Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, «Զայեդ» մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, մրցանակը Ադրբեջանի նախագահի հետ կիսել ենք, 500 հազար դոլարի մասին կլինի խոսքը»

Փետրվար 13,2026 19:45

ՔՊ գրասենյակում հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ «Զայեդ» մրցանակը, որն ստացել են ինքն ու Ալիևը, ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ։ Հարցին, թե ինչի՞ վրա է ծախելու այդ գումարը, Փաշինյանը պատասխանեց․ «Քանի որ գիտեք՝ Ադրբեջանի նախագահի հետ կիսել ենք, ենթադրվում է, որ 500 հազար դոլարի մասին կլինի խոսքը։ Գումարը դեռ չի փոխանցվել, բայց վստահ եմ, որ կփոխանցվի։ Եվ ես մտածում եմ բնականաբար այդ գումարն ինչ հանրային կարիքի և ինչ նպատակի է պետք ուղղել։ Մտածում եմ, երբ կլինի կոնկրետ որոշում, երևի առիթ կլինի, կհայտնենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ այսօր ՔՊ կուսակցության գրասենյակում տեղի է ունենում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկության առաջին փուլը։

Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ համաձյան կուսակցության կանոնադրության՝ ձևավորված է հաշվիչ հանձնաժողով, որի նախագահն է Հակոբ Արշակյանը։ «Առաջին փուլի արդյունքների ամփումից հետո տեղի կունենա երկրորդ փուլը, որին մասնակցելու հնարավորություն կունենան առաջին փուլի արդյունքներով առաջին 50 հորիզոնականը զբաղեցրած թեկնածուները։ Եվ երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով նաև տեղի կունենա վարչապետի թեկնածուի ընտրություն։ Իսկ ապրիլի սկզբին տեղի կունենա համաժողովի լիագումար նիստը, որտեղ արդեն բաց քվեարկությամբ կհաստատվի կուսակցության ամբողջական համամասնական ցուցակը։ Եվ համաժողովում կընդունվի կուսակցության նախընտրական ծրագիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ՔՊ կուսակցության հենց առաջին կանոնադրության մեջ սահմանվել է, որ հերթական խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը ձևավորվում է համաժողովի կողմից։ «Մենք առաջին անգամ՝ որպես քաղաքական ուժ, խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք 2017 թվականին։ Եվ մեր համամասնական ցուցակը ձևավորվել է նույն կերպ՝ փակ գաղտնի վարկանիշային քվերակությամբ։ Դրանից հետո տեղի են ունեցել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, որը եղել է արտահերթ։ Մեր կանոնադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակը ձևավորում է վարչությունը, ինչո՞ւ, որովհետև արտահերթի ժամանակ պրոցեսներն ավելի արագ են տեղի ունենում, և ժամանակի խնդիր կա։ Հաջորդ ընտրությունը եղել է 2021 թվականին, որն էլի եղել է արտահերթ։ Եվ էլի համամասնական ցուցակը ձևավորել է վարչությունը։ 2026 թվականին տեղի են ունենալու հերթական ընտրություններ, և ինչպես 2017 թվականին, այս դեպքում էլ մենք իրականացնում ենք փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում»,- մանրամասնեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728