Առողջական խնդիրների պատճառով նախկինում երեք անգամ զինվորական ծառայությունից տարկետում ստանալուց հետո՝ 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչիկ Խ․ Ա․-ն, թերի բժշկական հետազոտությունների արդյունքում ճանաչվել էր պիտանի զինվորական ծառայության համար։
Մասնավորապես՝ զորակոչիկը չէր ենթարկվել իր իրական առողջական վիճակի բացահայտման համար կարևոր և անհրաժեշտ բժշկական հետազոտությունների, և փաստացի՝ զինվորական ծառայությանը վերջինիս պիտանիության մասին որոշումը կայացվել էր ոչ համալիր և ոչ ամբողջական բժշկական հետազոտությունների հիման վրա։ Խնդրի կապակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2025թ․ ամառային զորակոչի շրջանակներում դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ զինվորական կոմիսարին՝ ապահովելու զորակոչիկի պատշաճ բժշկական հետազոտությունների իրականացումը՝ ուղեգրելով վերջինիս լրացուցիչ բժշկական հետազոտությունների և կրկնակի ներկայացնել նրան Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին՝ կայացնելով նոր որոշում զինվորական ծառայությանը Խ․ Ա․-ի պիտանիության վերաբերյալ։
Մեկ այլ խնդիր է նաև այն, որ 2025թ․ ամառային զորակոչին զինվորական կոմիսարիատից զորակոչիկին հորդորել էին իր առողջական վիճակի գանգատների հիման վրա հետազոտություններ անցնել սեփական ֆինանսական միջոցներով և ներկայացնել դրանք բժշկական հանձնաժողովին։
Սույն համակարգային խնդրին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս անդրադարձել է իր զեկույցներում և տեղեկանքներում՝ անընդունելի համարելով զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների նման մոտեցումը։
Կարդացեք նաև
2025թ․ ամառային զորակոչի ավարտին և դրանից հետո զորակոչիկը սեփական միջոցներով անցել է բժշկական հետազոտություններ, իսկ հաջորդող՝ 2025թ․ ձմեռային զորակոչի շրջանակներում նաև ուղեգրվել է առողջական վիճակի հետազոտությունների զինկոմիսարիատի կողմից։ Արդյունքում՝ վերանայվել է զինվորական ծառայությանը Խ․ Ա-ի պիտանիության հարցը և վերջինս ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։
Ստացվում է, որ զորակոչիկ Խ․ Ա․-ն ԿԲՀ կողմից իր վերաբերյալ կայացված որոշմանը լռելյայն համաձայնելու դեպքում զորակոչվելու էր զինվորական ծառայության՝ ունենալով լուրջ առողջական խնդիրներ, որոնք կարող էին առավել վատթարանալ զինվորական ծառայության ընթացքում՝ հանգեցնելով լուրջ հետևանքների։
Այս և նմանատիպ այլ դեպքերը ևս մեկ անգամ վկայում են զորակոչային բժշկական հանձնաժողովների գործունեության համակարգային խնդիրների, մասնավորապես՝ թերի, ոչ համալիր և ոչ օբյեկտիվ բժշկական հետազոտությունների հիման վրա զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության վերաբերյալ որոշումների կայացման մասին։
Նման մոտեցումը զինծառայողների առողջության պաշտպանվածության իրավունքի տեսանկյունից վտանգավոր լինելուց զատ, լուրջ մարտահրավեր է պաշտպանական ոլորտում մարդու իրավունքի պաշտպանության տեսանկյունից, քանի որ նման կերպ զորակոչային բժշկական հանձնաժողովների կողմից փորձ է արվում առողջական վիճակի մակերեսային հետազոտություններով անտեսել զորակոչիկների՝ զինվորական ծառայությունից տարկետման կամ ազատման հիմքերը՝ այդպիսով «թվաքանակով» ապահովելով ՀՀ զինված ուժերը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ


















































