Լրահոս
Օրվա լրահոսը

«Վենսը Ադրբեջանում հստակ շեշտադրում է արել. իրատեսական է նաեւ ամերիկյան ջանքերով գերիների վերադարձի հարցի լուծումը խաղաղության համատեքստում»

Փետրվար 14,2026 13:00 Share

Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի դատարանում վերջին խոսքին, ասաց. «Ռուբեն Վարդանյանի վերջին խոսքը չափազանց խորիմաստ էր եւ հագեցած կարեւոր ուղերձներով։ Յուրաքանչյուր հայ պետք է անձամբ ընթերցի այդ խոսքը, խորասուզվի դրա բովանդակության մեջ եւ սրտով ու հոգով արժեւորի յուրաքանչյուր միտքը»։

-ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան եւ Ադրբեջան այցից հետո իրատեսական հնարավորություն տեսնո՞ւմ եք հայ գերիների ազատ արձակման կամ գոնե նրանցից որոշներին ՀՀ վերադարձնելու հարցով, քանի որ փոխնախագահ Վենսը խոստացել էր, որ Բաքվում այդ հարցը կբարձրացնի։

-Մենք տեսել ենք պաշտոնական հաստատում, որ Ջեյ Դի Վենսն Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել է հայ գերիների ազատ արձակման հարցին։ Այստեղ կա շեշտադրում, որ անկախ ԹՐԻՓՓ-ի իրագործումից պետք է վստահության ամրապնդման միջոցառումներ եւս ձեռնարկվեն եւ որպես այդպիսի միջոցառում՝ դիտվում է նաեւ գերիների ազատ արձակման հարցը։ Սա հստակ ուղերձ է, որ ամերիկյան կողմն ունի ներգրավվածություն, եւ կարծում եմ՝ իրատեսական է նաեւ ամերիկյան ջանքերով գերիների վերադարձի հարցի լուծումը խաղաղության համատեքստում։

– Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի «Զայեդ» եղբայրության մրցանակ ստանալու հանգամանքը հնարավո՞ր է օգտագործել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցն առաջ մղելու համար։

– Կարծում եմ, որ եղբայրության մրցանակ չի կարող տրամադրվել ապօրինի դատավարությունների եւ անմեղ մարդկանց շինծու մեղադրանքներով դատապարտելու համար՝ հատկապես այն պարագայում, երբ միջազգային հանրությունն ունի հստակ դիրքորոշում այդ դատավարությունների՝ շինծու լինելու վերաբերյալ։ Օրեր առաջ նաեւ մենք ունեցանք Եվրոպական խորհրդարանի դիրքորշումը եւ հստակ գնահատական, որ այդ դատավարություններով դատապարտված անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն։ Կարծում եմ՝ այս եղբայրության մրցանակը կապված է խաղաղության գործընթացի հետ, սակայն մեր գնահատմամբ՝ ցանկացած գործընթաց, որը կարող է հասարակությունների միջեւ խորացնել ատելությունը, թշնամանքը, համահուն չէ խաղաղության հետ, եւ այս դատավարություններն առավելապես խոչընդոտներ են, որեւէ կերպ չեն նպաստում վստահության վերականգնմանը։ Բայց մրցանակը կարող է ունենալ նշանակություն. մրցանակները ոչ միայն կարող են ճանաչել նախկինում կատարված գործունեությունը, այլ լինեն խրախուսական միջոցներ ավելի հետեւողական, կոնկրետ քայլերով խաղաղություն կառուցելու նպատակով։ Իմ գնահատմամբ՝ մենք դեռեւս չունենք խաղաղություն, բայց հույս ունեմ, որ այդ մրցանակը ստացած պետության պատասխանատու պաշտոնատար անձինք իրական քայլեր կկատարեն դեպի խաղաղություն, եւ այս մրցանակն ընդամենը խրախուսող եւ ոգեւորող խթան կլինի։

– Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին փետրվարի 3-5-ը այցելել էր Հայաստան։ Հանդիպում ունեցե՞լ եք նրա հետ։ Ի՞նչ եք կարծում՝ հանձնակատարին բավարար չափով ներկայացվե՞լ է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցի հրատապությունը։ Ի՞նչ տեղեկություն ունեք, կամ եթե հանդիպել եք, Դուք ի՞նչ եք փոխանցել նրան եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Մարդու իրավունքների հանձնակատարին մենք ներկայացրել ենք բռնի տեղահանված արցախցիներին առնչվող սոցիալական եւ այլ բնույթի խնդիրներ, որոնք այս պահին առկա են ՀՀ-ում, ինչպես նաեւ ներկայացրել ենք շատ ամբողջական տեղեկություններ վերադարձի իրավունքի առնչությամբ, ընդգծել ենք վերադարձին առնչվող ՄԻԵԴ-ի վճռի կատարման ընթացքի բարդությունները, ինչու ոչ այն իրավական գործընթացների կարեւորությունը, որոնք կարող են նպաստել վերադարձի իրավունքի գործնական իրագործմանը։ Անդրադարձել ենք նաեւ այլ հարցերի։ Այցելությունից հետո հանձնակատարը հանդես եկավ հայտարարությամբ։ Այս հայտարարության մեջ տեղ են գտել մի շարք խնդիրներ, որոնք բարձրացվել են մեր կողմից՝ այդ թվում վերադարձի իրավունքը եւ սոցիալ-տնտեսական իրավունքները։ Գերիների հարցի առնչությամբ գնահատականներ չկան, ինչը որոշակի չափով բացատրելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այցելությունն ուներ հստակ թեմատիկ շրջանակ եւ առնչվում էր բռնի տեղահանված անձանց խնդիրներին եւ կանանց իրավունքներին

– Դուք նշել էիք, որ 4 գերիների վերադարձը հույս է առաջացնում, որ գործընթացը կարող է շարունակական լինել։ Դեռ ունե՞ք այդ հույսը։

– Չորս գերիների վերադարձն ընդամենը ցույց տվեց, որ տեւական դադարից հետո եղավ տեղաշարժ, ինչը դրական էր։ Իհարկե, նրանց վերադարձին նպաստող հանգամանքների մասին մենք խոսել ենք՝ այդ թվում վարձկանների վերադարձը։ Հույս ունենք, բայց հույսն առավելապես կապում ենք խաղաղության գործընթացների զարգացումների հետ։ Եվ մեր մոտեցումն այն է, որ առանց գերիների վերադարձի եւ մարդասիրական մյուս հարցերի լուծման չի կարող հաստատվել կայուն ու վստահելի խաղաղություն։ Այս առնչությամբ, կարծում եմ, միասնական մոտեցում ունի նաեւ ՀՀ քաղհասարակության դաշտը եւ այդ առնչությամբ մենք նաեւ հանդես եկանք բաց նամակով, ուղերձով՝ հասցեագրված ԱՄՆ փոխնախագահին։ Բաց նամակում կար նաեւ հստակ մոտեցում, որ թեեւ ԱՄՆ նախագահի աջակցությամբ երկու երկրները խոսում են խաղաղության մասին, սակայն այն չի կարող իրական եւ տեսանելի լինել հայ հասարակության համար, քանի դեռ գերիները պահվում են ադրբեջանական բանտերում։ Թերեւս նկատելի է, որ նույն դիտանկյունից հարցը քննարկվել է Ադրբեջանի իշխանությունների հետ, քանի որ գերիների վերադարձը դիտարկվում է՝ որպես վստահության վերականգնման ամրապնդման միջոցառում։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուբեն Վարդանյանի՝ վերջին խոսքը շինծու դատավարության ընթացքում։

– Ռուբեն Վարդանյանի վերջին խոսքը չափազանց խորիմաստ էր եւ հագեցած կարեւոր ուղերձներով։ Անձամբ ես չեմ ցանկանում այն մեկնաբանել կամ սահմանափակել սեփական գնահատականով, քանի որ համոզված եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է անձամբ ընթերցի այդ խոսքը, խորասուզվի դրա բովանդակության մեջ եւ սրտով ու հոգով արժեւորի յուրաքանչյուր միտքը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728