«Դուք տեղյակ եք, որ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված պրոբլեմներ կային, խնդիրներ կային եւ այլն, եւ էմոցիոնալ առումով մեզ համար շատ դժվար էր ռեակցիա չտալ, հայտարարություններ չանել, տարբեր միջազգային ատյաններ չդիմել եւ այլն, բայց եթե մենք գնայինք այդ ճանապարհով, էլի երաշխավորում եմ, որ Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա»,- ասել է վարչապետը:
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առանձնացնում հատկապես Վագիֆ Խաչատրյանին, ո՞րն է Խաչատրյանի գործի առանձնահատկությունը։ Այս հարցն ուղղեցինք ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին: Նա ասաց. «Վագիֆ Խաչատրյանի պարագայում մենք ունեցանք արտակարգ միջադեպ, որը նաեւ հայտնվեց միջազգային ուշադրության կենտրոնում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անձեռնմխելիությամբ եւ այլ իրավունքների խախտմամբ, մարդասիրական գործողությունների արդյունքում անձն իջեցվեց մեքենայից, ըստ էության՝ ձերբակալման ակտը տեղի ունեցավ Կարմիր խաչի ավտոմեքենայում, այն պարագայում, երբ մենք ոչ թե գործ ունեինք ենթադրյալ հանցագործի հանձնման նպատակով միջազգային համագործակցության հետ, որի կողմ կարող էին լինել պետությունները, այլ պարզապես ծուղակի մեջ հայտնվեց միջազգային մի կազմակերպություն, որի մանդատն ու առաքելությունը, ըստ էության, անտեսվեցին: Նման օպերացիայի շրջանակներում անձը կանգնեց դատարանի առաջ` անհեթեթ մեղադրանքներով` Խոջալուի ցեղասպանության հետ կապված, սակայն նշեմ, որ այդ մասով մենք ունենք ՄԻԵԴ վճիռ, եւ ադրբեջանցի պատմաբաններից մեկն անգամ կասկածի տակ է դրել ցեղասպանության վարկածը եւ պատմական փաստերը վիճարկելու համար ենթարկվել է պատասխանատվության: ՄԻԵԴ-ը պաշտպանել է խոսքի ազատությունը եւ այդ պատմական փաստերը կասկածի տակ դնող պատմաբանների խոսքի ազատությունը կարեւորել է: Սա՝ ուղղակի որպես հարակից տեղեկություն: Թեպետ անգամ ՄԻԵԴ-ի այս գնահատականը մենք տեսանք, որ շինծու դատավարության ընթացքում ներկայացվեցին կեղծ մեղադրանքներ, եւ ադրբեջանական դատարանները հաստատեցին, թե իբրեւ ցեղասպանություն է տեղի ունեցել՝ Վագիֆ Խաչատրյանին դատապարտելով երկարաժամկետ անազատության: Չնայած դատապարտման դատական ակտին եւ այն հանգամանքին, որ Վագիֆ Խաչատրյանը պատիժը չէր կրել Ադրբեջանում, հնարավոր եղավ վերջինիս հայրենադարձել: Այստեղ գործ ունենք անձի առողջական վիճակի հետ, կարծում եմ, որ թե՛ նրա տարիքը, թե՛ առողջական վիճակը, ինչու չէ` քաղաքացիական անձ լինելը առիթ դարձան, որպեսզի նրան եւ այլ երեք անձանց հայրենադարձեն: Ես բազմաթիվ օրինակներ եմ նշել, որ դատավարության գործընթացներն իրավական չեն, հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ: Դա անպատժելիություն է եւ հակասում է օրենքին: Ասեմ նաեւ, որ մարդու իրավունքների ստանդարտներն արգելում են լուրջ խախտումների պարագայում համաներումներ կիրառել, քանի որ այն կարող է համարվել վտանգավոր հանցագործությունների հովանավորում եւ այլն: Խոշտանգում կատարած անձանց, օրինակ, չի թույլատրվում համաներել»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ Հրապարակ օրաթերթի այսօրվա համարում:


















































