Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել եմ քվեարկության եւ հետ եմ գնալու աշխատանքի»․ նախարարներն աշխատանքի ժամին ՔՊ գրասենյակում կուսակցական գործունեություն են ծավալում

Փետրվար 13,2026 15:31

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր մեկնարկել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությունը։ Քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու։ Առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա նաեւ երկրորդ փուլ։ Առաջին փուլի քվեարկությունը կտեւի երեք օր, երկրորդ փուլի քվեարկությունը՝ երկու օր։

Աշխատանքային ժամին ՔՊ գրասենյակում են նաեւ կառավարության անդամները։ Լրագրողները հարց ուղղեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, թե ինչո՞ւ է աշխատանքային ժամերին կուսակցական գործերով զբաղվում։ «Ժամը 1-ն է, ճիշտն ասած, եկել եմ քվեարկության եւ հետ եմ գնալու աշխատանքի։ Մեր աշխատանքայի գրաֆիկը, գիտեք, շատ չնորմավորված է՝ առավոտյան 7-ից երբեմն գիշերը մինչեւ 11-ը։ Եվ սա էլ կարեւոր ժողովրդավարական գործնթաց է, որը մենք անում ենք եւ մեր քաղաքացիներին ու մյուս կուսակցություններին ցույց ենք տալիս, թե ինչպես է պետք ձեւավորել ցուցակները»,- պատասխանեց Արսեն Թորոսյանը։

Հարցին, թե արդյոք սա ձեւակա՞ն ընտրություն չէ, Թորոսյանը պատասխանեց․ «Եթե ձեւական լիներ, սա նաեւ չէր լինի ընդհանրապես։ Եվ մենք կուսակցության համաժողովին պարզապես վարչության կողմից որոշված առաջին 30 համարների հարցը կդնեինք քվեարկության, վստահաբար բոլորը կողմ կքվեարկեին, ինչպես շատ կուսակցություններում, եւ այդպես կգնայինք առաջ, օրենքի պահանջն էլ կատարած կլինեինք։ Բայց մենք այդպես չենք արել, ավելին, մենք անում ենք երկփուլ քվեարկություն»։

«Ըստ էության, հիմա մենք կարելի է ասել ունենք նախաորակավորման փուլ, եւ ձեւավորվել է կուսակցության ցուցակի մի քանի հատված՝ առաջին 50-ը, երկրորդ 50-ը եւ 100-ից ավելի հատվածը։ Առաջին 50-ը շարունակելու են քարոզչություն անել կուսակցության շրջանակներում, նորից է քվեարկվելու՝ արդեն վերջնական ռեյտինգավորմամբ։ Եվ համաժողովի պատվիրակներն ինչպես որոշեն, այնպես էլ ձեւավորվելու է այդ ցուցակը՝ առաջին 50 համարները։ Երկրորդ 50 համարները կուսակցության վարչության կողմից որոշվելու է՝ այդ թվերի մեջ ընդգրված անձանց դասավորելով։ Կարող են լինել որոշակի տեղաշարժեր, բայց նաեւ հաշվի է առնվելու իրենց ստացած ձայնը։ Իսկ 100-ից վերեւ գտնվող մեր թեկնածուների դասավորությունն անելու է վարչությունը եւ ներկայացնելու է ԿԸՀ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728