Պատգամավորական ցուցակում ընդգրկվելով՝ ՔՊ-ականներից շատերը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով, ցանկանում են թիմին աջակցություն ցույց տալ։
Այսօր, կուսակցության գրասենյակից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում, Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ շատերը, ովքեր ընդգրկվում են ՔՊ նախընտրական ցուցակում, պատգամավոր դառնալ չեն ուզում․ «Կարծում եմ, ցուցակում շատերը չեն հավակնի պատգամավորական մանդատի, սակայն այդ փաստը ցույց է տալիս թիմի միասնականությունը եւ ընտրություններում հաղթելու վճռականությունը»։
Լրագրողների հարցերին՝ 2021-ին ՔՊ-ի թիմը միասնական չէ՞ր եւ հիշեցմանը, որ այդ ժամանակ Ավինյանը չընդգրկվեց ՔՊ-ի նախընտրական ցուցակում, նա պատասխանեց, որ այդ մասով ինքը տվել է բոլոր անհրաժեշտ բացատրությունները․ «Ես անկեղծորեն ուրախ եմ, որ մենք բոլորս որոշակի եզրակացություններ արեցինք այդ ամենից։ Բոլոր վտանգավոր գործընթացները, որոնք կարող էին տեղի ունենալ, բայց տեղի չունեցան, հավասարակշռվեցին»։
Լրագրողը հիշեցրեց՝ իր հիմնական մտահոգությունը բիզնեսի եւ քաղաքականության տարրանջատմանն էին վերաբերվում եւ հարցին՝ 2026-ի ցուցակում բիզնեսը տարրանջատվե՞լ է քաղաքականությունից, ի՞նչ վտանգների մասին է ինքը խոսում, Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ դա վերաբերում է այն սպառնալիքներին, որոնց բախվում են շատ երկրներ, երբ շատ խոշոր կապիտալը հսկայական իշխանություն է ձեռք բերում։
Կարդացեք նաև
Հստակեցնող հարցին՝ 2021-ին իր եւ Խաչատուր Սուքիասյանի հարաբերություններն էին բարդ փուլում եւ խոսակցություններ կային, որ Տիգրան Ավինյանը դեմ է եղել ՔՊ ցուցակում Խաչատուր Սուքիասյանի ընդգրկվելուն, Տիգրան Ավինյանը արձագանքեց՝ ասելով, որ երբեք որեւէ մեկի հետ անձնական մակարդակով խնդիրներ չի ունեցել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































