Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Չեմ բացառում․․․

Փետրվար 16,2026 14:36 Share

«Քաղտեխնոլոգ» վերնագրով մի ժամանակակից մասնագիտություն կա, որի բովանդակությունը ինձ անհասանելի է։ Մածունի կամ երշիկի արտադրության տեխնոլոգ պատկերացնում եմ, բայց «քաղ»․․․

Մի բան եմ հասկացել, կամայական հարցի պատասխանելուց առաջ լուրջ տեսքով հայտարարում են՝ «չեմ բացառում»։ Դա մի հայտնի անեկդոտ է հիշեցնում, երբ շիկահեր կնոջը (ռուսերեն՝ блондинка) հարցնում են՝ ի՞նչ հավանականությամբ դինոզավր կտեսնեք, եթե դուրս գաք փողոց։ Պատասխանում է՝ 50%՝ կամ կտեսնեմ, կամ ոչ։ Չի բացառում մեր «բլադինակա քուրը», հայերեն ասած «հա, յա կամ թե չէ՝ չէ»։ Քաղտեխնոլոգների հզոր բանակը միաձայն պնդում է՝ ոչ մի ուժ մոտակա ընտրություններում 50% + 1 ձայն չի կարող հավաքել։ Չեմ վիճում։ Բայց երբ ինչ որ «ուժ» հայտարարում է, որ ընտրություններից հետո առանց հանրաքվեի սահմանադրության ինչ որ հոդված կփոխի՝ ոչ մի քաղտեխնոլոգ չի տարակուսում։ Դա անելու համար պետք է ԱԺ ձայների առնվազն 2/3-ը։ Ես համոզված եմ, որ մեծամասնության կարծիքը ճշմարտության չափանիշը չէ և ընտրություններին լուրջ չեմ վերաբերվում։ Բայց եկեք ես էլ ասեմ «չեմ բացառում», մարդ ես՝ մեկ էլ տեսար։ Բայց երբ երեկ փորձեցի հայկական համացանցի տարբեր հարթակներում պարզել, թե ինչպես են պատկերացնում նման թվեր «հավաքել»՝ ինչքան Ագաթանգեղոսի անվան համալսարանի Ճլոխանի ֆիլիալ ավարտած կար անձնական վիրավորանքից մինչև «չեմ բացառում» հայտնեցին ինձ։ Ու մի լայքեր, մի քեֆ-ուրախություն․․․

Ադրբեջան գնալու ճանապարհին Հայաստան «ծիկ» արեց ԴիՋեյ Վենսը։ Մի շարք անհասկանալի ու վիճահարույց հայտարարություններ արեց՝ սույնուվ ալեկոծելով հայկական քաղաքական միտքը։ Բայց ես մի պարզ դիտարկում անեմ, եթե կարելի է։ Թայվանական մամուլում կարդում ենք՝ «Փետրվարի 8-ին Չինաստանի Հանրապետության (Թայվան) գործադիր յուանի փոխվարչապետ Չժեն Լի-ջունը մեկնաբանեց ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հունվարյան հայտարարությունները չիպերի մատակարարման շղթայի զգալի մասը Ամերիկա տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Չժեն Լի-ջունի խոսքով՝ ամերիկյան կողմի հետ առևտրային բանակցությունների ժամանակ նա Վաշինգտոնին հստակեցրել է, որ Թայվանի կիսահաղորդչային արտադրության 40%-ը Միացյալ Նահանգներ տեղափոխելն անհնար է։ Ավելին, թայվանական պատվիրակությունը ընդգծել է կղզում ամենաառաջադեմ տեխնոլոգիաները պահպանելու իր վճռականությունը։»։

ԱՄՆ-ն ինքը պրոբլեմներ ունի չիպերի արտադրության հետ, փորձում է ստիպել ուրիշներին, որ կիսվեն ունեցածով և ստանում է բացասական պատասխան։ Ու էս ֆոնի վրա ենթադրում եք, որ Վենսի խոստումը Հայաստանին ինչ որ բան տալ չիպերի հետ կապված դա լու՞րջ է։ Մենք էլ ասենք՝ «չեմ բացառում»։ Եվ ամենազարհուրելին։ Դեռ անցած տարի հոկտեմբերին իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի արել։ Մարդկային գործունեության ստորագույն երևույթներից է տեռորիզմը։ Դեռ ոչ ոք չի լսել, որ տեռորիստը գոռա «Հարի Կրիշնա, Կրիշնա հարի» կամ «Христос воскреc! Во истину воскрес!»: Բոլորը գոռում են «Ալլահ ագբար»։ Ու էս ֆոնի վրա ինչ որ ալլահշուքյուր փաշազադե մեղադրում է Հայ Առաքելական եկեղեցուն տեռորիզմի մեջ։ Դա ասում էի որպես զգուշացում, որ շարունակություն է ունենալու։ Ու կատարվեց ամենանողկալին՝ երկրի առաջին դեմքը կրկնեց այդ լկտի ու անբարոյական սուտը։ Այս ծայրահեղ քայլին գնացող և նրան աջակցող մարդիկ էլ հայ-քրիստոնյա ե՞ն։ Քաղտեխնոլոգը կասեր «չեմ բացառում»․․․

 Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից

13.02.2025թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728