Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի «Վրաստան» հայախոս թերթը 105 տարեկան է

Փետրվար 13,2026 12:00

Թերթ հրատարակելը նման է տառապանքի ուղի անցնելուն, որն այժմ անցնում է մեր գրչեղբայր Վան Բայբուրթյանը

Վրաստանում դեռեւս խորհրդային կարգերի հաստատման օրերից առաջ է ստեղծվել եւ Թբիլիսիում լույս տեսել հայախոս այս թերթը։ Ժամանակի ընթացքում թերթի վերնագրերը փոխվել են, հրատարակման հաճախականությունն ու ծավալները փոխվել են, իշխանություններ եւ իշխանավորներ են եկել ու գնացել, փոխվել են թերթի գլխավոր խմբագիրները, աշխատակազմ է փոխվել, սակայն, բովանդակության առումով, թերթը մնացել է նույնը։ Թերթի խնդիրն է եղել՝ արտացոլել երկրում տեղի ունեցող քաղաքական, հասարակական, տնտեսական, գիտական ու մշակութային կարեւոր անցուդարձերը՝ մասնավորապես անդրադառնալով հայաբնակ շրջաններին։ Ճշմարտության առաջ մեղանչած չենք լինի, եթե ասենք, որ հայաբարբառ այս թերթի խմբագրատունը գրի ու գրչի մարդկանց համար եղել է յուրովի Վերնատուն, մշակութային օջախ, ուր այցելել եւ հոգեւոր հենարան են գտել, ինչպես հայ, այնպես էլ վրացի մտավորականները։ Հիրավի թերթը, թերթի խմբագրությունը, միավորել է գրի ու գրչի մարդկանց՝ նպաստելով նրանց հոգեւոր աճին։

Վրաստանի հայ խոսնակը, որ գրավոր տեսքով է, շարունակ էջեր է տրամադրել, ասենք, Թբիլիսիում տեղի ունեցող սայաթնովյան ավանդական Վարդատոնին , արտացոլել է տերյանական օրը Գանձայում, Ջիվանու օրերը Կարծախում, եւ նույն կարգի միջոցառումները՝ կապված Ղազարոս Աղայանի, աշուղ Հավասու, բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի ու այլոց հետ։ Թերթն այսօր էլ, այս դժվար ժամանակներում էլ, շարունակում է մնալ հայ¬վրացական բարիդրացիական հարաբերությունների կենդանի եւ խոսուն վկան։ Եվ եթե առաջներում, ժամանակին, թերթի գլխավոր խմբագիր լինելն արտոնություն էր եւ նշան որոշակի իշխանություն ունենալու, ապա այսօր, ինտերնետ կոչվածի դարում, թերթ հրատարակելը նման է տառապանքի ուղի անցնելուն։

Հուրախություն մեզ, այդ ուղին, տառապանքի ուղին, այժմ (վերջին տարիներին) անցնում է հայորդի, մեր գրչեղբայր ու գործընկեր Վան Բայբուրթյանը, նույն ինքը՝ Վան Բայբուրթը, անցնում է սիրով, անտրտունջ, անցնում զոհաբերությամբ, հավատով ու հավատարմությամբ։ Այս խնդրում նրան օգնում են քաղաքական իր ճիշտ դիրքորոշումը, տարիների ընթացքում ձեռք բերած իր հեղինակությունը, եւ, իհարկե, բնավորության համառությունը։ Նա ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել է Վրաստանի մամուլի առաջատար օրգաններում, եղել է «Սովետսկի սպորտ», «Կոմսոմոլսկայա պրավդա», Մոսկվայի մամուլի նորությունների գործակալության սեփական թղթակիցը Հայաստանում եւ Վրաստանում։ Վրաստանի խորհրդարանի երկու գումարումների պատգամավոր է ընտրվել, Վրաստանի 3-րդ նախագահի խորհրդական, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի է։ Ինչ խոսք, նրան առաջին հերթին սատարում, քաջալերում են Վրաստանի իշխանությունները։

Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728