Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդումը դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն որակվեց։ Շատ ավելի հաճախ Եկեղեցու հանդեպ տեղի ունեցող արշավանքի հարցերը քննարկման ոչ թե իրավական, այլ բարոյական տիրույթ են տեղափոխվում։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասում է՝ լիովին համաձայն է դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն ձևակերպման հետ։ «Այո՛, քրեական հետապնդում հարուցվեց մեր հովվապետի՝ Վեհափառ հոր նկատմամբ։ Այս իրավիճակում ես զուտ քաղաքացի չեմ, հայ եմ, քրիստոնյա եմ, իրավաբան եմ, որը բազմաբևեռ տեսանկյունից բոլոր հարթություններում շատ ծանր է տանում տեղի ունեցող հետապնդումները մեր հնագույն ինստիտուցիոնալ կառույցի նկատմամբ։ Իրավիճակը գնահատելի է քրիստոնեության տեսանկյունից, այն է՝ Եկեղեցու նկատմամբ միջամտությունները՝ որպես կրոնական կազմակերպություն, իրավիճակը գնահատելի է քաղաքական տեսանկյունից, որովհետև այս ամենը առաջին հերթին քաղաքական միջամտության հետևանք է։ Այս ամենը, երբ համալիր անդրադարձ ենք կատարում, սկսվել է երկրի վարչապետի միջամտությամբ՝ հակասահմանադրական եղանակով։ Բազմիցս խոսել ենք, որ Եկեղեցու ներքին գործերին պետական մարմինների միջամտությունը անթույլատրելի է, դա Սահմանադրությամբ սահմանված ճշմարտություն է, դա վարչապետին՝ իր գործառույթներով կաշկանդող ճշմարտություն է՝ օրինականության սկզբունքի համատեքստում։ Այսինքն, վարչապետը իրավունք չուներ անել այն ամենը, ինչ նա անում է, իսկ վերջին՝ «բարենորոգումների հայտարարությունը» որպես վարչապետ ստորագրելուց հետո առավել ևս հակաիրավական տիրույթ թևակոխեց։ Սա նաև քաղաքական հարթությունում է գնահատելի, որովհետև ակնհայտ քաղաքական հետապնդումներ են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նկատմամբ։ Ողբերգական արձանագրում է, որ չորս արքեպիսկոպոս սրբազան հայրեր ազատազրկված են, չորսի նկատմամբ էլ ամենածանր խափանման միջոցը կիրառվեց, ճիշտ է՝ հընթացս որոշները փոփոխվեցին։ Կալանքն ամենածանր խափանման միջոցն է ու պետք է համաչափ լինի կատարված արարքին, չորսի դեպքում էլ դրա անհրաժեշտությունը բացակայում էր, բայց կիրառվեց կալանք։ Սա ևս փաստում է, որ դասական քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։
Ընդգծում է՝ այլ դրվագներ ևս կան։ «Սկսած 18 հոգևոր հայրերի, որպես վկա, նույն օրը Պատարագի ժամին հարցաքննության կանչելուց և վերջացրած այս վերջին խայտառակ դեպքից, երբ խափանելու համար Եպիսկոպոսաց հոգևոր ժողովը, թույլ չտալու համար, որ հոգևոր հայրերը մեկնեն երկրից, նրանց արհեստածին մեղադրանքներ առաջադրեցին և դրանց համատեքստում թույլ չտվեցին, որպեսզի վերջիններս Ավստրիա մեկնեն։ Իսկ զարգացումների էպոպեան, ցավոք, Վեհափառ հոր նկատմամբ հարուցված քրեական գործն էր, որով պատմական առումով դարձանք միակ երկիրը, որտեղ քաղաքական իշխանությունն իրեն այսչափ թույլ է տալիս միջամտություն, և նման սանկցիա է կիրառվում երկրի՝ բացառիկ ազգային եկեղեցի հռչակված կրոնական կազմակերպության առաջնորդի նկատմամբ։ Աշխարհի օրինակներն էի ուսումնասիրում։ Հունաստանի, Ուկրաինայի դեպքերն են նմանաբնույթ, բայց ոչ ոք այդ կարմիր գիծը դեռևս չի հատել։ Այդ տեսանկյունից էլ է խայտառակություն, որ նման բան ենք թույլ տալիս մենք՝ լինելով այն բացառիկ ազգը, որ հնագույն՝ 1700-ամյա ինստիտուցիոնալ կառույց ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու տեսքով, որը դարերի ընթացքում երաշխիքն է եղել մեր ազգի գոյատևման. շատ դեպքեր են եղել, երբ հայ ազգը չի ունեցել պետականություն, բայց որպես ազգ, ի տարբերություն մի շարք օրինակների, հաջողվել է հարատևել, օրինակ՝ Ցեղասպանության միջով անցելով, և դա կարողացել ենք անել բացառապես Եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նվիրականության շնորհիվ։ Հարատևել ենք թե՛ որպես ազգ, թե՛ մեր լեզուն ենք պահպանել, թե՛ մեր մշակութային արժեքները աշխարհով մեկ։ Չխոսենք իրավական գնահատականների, արդարադատության, իրավական գործընթացների ձևախեղումների մասին, որովհետև կրկին աշխարհի առումով անթույլատրելի նախադեպ է դառնում, երբ Հովվապետի որոշումն են բողոքարկում, դրան ընթացք են տալիս, կարգալույծ եղած քահանաներին իրավապահ մարմինները և դատարանները թույլ են տալիս վերականգնվել իրենց պաշտոններում։ Սա իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում»,-նկատում է մեր զրուցակիցը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































