Թրամփի ընտրվելուց ի վեր՝ մինչ այսօր, միեւնույն հարցերի վերաբերյալ նա տարբեր ժամանակներում հիմնականում համարյա իրարամերժ մոտեցումներով է հանդես գալիս եւ նրա լսարանի համար դժվար է հասկանալ, թե ըստ նրա՝ դրանց վերաբերյալ որոնք են այդ հարցերի իրական պատասխաններն ու մոտեցումները: Դա հիմնականում վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների վերաբերյալ հարցերին, որոնք ժամանակի իրար հաջորդող միջակայքերում Թրամփի կողմից տարբեր կերպ են հնչում՝ իրար խիստ հակասող: Զելենսկու թիմի հետ Թրամփի հերթական հանդիպումից հետո նա ծագած հարցերի վերաբերյալ Պուտինին մշտապես առաջարկում է հերթական հանդիպումը կազմակերպել: Պուտինի առաջարկով նրանք պայմանավորվեցին այդ հանդիպումն անցկացնել Հունգարիայում, որի համար եկան համաձայնության: Շատ կարճ ժամանակ անց Թրամփը փոխեց իր միտքը եւ չեղյալ հայտարարեց այդ հանդիպումը, որին շատ բարձր մակարդակով պատրաստվում էր Հունգարիան, իսկ Հունգարիայի ԱԳ նախարարն այդ օրերին մեկնեց ԱՄՆ այդ հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու, սակայն այն եւս չեղարկվեց: Դա ոչ այլ ինչ, քան Թրամփի ձեռագիրն է: Փաստորեն, ռուս-ուկրաինական պատերազմը 24 ժամում դադարեցնելու Թրամփի հայտարարությունը ոչ մի արդյունք չի տալիս եւ անորոշ ձգձգվում է: Նման ընթացք են ունենում նաեւ Թրամփի մնացած հայտարարություններն ու գնալով նրա ռեյտինգը ամերիկացի ընտրողի մոտ սրընթաց գահավիժում է եւ ոչ մի լավ բան չի ուրվագծվում Թրամփի ապագայի նկատմամբ: Այս ամենի պատճառն այն է, որ եւ ԱՄն-ում, եւ ԵՄ-ում, եւ Մեծ Բրիտանիայում գործում են պաշտոնյաների այնպիսի խմբեր, որոնք ապակողմնորոշում են Թրամփին եւ նրան մղում ոչ ճշգրիտ լուծումների, որոնք վնասում են նրա անձնական վարկանիշին ու ԱՄՆ-ի ընդհանուր իրավիճակին: Փաստացի, Թրամփի փոփոխական կեցվածքը լիովին փչացնում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները եւ այն տանում ռուս-ուկրաինական հարաբերությունների էլ ավելի առճակատման: Փաստորեն, Թրամփի հիմնական սխալը գալիս է նրանից, որ նա իրավիճակը ճիշտ չի գնահատում, այսօր էլ իրեն համարում է 50-100 տարի առաջվա ամենակարող առաջնորդը, երբ համարյա բոլոր երկրների ղեկավարներն անմնացորդ ենթարկվում էին նրան եւ անում էին այն, ինչն իրեն էր հարմար: Այդ իսկ պատճառով, Թրամփը չգիտակցելով աշխարհում ստեղծված իրավիճակը, այն խառնում է իրար եւ դարձնում շիլաշփոթ …
Ահա այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում գնաց Ալիեւի հետ իրար միջեւ պայմանավորված «խաղաղության» համաձայնագրի նախաստորագրմանը, որի ժամանակ Թրամփն ստանձնեց զուտ միջնորդի դեր՝ առանց պատասխանատվության, իսկ Հայաստանի իշխանությունները փաստացի երկիրը տանելով ոչ շահեկան արդյունքի: Այս նախաստորագրման արդյունքում, Թրամփի օգուտը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ի որեւէ պահնորդ կազմակերպությունն է 99 տարով վարձակալելում Զանգեզուրի միջանցքն ու Մեղրին, որից էլ նրա՝ շահույթի 76 տոկոս ակնկալվող օգուտները: Սակայն, ինչպես իմ նախկին մի շարք հոդվածներում բարձրաձայնել եմ, շատ հավանական է, որ ամերիկյան պահնորդական կազմակերպությունը հիմնականում բաղկացած լինի ԱՄՆ-ում բնակվող թուրքերից եւ ադրբեջանցիներից, որոնք ըստ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի՝ իրականացնեն զուտ թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողությունը, իսկ ո՞ւր կմնա Հայաստանի շահերը: Արդյունքում, կոնին է դրվում Հայաստանի տարածքը՝ Սյունիքի միջանցքը, իսկ դրա վերահսկողությունը հանձնվում է թուրք-ադրբեջանական-տանդեմին …
Բացի այն, որ Հայաստանի իշխանությունները մի կողմից հիմնականում կատարում են Ալիեւի հրահանգները, մյուս կողմից էլ հավատալով Թրամփի անկեղծությանն ու հզորությանը, նրանք որոշեցին, որ Փաշինյանը նախաստորագրի «խաղաղության համաձայնագիրը» Ալիեւի հետ՝ Թրամփի միջնորդությամբ, որը նաեւ այդ հարցում կայուն քաղաքականություն չի վարում, արդյունքում ստացվում է, որ Թրամփը տեր չի կանգնելու այդ համաձայնագրի իրական կյանքի կոչմանը ու Հայաստանը կկանգնի մեծ կորուստների առջեւ: Ու այս ամենը կունենա այսպիսի ընթացք, քանի որ Հայաստանը մի կարեւոր բան հաշվի չառավ. Թրամփն իր պահվածքով լրիվ փոփոխական է եւ նրա վրա հույս դնել չարժե:
Փաստացի, որքան էլ, որ Հայաստանի իշխանությունների առաջարկությունների ներկայացման ընթացքում նրանք մշտապես նշում էին, որ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, օգոստոսի 8-ի նախաստորագրման ընթացքում հանձնեցին այդ միջանցքը:
Կարդացեք նաև
Եթե խորանանք այդ փաստաթղթի ծալքերի մեջ, ապա պարզորոշ կտեսնենք, որ ապագայում այդ գործարքից հիմնականում կշահեն ԱՄՆ-ը, Ադրբեջանը, մի շարք այլ երկրներ եւ ինչ-որ պահից ԱՄՆ-ը ձեռք կքաշի ու Հայաստանը կմնա ծանր՝ ոչ շահեկան վիճակում:
Իսկ ամենակարեւորը, թող Հայաստանի ժողովուրդն ու ընդդիմությունը հստակ իմանան, թե ինչ է սպասվում Հայաստանին ու հայ ժողովրդին եւ փորձի իր հակաքայլերը հստակ ձեւակերպել, որպեսզի կարողանա դրանք իրականություն դարձնել:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի
Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2026


















































