Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ժամանած բեռնատարի նվագարկիչում «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

Փետրվար 13,2026 12:16

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, առաջնորդվելով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությամբ, հետևողական պայքար է իրականացնում ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման, շրջանառության և մաքսանենգության դեպքերի բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ:

Օրերս Ագարակ սահմանային անցակետում ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության, մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, համատեղ իրացնելով ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունից ստացված օպերատիվ տվյալները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում բեռնատարի նվագարկիչի միջից հայտնաբերվել է 316,4 գրամ սև պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

ՀՀ քաղաքացի Վ․Թ․-ն, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է: Վարույթի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 316,4 գրամ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը: Թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի: Ձերբակալման ընթացքում վերջիններս փորձել են դիմել փախուստի, ինչը կանխվել է։

 

Ձերբակալվածներ Ա․Ք․-ն և Ս․Ք․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են: Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա խուզարկություններ են իրականացվել ձերբակալված անձանց բնակության վայրերում։

Քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728