Հաճախ է պատահում, երբ ապրանք եք գնում որեւէ խանութից, ապա տանում վերադարձնում։ Կան, որ վերցնում են, կան՝ որ չեն վերցնում։ Իսկ մտքներովդ կանցներ, որ նման մի գործ հայտնվեց ՀՀ սահմանադրական դատարանում։ Ճիշտն ասած, իմ մտքով էլ չէր անցնի…
Սահմանադրական դատարանն օրեր առաջ աշխատակարգային որոշմամբ անդրադարձավ Մհեր Հակոբյանի դիմումին։ Որոշումը հաստատ չի ընկալվի, եթե չանդրադառնանք դրա նախապատմությանը, որը սկսվել եւ ավարտվել է դատական երեք ատյաններում։ Հայցվորըւ դիմել էր Երեւանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Ֆուլ Հաուս Մարկետ» ՍՊ ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Գ. Խաչատրյան) 2022 թ. ապրիլի 12-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ: Դատարանը 2023 թ. նոյեմբերի 9-ի դատական նիստում որոշել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը եւ բաշխել է այն կողմերի միջեւ, ներգրավվել են անգամ վկաներ։
Մհեր Հակոբյանը 2021 թ. հոկտեմբերի 30-ին Երեւանի Վերին Անտառային փողոցի 144/3 շենքում գտնվող խանութից ձեռք է բերել էքստրակտորի հավաքածու (5H Twtal Tace 0056) 2.750 ՀՀ դրամ արժողությամբ, Էլեկտրական պտուտակահանիչ (12V RONI X 8012C) 26.650 ՀՀ դրամ արժողությամբ, որոնք նույն օրը մի քանի ժամ անց, փաթեթավորված, սպառողական հատկանիշներն ամբողջությամբ պահպանված վիճակում, կտրոնի հետ միասին վերադարձրել է խանութ, քանի որ այդ ապրանքները չէին կարող օգտագործվել հայցվորի կողմից ըստ իրենց նշանակության: Պատասխանողը հրաժարվել է վերադարձնել գումարը:
Հայցվորը նամակով պահանջել է վերադարձնել գումարը, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
Կարդացեք նաև
Նա դիմելով դատարան, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 517-րդ հոդվածը՝ պահանջել է ընկերությունից բռնագանձել 30.385 ՀՀ դրամ գումար:
Առաջին ատյանի դատարանն արձանագրել էր, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որեւէ թույլատրելի ապացույց ընկերությանը պատկանող խանութից 2021 թ. հոկտեմբերի 30-ին ընդհանուր 29.400 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ գնելու մասին: Դիմումատուն ասել է, որ ունի ՀԴՄ կտրոն։ Ըստ դատարանի՝ ՀԴՄ կտրոնի լուսապատճենն է եղել, դատարանն արձանագրել է, որ «հայցվորը չի ներկայացրել դրա բնօրինակ փաստաթուղթը, ուստիեւ պատճենի հիման վրա հաստատված չի համարում այդ փաստը»: Նկատենք, որ ապրանք գնած լինելու փաստի ապացուցման բեռն ընկած էր հայցվորի վրա: Այսինքն, հայցվորը պարտավոր էր ապացուցել, որ ընկերությանը պատկանող խանութից հինգ տարի առաջ գնել է ընդհանուր 29.400 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ, ինչը ողջ դատաքննության ընթացքում դատարանի տեղեկացմամբ՝ չի ապացուցվել:
Պատասխանողը դատաքննության ժամանակ չի ընդունել, որ իրեն պատկանող խանութից հայցվորը ապրանք է գնել: Կանչել են վկա, նա էլ պնդել է պատասխանող ընկերությկան ասածը… Դատարանի գնահատմամբ, Այսինքն` նշված փաստը մնացել է վիճելի, որի բացասական հետեւանքները, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի, պետք է կրի այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը` հայցվորը:
Վերաքննիչ, վճռաբեկ դատարանները մերժել են անգամ բողոքը վերցնել։
Այս գործով վերաքնննիչ քաղաքացիական դատարանը վկայակոչել է անգամ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` անդամ պետություններին ուղղված թիվ R (95) 5 հանձնարարականի երրորդ գլխի (a) կետին, համաձայն որի՝ «երկրորդ ատյանի դատարանի կողմից միայն պատշաճ հարցերի քննումն ապահովելու նպատակով նախատեսվել է, որ պետությունները պետք է դիտարկեն որոշ միջոցառումներ, այդ թվում` մի շարք գործերով, մասնավորապես, ոչ մեծ գումարի հայցապահանջներով վերաքննության բացառման հնարավորությունը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով: Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:
Մհեր Հակոբյանը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում խնդրել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» դրույթը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին եւ 3-րդ հոդվածներին, 6 հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ հոդվածի 1-ին մասին, 75 եւ 78-79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր»։
Դիմողի գնահատմամբ՝ ոչ մեծ հայցապահանջների գործերով դատական ակտերի վերանայման նման տարբերակված կարգավորումը, վիճարկվող դրույթում կատարված հիշատակված փոփոխությունների իրավական հետեւանքները չեն կարող տարածվել մինչ դրանց օրինական ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա։ Սահմանադրական դատարանը ՍԴԱՈ-8 որոշմամբ գործը կարճել է։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2026


















































