Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի շարք ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել պետության կողմից»․ ԲՏԱ նախարար

Փետրվար 16,2026 13:45 Share

«Ռազմարդյունաբերության ոլորտում պետական ֆինանսավորման համատեքստում բացառապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործիքակազմի շրջանակներում 2025-ին կատարվել է ավելի քան 2 միլիարդի ֆինանսավորում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների, որը 50 տոկոսով ավելի է իր կատարողականով, քան 2024-ին արձանագրված արդյունքը»,- ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց  ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նաև հայտնեց, որ 2025-ի ընթացքում մի շարք ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել պետության կողմից։

Մխիթար Հայրապետյանը նշեց՝ տեխնոլոգիական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների թիվն աճել է․ «2017-ին տեխնոլոգիական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունները 650-ն էին, 2024-ին այդ թիվը 8396 էր, 2025-ին՝ 12․026։ Աճը կազմել է 18,5 տոկոս։ Գործող ընկերություններում աշխատողների թիվը 2017-ին 15350 էր, 2024-ին՝ 41541, 2025-ին՝ 48431»։

Անդրադառնալով կապի ոլորտին՝ Մխիթար Հայրապետյանն ասաց․ «Միջպետական և հանրապետական գրեթե բոլոր ճանապարհներին՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան, Չարենցավան քաղաքներում համապատասխան համալրված նոր սարքավորումներով, շարժական կայաններով իրականացվել են շարժական բջջային կապի բոլոր օպերատորների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների ծածկույթների չափումներ և վերլուծություններ։ Սա մեզ հնարավորություն է տալիս լայվ ռեժիմով հետևել, թե որ հատվածներում ունենք կապի և մատուցվող ծառայությունների հետ կապված խնդիրներ»։

Նաև հայտնեց, որ Գուգլի և Յութուբի հետ ՀՀ կառավարությունը բանակցում է ՀՀ-ում յութուբի գործընկերային ծրագիրն ակտիվացնելու նպատակով․ «Փոխնախագահ Վենսի այցի ընթացքում Երևանում Յութուբը հանդես եկավ հայտարարությամբ, որ Յութուբի դրամայնացումը գարնանը տեղի կունենա։ Մեզ հետ բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանակությամբ՝ ապրիլի վերջին, մայիսի սկզբին կակտիվացվի Յութուբի դրամայնացումը»։

Մխիթար Հայրապետյանը նաև հայտնեց՝ բանակցությունները շարունակում են համաշխարհային վճարահաշվարկային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ․ «PayPal-ի հետ ենք բանակցում, որը աջակցում է միայն գումարների փոխանցմանը, ստացումը շարունակում է սահմանափակ մնալ։ Հետևողականորեն բանակցում ենք գործընկերների հետ»։

Անդրադառնալով ՀՀ-ում AI գործարանի կառուցման աշխատանքներին՝ ԲՏԱ նախարարն ասաց․ «Շինարարական աշխատանքները՝ շուտով, տեղանքը, հողատարածքը ձեռք է բերվել ընկերության կողմից, արդեն շինթույլտվության գործընթացներն են ընթանում։ Նախաշինարարական գործընթացն է»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728