարի բազմազանության և բազմաբևեռության եվրասիական խարտիայի մշակումը։
Հարավային Կովկասի տարածաշրջանը նույնպես զգում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության ազդեցությունը։ Այս ոչ հեշտ պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ։ Առկա մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից էլ երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն է պահանջում՝ պահպանելու և բազմապատկելու երկկողմ համագործակցության կուտակված ներուժը։ Հույս ունեմ, որ այս ուղղությամբ շարժմանը լրացուցիչ խթան է հաղորդել վերջերս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի այցը Մոսկվա։
Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։ Վստահ եմ, որ դրան արդյունավետորեն նպաստում է երկրի լիարժեք մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին։ Որպես օրինակ՝ ԵԱՏՄ-ում անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ։
Անցած տարվա արդյունքները հաստատեցին, որ արտաքին ցնցումների պայմաններում էլ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, ինչպես նաև երկրի էներգետիկ և պարենային անվտանգության ժամանակի փորձությունը հաղթահարած երաշխավորը։ Ավանդաբար ակտիվ են եղել մշակութային-հումանիտար և միջանձնային կապերը։ Հատկանշական է, որ Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում ռուսաստանցիներն առաջատար են։
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը մեզ է փոխանցվել նախնիների սերունդներից, կոփվել է դարերի ընթացքում՝ փառավոր ընդհանուր հաղթանակներով և համատեղ ստեղծագործ աշխատանքով, ամրապնդվել է սերտ միջանձնային կապերով։ Եկեք պահպանենք այս ժառանգությունը և փոխանցենք այն ապագա սերունդներին։
Սիրելի՛ բարեկամներ,
Եզրափակելով՝ թույլ տվեք սրտանց մաղթել ձեզ քաջառողջություն, խաղաղություն և բարեկեցություն»։


















































