Մամուլում հրապարակվել է Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի շրջաբերականը, որով առաջարկվում է հայ ուսանողներին մասնակցել Թուրքիայի կրթաթոշակային ծրագրերին: ԱԳՆ խողովակներով Գիտության կոմիտե հասած այս շրջաբերականն առաջին անգամ է կիրառվում մեր երկրի կրթության ոլորտում:
Aravot.am-ի հետ թեմայի վերաբերյալ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը որոշ փակագծեր բացեց. «Ես ավելին ասեմ. ես հիմա խոսում եմ որպես Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան: Մենք դրանից հետո ստացել ենք պաշտոնական փաստաթուղթ, որն ուղարկվել է պաշտոնական փաստաթղթաշրջանառության Մալբրի համակարգով եւ առաջարկվում է ոչ միայն ուսանողներին, այլեւ դասախոսներին ու հետազոտողներին մասնակցել Թուրքիայի կառավարության կողմից կազմակերպվող մրցույթին, կրթաթոշակ ստանալ եւ մեկնել Թուրքիա, որպեսզի տարբեր բնագավառներում իրականացնել հետազոտություններ՝ եթե հետազոտողներին է վերաբերվում, ուսանել Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ եթե ուսանողներին է վերաբերվում»:
Ատոմ Մխիթարյանը նաեւ ընդգծեց. «Ընդ որում, այդ գրության մեջ ասվում է՝ տարածեք սա բոլոր ուսանողների, դասախոսների եւ հետազոտողների շրջանում, որպեսզի նրանք կարողանան դիմել ու վերջնաժամկետից էլ չուշանալ (վերջնաժամկետը փետրվարի 20-ին է): Այս փուլում նման բան անելը այն նույն տրամաբանության մեջ է, ինչ որդեգրել է Հայաստանի այսօրվա իշխող վարչախումբը, ինչը ենթադրում է նաեւ գիտության, կրթության ոլորտում անմիջական կախվածության տակ դնել Հայաստանը հարեւան երկրներից:
Պարզ է՝ այս փուլում մի քիչ դժվար կլիներ Ադրբեջանի կրթաթոշակներին մասնակցել տալ հայերին, որովհետեւ ոչ ոք չէր համաձայնվի, բայց քանի որ Թուրքիայի հետ խնդիրներ չկան գնալ-գալու, ուղիղ թռիչքներ էլ կան վաղուց, խրախուսվում է: Գաղտնիք չէ, որ իշխող վարչախմբի մեջ կան մարդիկ, որոնք թուրքական կրթական ծրագրերով այցելություններ են արել, դրա համար մտածում են այս մեթոդներով մասնակցելու, նաեւ այդ ծիրի մեջ ինչքան հնարավոր է շատ ուսանողների, հետազոտողների եւ դասախոսների ներգրավելու մասին»:
Կարդացեք նաև
Կրթության փորձագետի ձեւակերպմամբ՝ առաջին հայացքից դրա մեջ կարծես վատ բան չէր լինի, եթե հայկական կողմը կարողանար նույնպիսի բաներ առաջարկել Թուրքիայի հետազոտողներին. «Եթե դա լիներ փոխանակման ծրագիր, եւ Թուրքիայի տարբեր հետազոտողներ գային Հայաստան, ու հայերի հետ համատեղ հոդվածներ գրեին, ես դա կհասկանայի: Բայց տվյալ պարագայում մեզ անմիջական կախվածության մեջ են դնելու՝ հատկապես այնպիսի թեմաներով, որոնք առաջնահերթ են Թուրքիայի կառավարության համար, մերոնք ըստ էության երկրորդական դիրք են զբաղեցնելու: Այսինքն, փողը տալու են այն հայ ուսանողներին ու հետազոտողներին, որոնք կանեն այնպիսի հետազոտություն կամ այնպիսի գիտական ուղղություններով իրենց ուսումնառությունը կիրականացնեն, որը ձեռնտու է թուրքական կառավարությանը: Սա, ըստ էության, հիմք է դնում փափուկ ուժի գործողություններին հայերի շրջանում: Այսինքն այստեղից տանելու են ուսանողների, դասախոսների, հետազոտողների, ուղեղները սիրուն լվանալու են, հետո նրանք կամ կվերադառնան, կամ չեն վերադառնա, բայց կդառնան թուրքական այսօրվա պետության քաղաքականության տարածողները, բազմապատկիչները հայ հասարակության մեջ»:
Ավելի վաղ նույն թեմայի վերաբերյալ նաեւ ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր այս մասին մտահոգություն հայտնել: Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգել էր, որ ՀՀ պետական կրթական գերատեսչությունը պաշտոնապես գովազդում եւ տարածում է թուրքական պետական կրթական ծրագրերը։
«Սա զավեշտ էլ չէ, սա խայտառակություն է․ թուրքական կառավարության ուսումնական ծրագրերի համար ՀՀ կառավարությունը երբեք գործընկեր չի եղել, չի տարածել թուրքական պետական ուսումնական ծրագրերի մասին տեղեկատվություն՝ իր պետական համակարգերով եւ այդպիսով չի խրախուսել ՀՀ քաղաքացիների մասնակցությունը թուրքական պետական կրթական ծրագրերին»,- նշել էր Արմեն Աշոտյանը:
Նրա ձեւակերպմամբ՝ վերջին տարիներին գործ ունեինք պետական համակարգի թրքացման հետ՝ ՀՀ գործող իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում, հիմա ունենք «ճչացող, զռռացող մի երեւույթ», երբ ՀՀ պետական կրթական գերատեսչությունը պաշտոնապես գովազդում եւ տարածում է թուրքական պետական կրթական ծրագրերը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































