«ՀՀԿ ԳՄ նիստում հունիսին կայանալիք ընտրությունների թեման մանրամասն քննարկվել է, ընդ որում ոչ միայն նեղ՝ ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում, այլ ավելի լայն՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական։ Մտքերի փոխանակում եղել, յուրաքանչյուրն իր դիրքորոշումն՝ իր հիմնավորումներով արտահայտել է։ Այս պահին դեռ որոշում չունենք։ Երբ կամբողջացնենք մեր գնահատականները, համապատասխան տեղեկատվությունը կհանրայնացնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, փետրվարի 23-ին, ՀՀԿ ԳՄ նիստում կրկին քննարկվել է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը։ Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվել էինք՝ ինքն ի՞նչ մոտեցում ունի․ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցելո՞ւ կողմնակիցների շարքում է, թե՞ չմասնակցելու կողմնակիցների, քանի որ կուսակցությունում կարծիքները երկու մասի են բաժանվում։ Ի դեպ, ըստ խոսակցությունների, ՀՀԿ ղեկավար մարմնում մեծամասնությունը կողմ է, որ կուսակցությունը մասնակցի խորհրդարանական ընտրություններին։
Հարցին, եթե ՀՀԿ-ն չմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կհայտնվի քաղաքական լուսանցքո՞ւմ, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Յուրաքանչյուր քաղաքական ուժի՝ այս կամ այն իրավիճակում հայտնվելը, կախված է նրանից, թե որքանո՞վ են նրա մոտեցումներն ու ծրագրեր՝ թե ընթացիկ ժամանակահատվածում, թե քաղաքական ակտիվ ժամանակահատվածում կենսունակ։ ՀՀԿ-ն ունի կորիզ, ունի ինտելեկտուալ մեծ պոտենցյալ և անկախ նրանից, թե ի՞նչ որոշում կկայացվի այս փուլում, համոզված եմ, որ մեր քաղաքական դաշտում շարունակելու է մնալ դերակատար, ում հետ ցանկացած պարագայում հաշվի նստելու են»։
Հարցին, եթե այնուհանդերձ ընտրություններին մասնակցելու որոշում կայացվի, ի՞նչ ակնկալիքներ կան, և առհասարակ, ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀԿ-ն, մեր զրուցակիցը պատասխանեց․ «ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցության հիմքում չեն դրվում կուսակցական ակնկալիքները, այլ դրվում է հանրային շահը՝ թե ո՞ր իրավիճակում ՀՀԿ-ն հնարավորություն կունենա ծառայություններ մատուցել պետությանը և հասարակությանը։ Եվ ես խնդրում եմ, ՀՀԿ-ի երկար ու բովանդակալից քննարկումները դիտարկել այդ համատեքստում»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































Ամոթ է։ ՀՀԿ ն ընտրակաշառքից բացի ուրիշ ձայն երբեք չի ունեցել։ իսկ հիմա օգնում է ներկայիս իշխանությունների վերարտադրությանը։