Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախին կարող է օգնել միայն անկախ Հայաստանը. եթե սիրում ես Արցախը, պետք է Հայաստանի անկախության ուղղությամբ պայքարես»

Փետրվար 14,2026 12:30 Share

Սկիզբը՝ «Առավոտի» 06.02.2026-ի համարում

Ի՞նչ դրսեւորումներ ունեին քաղաքական հետապնդումները Հայաստանում՝ 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբի պատմական-անցումային շրջանում, երբ ազգային-ազատագրական շարժման գաղափարները բախվեցին նախկին խորհրդային համակարգի ժառանգությանը։

Քաղաքական իրավիճակը չափազանց լարված ու բարդ էր՝ պայմանավորված Խորհրդային միության փլուզմամբ, Արցախյան շարժման ձեւավորմամբ (1988– 1990թթ.), անկախության գործընթացով, հետագա ռազմական ու սոցիալական ճգնաժամերով։ Իսկ քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները մի քանի փուլերով էին։ 1990 թվականի մայիսին Հայաստանում կայացան առաջին բազմակուսակցական ընտրությունները, որտեղ հաղթեց «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցությունը՝ անկախական ուժ։ Այս փուլում արդեն նախկին կոմունիստական էլիտան որոշ չափով ենթարկվեց քաղաքական մարգինալացման, սակայն լայնածավալ բռնաճնշումներ նրանց դեմ չկային։ Իրավիճակը լարվեց 1992-1994 թվականներին. արցախյան պատերազմ եւ ներքաղաքական ճգնաժամեր, տնտեսական շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, սով։ Արդյունքը՝ դժգոհություններ իշխանությունից։ Դա էլ բերեց քաղաքական մթնոլորտի կտրուկ լարման, լրատվամիջոցների եւ ընդդիմադիր ուժերի նկատմամբ վերահսկողության։

«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանն է հիշում. «Հայաստանի նկատմամբ ԿԳԲ-ի ուշադրությունը կար դեռ 1960-ական թվականներից։ Միջնորդավորված՝ Սուրեն Զոլյանի միջոցով ինձ փոխանցել էին, որ ուշադրության կենտրոնում եղել է Հայաստանը՝ ԱՄԿ-ն («Ազգային միացյալ կուսակցություն»), ԱՄԿ-ում էլ Պարույր Հայրիկյանը։ Մեմորիալի տղաների անունից փոխանցում էր, որ եթե կարճ ժամանակով ԿԳԲ-ի արխիվները բացեն՝ կարելի է ահագին բան ստանալ։ Ես սկզբից սա չափազանցություն էի համարում կամ էլ՝ հայասիրություն, բայց հետո՝ վերլուծելով իրավիճակը, տեսա, որ գորբաչովյան «Վերակառուցում, հրապարակայնություն, դեմոկրատիա»-ին հանրությունն ընդհանրապես պատրաստ չէր։ Հայաստանում, 1987 թվականին հին ԱՄԿ-ականները, որոնց ղեկավարն էի ես 1968 թվականից, անգամ իրենք պատրաստ չէին հանրային գործունեության, հասարակական դրսեւորումների։ Երբ ԱԻՄ-ը ստեղծվեց 1987-ին, հետո «Անկախություն» թերթը՝ դա Մոսկվայի համար շատ սարսափելի էր։ Բայց այսպիսի բան կար. իրենք մտածում էին, թե խաղ են սկսել՝ հրապարակայնություն, դեմոկրատիա, Հայրիկյանն էլ շատ հայտնի է եւ եթե ձերբակալեին, իրենց խաղին հարված կհասնի։ Ու երկար ժամանակ ինձ ձեռք չէին տալիս։ Զուգահեռաբար, մտածեցին օգտագործել պատանդ Արցախը։ Բայց արցախցիները, քանի որ լուր ունեին ինքնորոշական շարժման մասին՝ խոսեցին ինքնորոշման մասին ու Մոսկվան մի քիչ անակնկալի եկավ։ Բայց անկախական շարժման դեմ փորձում էին գործել եւ փորձում էին օգտագործել Ղարաբաղի ձգտումը՝ լինել Հայաստանի կազմում ու դա իբրեւ հակասություն ներկայացնել, որովհետեւ կայսրության համար ամենավտանգավորն անկախական շարժումն է»։

Այդ շրջանում Հայաստանում երեք շարժում կար՝ բնապահպանական, ղարաբաղյան (սա ԽՍՀՄ իրավական համակարգի տեսանկյունից համարվում էր անթույլատրելի՝ դիտարկվում էր որպես սեպարատիզմ) եւ անկախական։

Ղարաբաղյան շարժման կազմակերպիչները՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Աշոտ Մանուչարյան, Վիկտոր Համբարձումյան, Ռաֆայել Ղազարյան եւ ուրիշներ, միավորվեցին «Ղարաբաղ» կոմիտեում։ Շարժումը, չնայած խաղաղ բնույթին, արագորեն վերաճեց քաղաքական պայքարի՝ ընդդեմ Մոսկվայի կենտրոնական իշխանությունների եւ տեղական կոմկուսի ղեկավարության։ Այս դեպքը լայնորեն դիտարկվում էր, որպես Հայաստանի նորագույն պատմության առաջին բացահայտ քաղաքական բռնաճնշում, քանի որ այն ուղղված էր ոչ թե քրեական, այլ հստակ քաղաքական շարժման ղեկավարների դեմ։ Շարժման ակտիվ մասնակիցները ենթարկվում էին աշխատանքից հեռացման, կոմունիստական կուսակցությունից վտարման կամ մամուլում վարկաբեկման արշավների։ Տեղական կուսակցական ղեկավարությունը փորձում էր պահել վերահսկողությունը՝ արգելելով ցույցերն ու հանրահավաքները։ 1988–1990 թթ. ընթացքում մի քանի անգամ խորհրդային ներքին զորքերը ուժ են կիրառել՝ ցույցերը ցրելու համար.1988-ի մարտին՝ օպերայի շենքի մոտ բախումներ եղան, զոհեր ու վիրավորներ։ 1990-ի հունվարին՝ Բաքվի հայերի ջարդերից հետո, Երեւանում եւ այլ քաղաքներում ցույցեր բռնկվեցին, որոնք կրկին ճնշվեցին ուժով։

«Մինչեւ 1988-ի մարտ միսը, բռնություններ, ըստ էության, չէին կիրառում։ Բայց մարտ մասին տեղի ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր հավաքը Գրողների միությունում եւ այնտեղ, ըստ մասնակիցների վկայության, ինձ հաջողվեց վերջնականապես ջարդել Արցախի հարցը Հայաստանի անկախության շարժմանը հակադրելու գործընթացը, որովհետեւ ես ներկայացրեցի այսպես՝ այն, ինչը տեղի է ունենում Արցախում՝ ինքնորոշական կեցվածքով հարցերի լուծում, դա այն է, ինչը մենք ստորագրում ենք Հայաստանի համար։ Դրանից հետո, ԿԳԲ-ն փորձեց մեկ այլ ճանապարհով գնալ՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը սրել. Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ եւ այլուր հայկական ջարդեր։ Այդ բոլորը պատահական չէր, Ադրբեջանում անգամ ձեւի համար մեկ այլախոհ չկար ու այս պարագայում ներկայացվում էր՝ ազգայնական, ընդհատակյա… ԿԳԲ-ի սարքածն էր, որպեսզի արյունահեղություն առաջանա։ Ու երբ մենք դա էլ կանխեցինք ու ես գաղտնի գնացի Մոսկվա եւ արտասահմանյան թղթակիցների հետ ասուլիսում հայտարարեցի, որ ԿԳԲ-ի սարքածն է, ԿԳԲ-ում հասկացան՝ անկախականների դեմ իրենց մեթոդները չեն աշխատում։ Ինձ կալանավորեցին։ Բայց որպեսզի աղմուկ չբարձրանա, որ Մոսկվայում են կալանավորել՝ հսկողության տակ ուղարկեցին Երեւան։ Մի քանի օրից Երեւանում էլ կալանավորեցին։ Ինձ հետ սկսեցին կալանավորել ԱԻՄ-ի հետ առնչվող հայտնի մարդկանց՝ Մովսես Գորգիսյան, Ռազմիկ Մարկոսյան, Մեխակ Գաբրիելյան, Արայիկ Ստեփանյան։ Հարցաքննությունների տարան Ռաֆայել Պապայանին, Սանդրո Մանուչարյանին։ Դա առաջին հետապնդողական գործողությունն էր 1980-ականների վերջերին։ Բայց այսպիսի բան կար՝ ով որ բռնվում էր, ասում էր՝ ոչինչ չեմ ասի, ինձ էլ կալանավորեք։ ԿԳԲ-ի համար դա անսովոր էր։ Իրենք սովոր էին վախեցնել»,- հիշում է Պարույր Հայրիկյանը։

«Հետո արդեն երբ ինձ արտաքսեցին, օպերայի հրապարակում եռագույնն էր ծածանվում, կրկին փորձեցին արցախյան շարժումն օգտագործել Հայաստանի դեմ։ Մարդկանց ժամանակ առ ժամանակ ձերբակալում էին, մինչեւ իսկ ամիսներով պահում։ Մովսեսը Գորգիսյան, օրինակ, կարծեմ չորս անգամ՝ մեկ ամսով փակվել է։ Հետո, ավելի ուշ՝ աշնանը, որոշեցին լրջորեն պատժել. վերջերս համացանցում հիմնավոր նյութ տարածվեց Էդուարդ Շեվարդնաձեի հիշատակած փորձարկված զենքի՝ երկրաշարժային զենքի մասին… Որոշեցին պատժել, քանի որ «Արցախն ամեն ինչից կարեւոր է» ասողները սկսեցին լսել ԱԻՄ-ի ասածները նրա մասին, որ Արցախին կարող է օգնել միայն անկախ Հայաստանը եւ եթե սիրում ես Արցախը, պետք է Հայաստանի անկախության ուղղությամբ պայքարես»,- մանրամասնում է մեր զրուցակիցը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Շարունակելի

«Առավոտ» օրաթերթ
13.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728