Սպիտակ տունն արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրառումը ջնջելուն:
Ի պատասխան Սպիտակ տան մամուլի խմբի կազմում ճամփորդող Bloomberg News-ի լրագրող Քեյթ Սալիվանի հարցի՝ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրառումը ջնջելու մասին, ԱՄՆ փոխնախագահի խոսնակը նշել է, թե X-ում Վենսի սկզբնական գրառումը «սխալմամբ հրապարակվել է պատվիրակության անդամ չհանդիսացող աշխատակիցների կողմից», հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։
Փոխնախագահի խոսնակը հավելել է. «Դա աշխատակազմի կողմից կառավարվող հաշիվ է, որը հիմնականում գոյություն ունի փոխնախագահի գործունեության լուսանկարներով և տեսանյութերով կիսվելու համար: Խնդրի էության մասին փոխնախագահի տեսակետները կարելի է գտնել այն մեկնաբանություններում, որոնք նա արել է օդանավակայանում՝ պատասխանելով հարցերին»։
Կարդացեք նաև
Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ էլ ի պատասխան ջնջված թվիթի մասին AFP-ի թղթակից Դեննի Քեմփի հարցի՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեվիթը նշել է, որ «քաղաքականության փոփոխություն այս պահին չկա»՝ հղում անելով 2025 թվականի ապրիլի 24-ի հայտարարությանը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի ճնշման տակ, հրաժարվեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումից:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն այդ հայտարարությունն անվանել է «Ադրբեջանի և Թուրքիայի կողմից քրիստոնյա հայերի դեմ շարունակական ցեղասպանական ագրեսիան կանխելու պատասխանատվության ամոթալի չեղարկում»:


















































