Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարեւան երկրի նախագահն ուղղակի ծիծաղեց «խաղաղության խաչմերուկի» վրա՝ ասելով՝ հիմա մենք ունենք ԹՐԻՓՓ»․ Բագրատ Եսայան

Փետրվար 18,2026 16:16 Share

«Մենք այսօր սեղանի վրա մատուցված փոքր, բաց արժեքավոր ուտելիք ենք, որը տարբեր ուժեր մտածում են՝ ոնց կուլ տալ»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում անցկացված «Հարավային Կովկաս. ուժերի վերադասավորում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը։

Նա հիշեց՝ 2020-ի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումներում տարածաշրջանային քարտեզն էր պահում, երկու խաչվող գիծ էր ցույց տալիս ՀՀ վրա․ «Ասում էր, որ Հայաստանը բարգավաճելու է՝ լինելով միջազգային հարաբերությունների խաչմերուկում։ Երկու օր առաջ հարևան երկրի նախագահն ուղղակի ծիծաղեց այդ «խաղաղության խաչմերուկ» ասվածի վրա՝ ասելով, որ հիմա մենք ունենք ԹՐԻՓՓ, իսկ ձեր խաղաղության խաչմերուկը կբերեք, երբ դեմոկրատներն ԱՄՆ-ում կգան իշխանության։ 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ, որով զինադադար հաստատվեց, խոսվում էր տարածաշրջանային հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին, այսօր այդ խոսույթն այս իշխանության մեջ գոյություն ունի՞, թե՝ ոչ։ Ռուսական կողմին անընդհատ քննադատում էին, որ ձեր պարտականությունները չկատարեցիք՝ իրենց մեղքերը ՌԴ-ի վրա դնելով․ նույնիսկ «հաղորդակցության ուղիների վերաբացում» կետն իրենք վերածեցին ընդամենը ԹՐԻՓՓ-ի, որը չի ապահովում որևէ հաղորդակցության ուղու ապաշրջափակում բացի Ադրբեջան-Նախիջևան-Նախիջևան-Թուրքիա ուղուց։ Սա հյուսիս-հարավ ճանապարհից դարձավ ընդամենը ՀՀ տարածքը ուրիշին հանձնել, ասվում է, որ ադրբեջանցի, թուրք վարորդը չի տեսնելու հայ, այսինքն՝  ընդամենը թուրանական Զանգեզուրի միջանցքի վերածվեց»։

Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության մասին՝ Բագրատ Եսայանն ասաց․ «Թրամփի նպատակը Եվրոպայի տնտեսական տկարացումն է, որն անում է փայլուն ձևով։ Եվրոպան զրկվել է էժան ռուսական հումքից․ բոլոր գծերը կտրվել են։ Եվրոպացիք նետվեցին դեպի Չինաստան, և Չինաստանից էդ հումքը կարող էր հասնել Եվրոպա միջին միջանցքով կամ խաղաղության խաչմերուկով, ինչպես ասում էին նախկինում, բայց իրականում զանգեզուրյան միջանցքով։ Պատահական չէ, որ Ամերիկան միանգամից վերցրեց իր ձեռքը նախաձեռնությունը և մտավ այստեղ՝ միջին միջանցքը խեղդվելով։ ԹՐԻՓՓ-ն ամերիկացիները վերցրել են իրենց վերահսկողության տակ, փորձելու են կասեցնել Չինաստանի տնտեսական անկասելի զարգացումը, Եվրոպայի տնտեսության տկար վիճակը պահպանել՝ իրենց վերահսկողության տակ պահելով այս երկու գծերը։ ՌԴ շահը՝ հյուսիս-հարավը, որ սկսում են նորից խոսույթի մեջ մտցնել, ուկրաինական ճակատում որևէ լուծման հասնելուց հետո փորձելու են իրականացնել»։

Ըստ Բագրատ Եսայանի՝ Իրանն այն կետն է, որտեղով կարող են անցնել հաղորդակցության ուղիները․ «Այստեղ վերահսկողություն հաստատելով՝ Թրամփը լուծելու է Մերձավոր Արևելքում իր ազդեցության պահպանման խնդիրը, Իրանին իր ազդեցության տակ պահելու խնդիրն է լուծում՝ ՀՀ-ում անցնող թուրանական միջանցքի վերահսկողությունն իր վրա վերցնելով։ Եվրոպական և ամերիկյան շահերն այստեղ համընկել են։ Եվրոպացիները մտածում են՝ Թրամփը ներգրավվի այս գործընթացում, իրեն թվա, թե վերահսկում է, բայց երկու տարի հետո Թրամփը չի լինի, և մենք կկարողանանք արդեն գոյություն ունեցող միջանցքն օգտագործել Չինաստանից այս ուղին ազատ գործարկելու համար»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728