Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Մենք չենք պատրաստվում թռչել մի բևեռից մյուսը. Ալեն Սիմոնյան

Փետրվար 15,2026 19:24 Share

«Մենք նպատակահարմար համարեցինք խնդրել ռուսաստանցի գործընկերներին հեռանալ օդանավակայանից, հեռանալ մի քանի վայրերից, որտեղ նրանք պաշտպանում էին հայ-ադրբեջանական սահմանը։ Հենց որ կամ եթե նպատակահարմար համարենք, կսկսենք այդ խոսակցությունը։ Բայց այս պահին դա չենք քննարկում։ Որովհետեւ եկեք հասկանանք, եկեք նայենք քարտեզին՝ որտեղ է գտնվում Հայաստանը եւ ինչ մարտահրավերներ ունի։ Ես չեմ ասում, թե ռուսաստանյան ռազմակայանն ամեն ինչի հարյուրտոկոսանոց երաշխիք է, բայց, օրինակ, մեր տարածաշրջանում, առավել եւս ներկայիս իրավիճակում, սրելն ու շատ կտրուկ քայլեր անելը սխալ է։ Գուցե դա լավ հնչի, բայց իրական քաղաքականության մեջ (real politics) դա իրականում այդպես չէ: Մենք այժմ նպատակահարմար չենք համարում այդ մասին խոսել»,-այս  մասին «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը բխո՞ւմ է հանրապետության շահերից հարցին։

Անդրադառնալով  Մոսկվայի հետ հարաբերություններին՝ Սիմոնյանն ասել է՝ դրանք եղել են եւ կլինեն այն մակարդակի վրա, որը կհամադրվի Հայաստանի Հանրապետության շահերի հետ.

«Մենք չենք պատրաստվում թռչել մի բևեռից մյուսը։ Եվ մեզ համար կախվածությունից դուրս գալու առաջին փուլն այն էր, որ Հայաստանում 2018 թվականից անցկացվում են արդար եւ  թափանցիկ ընտրություններ, որոնք կասկած չեն հարուցում ոչ մեկի՝ նույնիսկ ընդդիմության համար, որը պարտվում է կամ որոշ քաղաքներում հաղթում է այդ ընտրություններում։ Այսինքն՝ սա կախվածությունից հեռանալու առաջին քայլն է… 2018 թվականից հետո մեզ այլեւս այնտեղից չեն նշանակում, որովհետեւ մինչեւ հեղափոխությունը կասկածներ ունեմ, որ այդ ամենը մշտապես համաձայնեցվել է: Արտաքին քաղաքականությունն իրականացվում է «այն, ինչ ձեռնտու է Հայաստանին, այդպես էլ կվարվենք» սկզբունքով։ Բնականաբար, կան պայմանավորվածություններ, կա փոխգործակցություն բոլոր երկրների հետ, եւ  Ռուսաստանի հետ քաղաքականությունը մենք նույնպես հավասարակշռելու ենք՝ լինի դա Վենսը, լինի դա Միացյալ Նահանգները, թե Ֆրանսիան, Եվրամիությունը. սկզբունքն այսպիսին է»:

Հարցին՝ արդյո՞ք, համարում է, որ Ռուսաստանը գործում է Հայաստանի շահերի դեմ, Սիմոնյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ Ռուսաստանը, ինչպես ցանկացած երկիր, գործում է իր շահերին համապատասխան։ Այսինքն՝ եթե այդ շահը վաղը կամ մյուս օրը նրանց թելադրի որոշակի քայլեր ձեռնարկել, նրանք երկար չեն մտածի։ Եվ այս ողջ հռետորաբանությունը, բոլոր այդ կենացները, լիրիկան, թե մենք ընկերներ ենք, եղբայրներ ենք, քրիստոնեությունը եւ նմանատիպ այլ բաներ. երբ խոսքը երկրի շահերի մասին է, այդ ամենը բնականաբար մի կողմ կդրվի, ինչպես մարդկության պատմության ընթացքում արվել է հարյուրավոր անգամներ»:

Անդրադառնալով ռուս լրագրողներ Վլադիմիր Սոլովյովի եւ  Ալեքսանդր Դուգինի հասցեին արած իր կոշտ արտահայտությանը՝ «… на палочке», Սիմոնյանն այսպես է մեկնաբանել. «Երբ խոսքն այն երկրին սպառնալու մասին է, որը ես եմ ներկայացնում, եւ  դա արվում է ամենաբարձր մակարդակով՝ այն իմաստով, որ այդ մարդիկ համարվում են գործող իշխանության խոսնակներն ու բարձրախոսները, եւ  միևնույն ժամանակ իշխանությունն ասում է, թե դա առանձին անհատների կարծիքն է, ապա ինչո՞ւ նրանց չպատասխանել նույն լեզվով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Դուք չեք էլ կարա թռչեք, դա ձեր տրամաչափի գործ չի։ Դուք միայն ստից նամյոկներ անող եք “հիբրիդային միջամտություն” ու ըտենց անորոշ ձևակերպումներ, որոնք Լավրով քեռին ձեզ թույլ է տալիս։ Դրանով Եվրոպան աչք է փակում ձեր բռնապետության վրա և դուք էլ դրանից հաբռգում եք։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728