Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան էտյուդներ կամ հայկական ռեալիզմի երիտասարդ վրձինը

Փետրվար 19,2026 13:00

Երիտասարդ գեղանկարչուհի Հասմիկ Քարափուլյանի մուտքը գեղարվեստի աշխարհ եղավ շատ գրագետ եւ հիմնավոր, չունենալով մասնագիտական ակադեմիական կրթություն, երիտասարդ գեղանկարչուհին իր աշխատասիրության, պրպտող եւ ուսանող մտքի շնորհիվ ակադեմիական գիտելիքների ողջ պաշարը ստացավ ինքնուրույն, նաեւ գեղանկարիչ հոր՝ Հայկ Քարափուլյանի խստապահանջ հայացքի ներքո, ում խորհուրդներն ու մասնագիտական կարծիքը ապագա նկարչուհու կյանքում ամուր հիմքեր դրեցին ռեալիստական ոճի նրա ընտրության ու ստեղծագործական հասունության մեջ։ Նրա ջրաներկով արված ստեղծագործություններում իշխում է լույսը, եկեղեցիների, ճարտարապետական կառույցների, համալիրների ստեղծագործություններում լույսի տոն է։

Այդպիսի լույսի տոն է նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսում, որը տեղի ունեցավ փետրվարի 16-ին, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, ուր Երեւանն էր ժպտում իր տաք ու արեւոտ գույներով, իր դասական շինությունների, բարձրաճաշակ շինությունների վերապատկերներով, որոնք վրձնագրեր էին սիրո մասին, հարազատ քաղաքին սիրո խոստովանություն է անում նկարչուհին, ում վրձինը ասես փարվել է մայրաքաղաքի տաք գույներին ու զտել, ներկայացրել է այն դասականն ու արժեքավորը, որը օրվա վայրի շինարարական տեմպի ու կամայականության մեջ նեղացած կծկվում է բարձրահարկերի գրոհի առաջ, բայց դիմադրում՝ հույսով, որ կգա դարձի ժամանակը ու չենք ունենա անհայտացող քաղաք քաղաքի մեջ… Արվեստն ամենախոսուն արձանագրողն է նաեւ իր ժամանակի ու նրա ժառանգության։

Գեղանկարչուհի Հասմիկ Քարափուլյանը այդ վավերագրողներից մեկն է, ում զենքն իր վրձինն է, երգ՝ իր խոսող գույները։ Ջրաներկի տեխնիկայի բոլոր տեսակներով, խառը տեխնիկայով արված նրա աշխատանքները խոսում են հեղինակի համբերատարության, աշխատասիրության, բնատուր տաղանդին գումարած աշխատասիրության մասին, որոնց շնորհիվ այսօր կին գեղանկարիչների երիտասարդ սերնդի մեջ ունենք Հասմիկի նման տաղանդավոր գեղանկարչուհի, ում ռեալիստական գործերն ամբողջական շարքեր են, գաղափարական հենակետով, ասելիքով, փաստավավերագրական, գեղագիտական ճաշակ ու որակ ներկայացնող, գիտելիքակենտրոն լինելով հանդերձ նրանք զգացմունքային նրբերանգներ ունեն, աուրա, որը փոխանցվում է դիտողին Երեւանյան շարքից, ուր հին Երեւանն է, վարդագույն, թամանյանական Երեւանը իր ամբողջական կառույցների մոնումենտալության դետալներով ու ամբողջական կառույցներով, որոնք տուրք լինելով հանճարեղ հեղինակներին, ցույց են տալիս նաեւ քաղաքաշինության մշակութային դեմքը, ձեռագիրն ու պատմական, ազգային հենքը։ Կյանք կա նրա գործերում, ինքնուրույն ապրող, շնչող ու դիտողին անդրադարձող կյանք հին ու դասական շենքերի պատուհաններից արտացոլվող, որտեղ գեղանկարչուհին ինքը ասես իրեն հուզող հարցերի պատասխաններ է փնտրել։ Լույսի ու ստվերի գրագետ խաղով Հասմիկը արտացոլում է կենսագրություն ունեցող մայրաքաղաքի քարե պատմությունը։

Երեւանյան շարքը նրա սիրո խոստովանությունն է իր հարազատ քաղաքին եւ այդ սերը անդրադարձ է ստանում յուրաքանչյուրի հոգու մեջ, ով իսկապես սիրում է մեր մայրաքաղաքն ու նրա ռիթմը, ազգային–դասականից մինչ ժամանակակից տեմպ, ուր խցանված փողոցների տեսարանում պատկերված է Արարատների համայնապատկերը։ Ճանապարհներ, տեսադաշտ, որ ուղղված են դեպի սրբազան լեռը, ապագայապաշտական ենթաշերտեր, հույզեր, հայկականություն, այս խմորումները նրա վձնի տակ դառնում են գեղարվեստական ամփոփ շարքեր, արժեք ներկայացնող գործեր։ Հայաստանի Նկարիչների միության անդամ է շնորհալի գեղանկարչուհին, ում պրոֆեսիոնալիզմը հուսադրող է ու ոգեւորող, որ դասականն ու նրա նորովի ասելիքը վստահելի ձեռքերում են ու թելադրում, հիմնավորում են իրենց ասելիքը, ձեւավորում ճաշակ այս խայտաբղետ ու այսրոպեական առկայծումներում, որոնցով լի է ժամանակակից արվեստի աշխարհը, նրա գործերն ապագայի մեջ հաստատում են իրենց մնայուն տեղը, իրենց պատվավոր հանգրվանը գտնում աշխարհի բազմաթիվ երկրների անհատ արվեստասերների հավաքածուներում։

Անհատական երկրորդ ցուցադրությունը եւս մի ասելիքի բարձրաձայնում էր ու կարծես որդիական տուրք իր քաղաքին, որից հետո, ինչպես Հասմիկն է մի փոքր բացում ապագայի անելիքների փակագծերը՝ մտադիր է մի նոր, ասելիքով հարուստ շարքի ստեղծմանը, որը ժամանակի ընթացքում հասունացել ու ամբողջացել է իր մտքում եւ շուտով նոր սկիզբ կդնի նրա ստեղծագործական աշխարհում, իր արվեստի երկրպագուներին նվիրելով եւս մի անմոռանալի լույսի տոն, որով հարուստ են նրա ստեղծագործական վրձնագրերը։

Արմինե ՄԵԼԻՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
18.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728