Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ Գայանե Շագոյանի ֆեյսբուքյան գրառումը
Ամերիկյան NAASR (National Association for Armenian Studies and Research) կազմակերպությունը խիստ մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության կապակցությամբ։
Կազմակերպության հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման հաստատությունների վստահելիությունը հիմնված է ակադեմիական անկախության վրա, և եթե գիտական հաստատությունները ստիպված լինեն իրենց աշխատանքը ենթարկել քաղաքական նպատակահարմարությանը, դրանք կկորցնեն իրենց հեղինակությունը։
Գզոյանի «մեղքը», ըստ վարչապետի, այն էր, որ նա ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին նվիրել էր գրքեր, որոնցից մեկը ներկայացնում էր պատմական փաստաթղթեր՝ Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականացված բռնությունների մասին։ Սակայն NAASR-ը նշում է, որ դրանք պարզապես պատմական աղբյուրներ են, և եթե դրանք հակասում են քաղաքականությանը, ապա խնդիրը քաղաքականության մեջ է, ոչ թե պատմական փաստերի։
Կարդացեք նաև
Կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին վերականգնել Էդիտա Գզոյանին պաշտոնում և ապահովել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կարողանա իր գիտական առաքելությունը կատարել առանց քաղաքական միջամտության։
Պատմական փաստերը չպետք է ճնշվեն քաղաքական հաշվարկների պատճառով։
Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR/National Association for Armenian Studies & Research) հայտարարությունը, 16 մարտի, 2026 թ.
Ցանկանում ենք մեր խորը մտահոգությունն արտահայտել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտոր Էդիտա Գզոյանի անհիմն պաշտոնանկության կապակցությամբ, որը կատարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով։
Որպես կազմակերպություն՝ NAASR-ը դոկտոր Գզոյանի հետ ունեցել է արդյունավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցություն, ինչպես ունեցել է նրա նախորդների հետ, ինչպես հույս ունի ունենալ ապագա տնօրենների հետ, և ինչպես ունի Հայաստանի այլ առաջատար հաստատությունների հետ, որոնց հետ ձևավորել է ամուր հարաբերություններ։ Սակայն նման ակադեմիական համագործակցությունները հիմնված են վստահության վրա, որը ձևավորվում է ակադեմիական անկախության և բարեվարքության փոխադարձ ըմբռնման միջոցով։
ՀՑԹԻ-ի նման կարևոր հաստատությունը, որի առանցքային առաքելությունն է փաստագրել, հիշատակել և հանրությանը տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին՝ հատկապես անընդհատ ժխտողականության պայմաններում, պետք է հնարավորություն ունենա իրականացնել իր գործունեությունը առանց քաղաքական նպատակահարմարության պատճառով զիջումների գնալու պարտադրանքի, այլապես այն կկորցնի իր վստահելիությունը։
Վարչապետի խոսքով՝ ինքը պահանջել է դոկտոր Գզոյանի հրաժարականը, քանի որ նա «սադրիչ» քայլ է կատարել՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին «գիրք նվիրելով Արցախյան հարցի մասին» Վենսի Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ, ինչը, Փաշինյանի բացատրությամբ, Գզոյանին հակադրել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ «Հայաստանում ցանկացած պետական պաշտոնյա, ով անում է հայտարարություն, որը հակասում է կառավարության վարած արտաքին քաղաքականությանը, պետք է ազատվի իր պաշտոնից»,— հայտարարել է Փաշինյանը։
Ո՞րն էր Գզոյանի «մեղքը»։ Նա փոխնախագահ Վենսին պաշտոնական այցի ընթացքում նվիրել էր չորս գիրք՝
The Armenian Genocide: Prelude and Aftermath: As Reported in the U.S. Press. The New York Times, Volume 1 (1890–1914) և Volume II (1915–1922), կազմված և խմբագրված Վահան Օհանյանի և Արա Քեթիբյանի կողմից (2018),
Ravished Armenia: The Story of Aurora Mardiganian (2020),
Documenting the Crime: The Armenian Genocide in Words and Images (2024),
և Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905–1921): Reports from the U.S. Press, խմբագրված Արա Քեթիբյանի կողմից (2023)։
Այստեղ չկա որևէ գիրք, որը կարելի է համարել «Արցախի հարցի մասին» այն իմաստով, որով այդ արտահայտությունը սովորաբար օգտագործվում է։
Ուստի պետք է եզրակացնել, որ խնդրահարույց է համարվել վերջին գիրքը՝ Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905–1921), որը, ինչպես վերնագիրն է հուշում, ամերիկյան մամուլի հոդվածների ժողովածու է 20-րդ դարի սկզբից։ Հարկ է նշել, որ խմբագրի նախաբանում առկա են կոշտ, բայց ոչ անճիշտ ձևակերպումներ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ 2020–2023 թվականներին իրականացված ագրեսիայի վերաբերյալ։
Ինչպես պարզվեց, փոխնախագահ Վենսը իր այցից այնքան էր ազդվել, որ հրապարակել էր հայտարարություն՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին, որը հետագայում ջնջել է՝ իր հեղինակությանը վնաս հասցնելով, սակայն ոչ դոկտոր Գզոյանի մեղքով։
Դոկտոր Գզոյանը լայնորեն հարգված է իր գիտական գործունեության և ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնում ունեցած աշխատանքի համար։ Նա փոխնախագահ Վենսին ներկայացրել էր նյութեր, որոնք պարունակում են փաստական պատմական տեղեկատվություն։
Չնայած վարչապետ Փաշինյանի հակառակ պնդումներին՝ նրա գործողությունները կարելի է համարել արտաքին քաղաքականությանը հակասող միայն այն դեպքում, եթե այդ քաղաքականությունը հակասում է պատմական փաստերին։ Եթե այդպես է, ապա խնդիրը ոչ թե պատմական իրականության մեջ է, այլ այդ քաղաքականության և իրականության փոխհարաբերության մեջ։
Մենք վճռականորեն կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել ՀՑԹԻ-ի հեղինակությանը վնասող այս գործընթացը։
Վարչապետին կոչ ենք անում վերականգնել դոկտոր Գզոյանին իր պաշտոնում, վերականգնել առաջացած վստահության խախտումը և միջազգային հանրությանը վստահեցնել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կարող է իր գիտական առաքելությունը կատարել՝ ազատ արտաքին միջամտությունից։
Ոչ մի պարագայում քաղաքականության և փաստերի միջև ընկալվող անհամապատասխանությունը չպետք է հանգեցնի պատմական փաստերի ճնշման կամ դրանց պահպանման և պաշտպանման համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժիչ քայլերի։


















































