Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը կբողոքարկի Վ․ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը

Փետրվար 16,2026 18:35

ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած հաղորդման հիման վրա՝ հիմնավորելով, որ վերջինիս կողմից հնչեցված միտքը ներկայացվել է որպես հռետորական հարց և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների կատարման հրապարակային կոչի հատկանիշներ։

2026 թվականի հունվարի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ տեղեկացնելով, որ 2026 թվականի հունվարի 11-ին ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը հերթական հաղորդման ընթացքում՝ «Սոլովյով LIVE»-ի ժամանակ, ռուսական պետական հեռուստաալիքով ուղիղ եթերի ժամանակ ասել է․

«Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի: Մեզ համար մեծ խնդիր կարող է լինել Միջին Ասիայում և մենք պիտի հստակ ձևակերպենք մեր խնդիրներն ու առաջադրանքները: Խաղերն ավարտված են, թքած միջազգային օրենքների և իրավունքների վրա: Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու՞ այդ նկատառումներից ելնելով մենք չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում: Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային դոկտրինան. Որոնք են մեր ազդեցության գոտիները և ամեն ինչ հասկանալի կլինի։

Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ կատարվում է Հայաստանում, քան այն, ինչ կատարվում է Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը, ահա սա հսկայական խնդիր է»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդման մեջ նշել էր, որ վերոնշյալ հայտարարությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված ոտնձգության կոչ և Ուկրաինայի հետ տարված անալոգիայով՝ ռազմական գործողությունների իրականացման հրապարակային հայտարարություն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս կապակցությամբ հղում արեց ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին․

ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդված․ Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդված․ Ագրեսիա իրականացնելու ուղղակի և հրապարակային կոչերը, նույն օրենսգրքի 330-րդ հոդված․ Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր, որպեսզի վերոնշյալ հայտարարությունների կապակցությամբ նախաձեռնվի քրեական վարույթ և տրվի համապատասխան քրեաիրավական գնահատական՝ հիմնավորելով, որ հրապարակային և զանգվածային լրատվության միջոցներով հնչեցված նման հայտարարությունները համապատասխանում են վերոգրյալ հոդվածների հանցակազմերին։

Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է բողոքի հայտագիր՝ վերոնշյալ հայտարարության կապակցությամբ։

ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ դրանք հանդիսանում են ՀՀ ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն և թշնամական դրսևորում, և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։

Քննարկելով ներկայացված հաղորդումը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը եզրակացրել է, որ ներկայացված տվյալներով չի հիմնավորվում քրեական վարույթ նախաձեռնելու համար անհրաժեշտ՝ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների կատարման հրապարակային կոչի առկայությունը, և այդ հիմքով քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատրաստվում է բողոքարկել դատախազության այս որոշումը՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված նմանատիպ հայտարարությունների նկատմամբ պատշաճ քրեաիրավական գնահատականի անհրաժեշտությունը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728