Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս գերիների դատավարությունները մի քանի նպատակ են հետապնդում. Տարոն Սիմոնյան

Փետրվար 17,2026 19:20 Share

«Ադրբեջանի հետ այս պայմաններում հնարավոր չէ խաղաղություն, ինչի մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս ասել է։ Ինքն ասել է, որ աչք ունի այդ թվում՝ հայկական տարածքների վրա, խաղաղություն չի լինելու, քանի դեռ Սահմանադրություն չեք փոխել, հետո պետք է, բնականաբար, պահանջներն ավելացնի։ Այսինքն, քանի դեռ դու թույլ ես հասարակության, պետության, բանակի, տնտեսության և այլնի տեսանկյունից, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ քեզ էլ ավելի թուլացնի և հնարավորության դեպքում պոկի նոր հողակտորներ, ինչպես որ օկուպացրել է Արցախի Հանրապետությունը։

Դրա համար խաղաղության այս գործընթացը, որի մասին շատ է խոսվում, ընդամենը ժամանակավոր գործընթաց է, որպեսզի Ադրբեջանն ավելի հարմար պահ ընտրի, ավելի զորեղանա աշխարհակարգի, իրավակարգի և մնացած պայմաններում իր նոր նվաճումներն արդարացնելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի՝ ապօրինաբար գերության մեջ պահվող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելուն և մեր մյուս գերիներին, այս մասին էլ նշեց. «Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս գերիների դատավարությունները, ինչպես բազմիցս նշել եմ, մի քանի նպատակ են հետապնդում. Ադրբեջանի ներսում ցույց տալու համար, թե ինչ տեսակի ղեկավար է Իլհամ Ալիևը, որը կարողանում է պատժել իր հակառակորդներին։ Երկրորդը՝ երկու խոշոր բաժնից բաղկացած նպատակներ են. մեկը՝ ազգային նվաստացում իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ՝ ցույց տալով, որ 35 տարիների մեր ապրած պատմությունը, կյանքը, դավանած արժեքները շարունակաբար նվաստացնելու է։ Դրա արդյունքում նա մեր ազգային հոգեբանության վրա ճնշում է գործադրում՝ շատ հայեր սկսում են իրենց ազգային ինքնության մասին մտածել, ընդհանրապես Հայաստանում ապրելու և այլնի մասին մտածել։

Եվ, բնականաբար, իրավական հիմքեր է նախապատրաստում Հայաստանի դեմ հետագայում դիվանագիտական ճնշում գործադրելու համար՝ բոլոր գործընթացներում փաստարկելու, որ իբր Արցախի Հանրապետությունը եղել է ահաբեկչական կազմակերպություն, նրան ֆինանսավորել է Հայաստանի Հանրապետությունը, հետևաբար այն հետևանքները, որ առաջացել են Արցախի տարածքում, պետք է կրի Հայաստանի Հանրապետությունը։

Սա ակնհայտ նպատակադրություն է Ադրբեջանի կողմից, ինչը չի թաքցվում և բազմիցս ասվել է։ Եվ ինչ-որ թուղթ ստորագրելը, որտեղ ինչ-որ բաներ կգրվեն, որը կհամարվի խաղաղության պայմանագիր, որ միմյանց նկատմամբ այլևս պահանջներ չեն ներկայացվի, նույն Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ դա ժամանակավոր երևույթ է լինելու՝ ավելի հարմար առիթ ստեղծելու և Հայաստանին ավելի մեծ վնաս տալու համար»։

Մեր զրույցի ժամանակ արցախցիների վերադարձի իրավունքի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի միջև զուգահեռ տանելու հարցին էլ անդրադարձ եղավ։ «Զուգահեռ չի կարող լինել, որովհետև ադրբեջանցիները գնացել են ոչ թե Հայաստանի Հանրապետությունից, այլ Խորհրդային Հայաստանից՝ Խորհրդային Ադրբեջան, ստացել են բոլոր փոխհատուցումները իրենց գույքի համար, նրանց ոստիկանական ուժերի աջակցությամբ, օգնությամբ, ապահովությամբ իրենց կամքով տեղափոխվել են Ադրբեջան, իսկ շատ հայեր Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից չեն կարողացել գալ Հայաստան, որովհետև նրանց սպանել են, ողջ-ողջ այրել։ Հայերի մի փոքր հատվածը, որ կարողացել է գալ Հայաստան, մազապուրծ է եկել, այսինքն՝ էթնիկ զտման են ենթարկվել։ Արցախի պարագայում ևս ցեղասպանության և հերթական էթնիկ զտման մասին է խոսքը։

Ես չեմ զարմանում, երբ Ադրբեջանը ցանկանում է, որ համեմատվեն այդ 2 երևույթները, բայց զարմանում եմ, որ Հայաստանի ներքաղաքական խաղացողներն են սկսել այդ համեմատությունները անցկացնել, ինչը կամ անգրագիտության նշան կարող է լինել, կամ էլ դիտավորությամբ հայկական ազգային շահին վնաս տալու ցանկության հետապնդում ու նպատակ»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728