Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո Ալիեւն, ըստ էության, ցույց տվեց, որ գերիների թեման առաջնային քննարկման առարկա չի եղել»

Փետրվար 16,2026 11:52 Share

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան ու Ադրբեջան կատարած այցին, մասնավորապես, հայ գերիների հարցով քննարկումներին։

Նա նշեց, որ Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո Ալիեւի հայտարարությունները որոշակի առումով զարմանալի են, Ադրբեջանի ղեկավարն, ըստ էության, ցույց տվեց, որ գերիների թեման առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետեւ հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հարաբերությունների ֆոնին, չէր կարող լինել։

«Էլ չենք խոսում այն մասին, որ սա եւս մեկ արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունների համար սա առաջնային օրակարգային հարց չի եղել։ Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում սա հրատապություն ներկայացնող թեմա չի եղել։ Եվ ըստ այդմ սա գալիս է լրացնելու բոլոր այն դրույթների շարքը, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանն իր համար կարեւոր հարցերն անընդհատ բերում ու դրա մասով անընդհատ լուծումներ է ստանում, իսկ ինչ վերաբերում է ՀՀ համար կարեւոր դրույթներին, դրանց մասին առանձնապես բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում»,- նշեց նա։

Ըստ Աբրահամյանի՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում շարունակում է ոչ միայն գերիների հարցը օդում կախված լինել, այլ նաեւ ադրբեջանական զորքերի մխրճվածության հարցը ՀՀ ինքնիշխան տարածքներում։ Հայաստանի իշխանությունների համար այս հարցերն առաջնահերթ չեն։ Թեեւ ՀՀ իշխանությունը խոսում է այն մասին, թե այս թեման քննարկվում է դելիմիտացա-դեմարկացիայի շրջանակներում, բայց ակնհայտ է, որ այս թեման կարճ հանգուցալուծում չունի։ «Էլ չեմ խոսում այն մասին, որ բոլոր այն ուղղություններում, որտեղ Ադրբեջանը մխրճված է ՀՀ տարածքում, այդ ուղղություններում նաեւ ամրաշինական ու ընդլայնողական քաղաքականություն է վարում։ Եվ փաստերի այդ իրողությունն այնքան էլ ցույց չի տալիս, որ Ադրբեջանը հակված է որեւէ փուլում այդ հարցը քննարկման առարկա դարձնել, առավել եւս դուրս գալ օկուպացված տարածքներից»,- նշեց Աբրահամյանը։

Անդրադառնալով ադրբեջանցի այսպես կոչված քաղհասարակության ներկայացուցիչների հերթական այցին Հայաստան՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Ադրբեջանում շատ մեծ չափազանցություն է քաղաքացիական հասարակություն կոչվածը, քանի որ այդ երկրում շատ վաղուց բռնապետություն է կառուցված։ «Եվ սա ուժային մարմինների կազմակերպած խումբ է, որոնք ամեն մեկն ունեն տարբեր խնդիրներ՝ մի մասը հանրային, մյուս մասը՝ չերեւացող մակարդակում։ Այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը կարճ ժամանակ առաջ խոսում էին հայերի նկատմամբ ատելության, հայերի դեմ գործողությունների մասին։ Բնականաբար, մեկ օրվա մեջ այդ մարդիկ չեն կարող փոխվել»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Վեհափառի նկատմամբ հարուցված գործին ու ՀՀ-ից դուրս գալու արգելքին՝ Աբրահամյանն ասաց․ «Սա այն տրամաբանական քայլերի շարունակությունն է, որն առնվազն ավելի խտացված տեսել ենք 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներից հետո։ Մայր Աթոռի հոգեւորականների դեմ հարձակումները 2018 թվականից հետո են եղել, տարբեր փուլերում ակտիվացել են, սակայն վերջին շրջափուլը, որն այս իշխանության հավաքական հարձակման ժամանակահատվածն է, 2025 թվականի հունիս-հուլիսին է եղել։ Եվ ակնհայտ է, որ ինչ-որ փուլում պետք է բերեր այսպիսի դրսեւորեն։ Ինչո՞ւ եղավ հենց այս պահին, կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ եպիսկոպոսաց ժողովի կազմակերպմամբ են այս որոշակի արագացված գործողությունները պայմանավորված»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728