Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ ՔՊ ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի քվեարկության արդյունքներին։ Նշենք, որ ըստ քվեարկության՝ Անահիտ Ավանեսյանը ցուցակի 13-րդ հորիզոնականում է։
Հարցին, թե իրեն զարմացրեցի՞ն իր հավաքած ձայները, Ավանեսյանը պատասխանեց․ «Նախ ասեմ, որ 2018 թվականին ես շատ ակտիվ մասնակցություն ունեցել եմ քաղաքական գործընթացներին։ Երկրորդ, իհարկե, ցանկացած ընտրության արդյունք, եւ նման մրցակցային ընտրության արդյունքները միշտ էլ ոչ թե զարմացնում են, այո, ուրախացրեցին։ Եվ ես շնորհակալ եմ մեր բոլոր պատվիրակներին, ովքեր վստահության քվե են տվել ինձ եւ գնահատել են վերջին 7 տարիների իմ քաղաքական գործունեությունը»։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ գործադիրից օրենսդիր տեղափոխվի, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ այդ մասին դեռ շատ շուտ է խոսելը։
Անդրադառնալով հարցին, թե Աջափնյակի կրակոցների հետեւանքով վիրավորներն ի՞նչ վիճակում են, նախարարը պատասխանեց․ «Գիտեք, որ բավական ծանր է մեր պացիենտների վիճակը։ Իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները։ Հիմա լրացուցիչ այլ բան չեմ կարող ասել, գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ դեղատոմսի ամսական միջին արժեքը, որը կազմում է 20 հազ ՀՀ դրամ, 65+ տարիքի մեր քաղաքացիների համար վճարում է պետությունը: Պարզաբանելով իր այս միտքը՝ նախարարն ասաց․ «Ես հարցնում էի դեղատան աշխատակցից, թե ինչքա՞ն է միջին էլեկտրոնային դեղատոմսի արժեքը կազմում։ Այսինքն՝ մեր 65+ քաղաքացիները, երբ մոտենում են դեղատուն, միջինում ինչքա՞ն կկազմեր այն գումարը, եթե նրանք իրենց գրպանից վճարեին։ Եվ մեր դեղագետը նշեց, որ այն միջինում 20 հազար դրամ է կազում։ Ես էլ հստակ գրել եմ, որ ստացվում է, որ մեր 65+ տարիքի քաղաքացիները, ովքեր նախկինում ամսական միջինը 20 հազար դրամ իրենց կենսաթոշակից ծախսում էին դեղեր գնելու համար, հիմա չեն ծախսում, եւ դրա դիմաց վճարում է պետությունը։ Բայց նույն ռեպորտաժում խոսում էին նաեւ մի պացիենտի մասին, ով մինչեւ 100 հազար դրամի դեղորայք է ստացել ապահովագրության շրջանում։ Գումարի սահմանափակման մասին չէր խոսք գնում»։
Նախարարը նշեց, որ 65+ տարիքի անձինք ապահովագրության շրջանակներում հունվարի մեկից շատ մեծ ֆինանսական խնայողություններ են իրականացնում։ Եվ սա չի վերաբերում միայն դեղերին․ բուժօգնություն ստանալու մասով 65+ քաղաքացիների այցերի համամասնությունն այցերի ընդհանուր թվում 50 տոկոսից ավելի են։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































