Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև մյուս տարի ԵՄ դիտորդական առաքելության մանդատի հետ կապված ոչինչ չի փոխվի. «Ազատություն»

Փետրվար 13,2026 22:55

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը երկարացնելու շուրջ քննարկումներ այս պահին չկան. արդեն երեք տարի հայ – ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով դիտարկումներ անցկացնող անզեն առաքելության գործող մանդատը լրանում է 2027-ի փետրվարին: «Այնպես որ, մինչև մյուս տարի մանդատի հետ կապված ոչինչ չի փոխվի, դրանից հետո Հայաստանի կառավարությունը Եվրամիության հետ կքննարկի, թե ինչպես են պատկերացնում ապագան», – այսօր հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է իր աշխատանքը Հայաստանում:

Լրագրողների հետ զրույցում Ռիտերն ասաց՝ հայկական կողմը ցանկանում է, որ իրենց գործունեությունը շարունակվի մինչև հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը. – «Այս պահին քննարկում չկա, Կառավարությունը շատ բաց խնդրել է մեզ շարունակել մեր պարեկությունը սահմանին, այցելությունները սահմանային գյուղեր: Հենց դա ենք անելու, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել և հաստատվել երկու կողմից»:

Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում է 2023 թվականի փետրվարից՝ հենց Երևանի խնդրանքով: Խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ բանակցություններում Ադրբեջանի նախապայմաններից մեկն այն էր, որ դիտորդները չշարունակեն իրենց աշխատանքը՝ Եվրամիության ավելի քան 20 երկրներ ներկայացնող դիտորդներին ընդհուպ լրտեսության մեջ մեղադրելով: Թե Բաքուն ինչ հիմքով էր պահանջում, որ մեկ այլ երկրի տարածքում այսպիսի անզեն ծառայություն չանցկացվի, պարզ չէ: Երևանը դեռ այն ժամանակ արձագանքեց՝ դիտորդները կարող են ավարտել իրենց աշխատանքը սահմանազատված հատվածներում, սակայն անցած տարի, ի վերջո, համաձայնեց Ադրբեջանի առաջարկին, ու օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրում տեղ գտավ 7-րդ հոդվածի այս նախադասությունը. – «Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի»:

Դիտորդական առաքելությունն այսօր նշում էր իր աշխատանքի երրորդ տարին ու նաև հաջողություն մաղթում ղեկավար Մարկուս Ռիտերին՝ նա թոշակի է գնում:

Ամփոփելով այս ժամանակահատվածը՝ առաքելության ղեկավարը պատմեց, թե ինչ են արել անցնող տարիներին, ընդգծելով, որ այժմ սահմանը շատ ավելի հանգիստ է, քանի իրենց առաքելության մեկնարկին. – «Կարող եմ ասել, որ օգոստոս ամսից ի վեր ոչ մի միջադեպ չենք արձանագրել, և իրավիճակը շատ ավելի հանգիստ է եղել»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728