«Սա հակադաշնակցական արշավ չէ, ինքնության դեմ արշավ է, որի մասն է նաեւ դաշնակցության դեմ արշավը: Հակաարցախյան արշավ տեսել էինք, հակաեկեղեցական արշավ տեսել էինք, հակադաշնակցական արշավ ո՞նց կարող է չտեսնեինք:
35 տարվա մեջ առաջին անգամ մենք Հայաստանում պատրաստվում ենք ընտրությունների, ու եթե դուք նայեք ուժերի մեծ մասի դեպքում՝ անունից սկսած տեսնում ենք Արարատի սիմվոլ, հայկականության սիմվոլներ: Դա ուղղակի եւ անուղղակի պատասխանն է ինքնության դեմ արշավին: Ցավոք, հայտնվել ենք այն վիճակում, որ Հայաստանում խոսում ենք հայկական ինքնության անհրաժեշտության մասին: Սա է այս ընտրությունների առանձնահատկությունը»,-«Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Պատգամավորի ձեւակերպմամբ՝ քաղաքական ուժերի միասնությունը մեկ լինելը չէ, նույնական լինելը չէ, այլ անկյունաքարային հարցերում համաձայն լինելն է, ինչը լռելյայն առկա է. «Հայաստանում ջրբաժան է անցկացվել՝ ջրբաժանի մի կողմում ինքնության դեմ պայքարողներն են, մյուս կողմում՝ անկախ տարբերություններից, ինքնությունը պաշտպանողներն ու կրողները: Մեր ինքնությունը պաշտպանելով՝ մենք ինքներս մեզ ենք պաշտպանում: Ինչի ականատես ենք եղել վերջին տարիներին, վերջին երկու օրը դրա խտացված տարբերակը ինքնության դեմ արշավի դրսեւորւմներից մեկն էր»:
Քրիստինե Վարդանյանը վստահ է, որ ընտրություններին ընդառաջ գործող իշխանություններն է՛լ ավելի կսաստկացնեն ինքնության դեմ արշավը, գուցե նաեւ գործիքակազմը փոխեն, բայց դրանից բնույթը չի փոխվելու. «Իրենց տված քվեն մեկնաբանվելու է որպես ինդուլգենցիա՝ կաթողիկոսի դեմ հարձակվելու համար… Երբ Վաղարշապատում ընտրվեց իրենց թեկնածուն, իրենք ասացին, որ սա կանաչ լույս է ՝ հակաեկեղեցական արշավը շարունակելու համար: Հունիսի 7-ի ընտրությունը իշխանությունը վերածելու է իր համար կանաչ լույսի՝ ոչ միայն հակաեկեղեցական եւ ինքնության դեմ արշավը շարունակելու, այլեւ Ադրբեջանի հետագա պահանջները կատարելու համար»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Քննարկումն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































