Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր լավ պատրաստված լինեն, նրանք էլ կհաղթեն եզրափակիչ մենամարտերում». Ռուդոլֆ Մկրտչյան

Փետրվար 13,2026 23:03

Մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների, կանանց և երիտասարդների առաջնությունները հասել են եզրափակիչ փուլ, որտեղ մենամարտելու են հանրապետության չեմպիոնի կոչման և հավաքականներում տեղ զբաղեցնելու համար։

Aravot.am-ը կիսաեզրափակիչ մենամարտերի ժամանակ զրուցեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդոլֆ Մկրտչյանի հետ։

-Մի քանի օր հետևում եք ռինգում ծավալվող իրադարձություններին։ Ի՞նչ տպավորություն եք ստանում։

-Մենամարտերը դիտարժան են։ Ունենք խոստումնալից երիտասարդներ։ Այսօրվա արդյունքները շատ կարևոր են թե նրանց, թե փորձառուների համար, որովհետև վաղը որոշվելու է ազգային հավաքականի հիմնական կազմը։ Եվ, ինչպես տեսնում եք, բռնցքամարտիկները ջանք չեն խնայում եզրափակիչ փուլ մտնելու համար։

-Նշեցիք, որ մենամարտերը դիտարժան են։ Իսկ վարպետության մասին ի՞նչ կասեք։

-Որակը բավարար է։ Երևում է, որ պայքարը շարունակող տղաները տանը լավ են պատրաստվել։ Իսկ ովքեր թերացել են, ժամանակից շուտ լքեցին առաջնությունը։ Ինձ թվում է, որ նույն բանը կշարունակվի նաև վաղը՝ եզրափակչում։ Ով ավելի լավ պատրաստ լինի, նա էլ կհաղթի։

-Դուք ձեզ մոտ երիտասարդ բռնցքամարտիկների անուններ նշե՞լ եք, որոնք արդեն այսօր կամ շատ մոտ ապագայում արժանի մրցակցություն ցույց կտան իրենց ավագ ընկերներին։

-Կան այդպիսի տղաներ, բայց եկեք առայժմ անուններ չտանք։

-Այսինքն, երիտասարդական հավաքականի մարզիչները լա՞վ կադրեր են մատակարարում ազգային հավաքականին։

-Իհարկե։ Անցած տարի ունեցել ենք Եվրոպայի երիտասարդների չորս մրցանակակիրներ։ Նրանցից մի քանիսը արդեն տեղափոխվել են մեծահասակների խումբ ու իրենց լավ կողմերով են դրսևորում։

-Այս տարվա համար ի՞նչ ծրագրեր կան։

-Տարին շատ հագեցած է լինելու։ Մեր հիմնական թիրախը սեպտեմբերին Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է։ Կա 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն, նաև՝ աշխարհի գավաթ, որը անցկացվելու է փուլերով։ Այնպես որ, անելիքների պակաս չունենք։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728