Մյունխենի անվտանգության 62-րդ համաժողովը, որը տեղի ունեցավ գլոբալ տուրբուլենտության աննախադեպ պայմաններում, դարձավ ոչ թե պարզապես հերթական դիվանագիտական հարթակ, այլ յուրատեսակ սահմանագիծ՝ արձանագրելով հին աշխարհակարգի վերջնական ապամոնտաժումն ու նոր, բազմաբևեռ և խիստ անկանխատեսելի ուժային կենտրոնների ձևավորման անդառնալի ընթացքը։
Համաժողովի առանցքային ուղերձը հստակ էր՝ աշխարհը մտել է «կառուցվածքային անկայունության» փուլ, որտեղ անվտանգությունը դադարել է լինել կոլեկտիվ բարիք և վերածվել է դեֆիցիտային ռեսուրսի, որի համար պայքարը ընթանում է հիբրիդային պատերազմների, տնտեսական հարկադրանքի և տեխնոլոգիական մրցավազքի բոլոր հարթություններում։
Այս համատեքստում որոշ փորձագետներ առաջ են քաշում այն կանխադրույթը, թե «Մյունխեն-2026»-ը փաստացի ազդարարեց «Pax Americana»-ի («Ամերիկյան խաղաղություն») կամ ամերիկյան գերիշխանության դարաշրջանի ավարտը, սակայն ոչ թե հօգուտ չինական կամ որևէ այլ՝ մեկ գերիշխող բևեռի, այլ հօգուտ մի խճանկարային համակարգի, որտեղ միջին տերությունները՝ Թուրքիայից ու Հնդկաստանից մինչև Սաուդյան Արաբիա և Բրազիլիա, սկսել են թելադրել խաղի սեփական կանոնները՝ հմտորեն մանևրելով գերտերությունների հակասությունների միջև և մերժելով ավանդական «Արևմուտքն ընդդեմ մնացյալի» դիխոտոմիան։
Քննարկումների առանցքում, բնականաբար, մնում էր եվրոպական անվտանգության ճարտարապետության ճգնաժամը, որը խորացել է ուկրաինական հակամարտության ձգձգման և դրա՝ լոկալ պատերազմից դեպի երկարաժամկետ հյուծման պատերազմի վերածվելու ֆոնին։ Այս պարագայում այն ստիպում է Եվրոպային վերաիմաստավորել իր ռազմավարական ինքնավարության հայեցակարգը։ Եթե նախկինում եվրոպական առաջնորդները խոսում էին ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի հետ համերաշխության մասին, ապա Մյունխենի համաժողովում առավել ակնհայտ դարձավ վախը Վաշինգտոնի իզոլացիոնիստական քաղաքականության, Ամերիկյան աշխարհամասով պարփակվելու և ԱՄՆ-ի ուշադրության՝ առավել դեպի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան տեղափոխումից, ինչը Հին աշխարհամասին կանգնեցնում է սեփական պաշտպանական արդյունաբերությունը ռազմական ռելսերի վրա դնելու և անվտանգային «հովանոցը» սեփական ուժերով ապահովելու անհրաժեշտության առջև։
Կարդացեք նաև
Սա ենթադրում է ոչ միայն ռազմական բյուջեների կտրուկ ավելացում, այլև քաղաքական կամքի դրսևորում, որը հաճախ բացակայում է բյուրոկրատացած եվրոպական կառույցներում, մյուս կողմից էլ՝ ԵՄ երկրների շարքերում տարբեր հարցերում անհամաձայնության դրսևորումներ են լինում։ Հենց այս դիսոնանսը՝ ցանկությունների և հնարավորությունների շրջանակում, դարձավ համաժողովի կուլիսային քննարկումների հիմնական լեյտմոտիվը։
Զուգահեռաբար համաժողովն ի ցույց դրեց Գլոբալ Հարավի սուբյեկտայնության աննախադեպ աճը, քանի որ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրները հրաժարվում են միանալ պատժամիջոցային ռեժիմներին կամ ընտրություն կատարել Վաշինգտոնի և Պեկինի (կամ Մոսկվայի) միջև՝ նախընտրելով «գործարքային չեզոքության» քաղաքականությունը, որը նրանց թույլ է տալիս առավելագույն օգուտներ քաղել բոլոր կողմերից։ Այս «չմիավորման նոր շարժումը» զուրկ է գաղափարական հիմքից և խարսխված է բացառապես ազգային շահերի և տնտեսական պրագմատիզմի վրա, ինչը նոր մարտահրավեր է նետում Արևմուտքի՝ արժեքահեն արտաքին քաղաքականությանը՝ ստիպելով վերջինիս վերանայել իր մոտեցումները և գործընկերության առաջարկները դարձնել ավելի շոշափելի ու նյութական։
Համաժողովի ընթացքում հստակ երևաց, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, կորցրել են իրենց արդյունավետությունը ճգնաժամերի կառավարման գործում, և աշխարհը մեծ արագությամբ շարժվում է դեպի բազմակենտրոնություն, որտեղ գերիշխող են փոքր, իրավիճակային դաշինքների ձևաչափերը, որոնք ձևավորվում են, երբ մի քանի շահագրգիռ երկրներ միավորվում են կոնկրետ խնդիր լուծելու համար։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ»» թերթի այսօրվա համարում։


















































