2025 թվականի դեկտեմբերի 16-ին Գյումրու մարզամշակութային կենտրոնում պիտի կայանար սիրված երգիչ ու երգահան Ռուբեն Հախվերդյանի ամանորյա համերգը, սակայն տոմսեր ձեռք բերած երկրպագուներին համերգից մեկ ժամ առաջ տեղեկացրել են, որ համերգը չի կայանալու։ Թե ինչ պատճառով` նրանք մինչև օրս էլ չգիտեն։
Մի քանի օր է՝ Aravot.am-ը բողոքներ է ստանում նրանցից այն մասին, որ երկու ամիս է անցել, սակայն տոմսերի գումարը չեն վերադարձնում։ Տոմսի արժեքը 5 հազար դրամ է։
Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացիներից մեկն ասաց, որ 4 տոմս է ձեռք բերել tomsarkgh.am-ով՝ վճարելով 20 հազար դրամ, սակայն այն վերադարձնող չկա։ Մեկ այլ քաղաքացի էլ 10 հազար դրամ է վճարել՝ երկու տոմս գնելով։
«Համերգից մեկ ժամ առաջ tomsarkgh.am-ից ինձ թե՛ զանգով, և թե՛ նամակով տեղեկացրեցին, որ համերգը չի կայանալու։ Սրտատրոփ էինք սպասում Ռուբեն Հախվերդյանի ելույթին, թե ինչ պատճառով չեղարկվեց, այդպես էլ չիմացանք։ Ասացին, որ գումարը կվերադարձնեն։ Ուշացավ, կազմակերպչից հեռահոսահամար ճարեցինք ու զանգահարեցինք, ասաց՝ հաջորդ շաբաթ կվերադարձնի, դարձյալ չվերադարձրեց։ Դեկտեմբերին երկու անգամ խոսել եմ կազմակերպչի հետ, հույսեր էր տալիս, իսկ երբ զանգահարեցի հունվարին, արդեն անհասանելի էր։ Զանգահարել ենք նաև tomsarkgh.am, որտեղից փոխանցել են, որ իրենք չեն կարող գումար վերադարձնել, քանի որ իրենք չեն կազմակերպիչը, ընդամենը տոմսերի վաճառքի միջնորդն են։
Կարդացեք նաև
Չգիտենք՝ ում դիմենք, գիտեք՝ մի տնից քանի հոգու համար են տոմս գնել։ Սա խաբեություն է, կարծես քեզ ձեռ առնեն», -ասում էր մեզ դիմած քաղաքացին։
Ի դեպ, համացանցում ևս բազում գրառումներ կան այս մասին․ խաբված օգտատերերից մեկը գրում է, որ այլ մարդկանց է գտել, կապվել նրանց հետ, ովքեր փոխանցել են, թե կազմակերպիչը երկրում չէ, փետրվարին կգա։
Aravot.am-ը, ճշտելով, թե ով է կազմակերպիչը, փորձեց կապ հաստատել նրա հետ, սակայն հեռախոսահամարն անհասանելի էր։ Համերգի կազմակերպիչը Գյումրու բնակիչ Տիգրան Պապոյանն է։
Մենք զանգահարեցինք նաև Գյումրու մարզամշակութային կենտրոն։ Այստեղից մեզ փոխանցեցին, որ իրենց ևս շատ են դիմում այս հարցով, զանգահարում են, գալիս են քաղաքացիները, սակայն իրենք չեն բողոքի հասցեատերը, տոմսերի 90 տոկոսը tomsarkgh.am-ով է վաճառվել, մարզամշակութային կենտրոնից քիչ քանակությամբ՝ 2 կամ 3 տոմս է վաճառվել։ Մարզամշակութային կենտրոնը դահլիճը պետք է տրամադրեր վարձակալությամբ։
Այստեղից մեզ նաև փոխանցեցին, որ կազմակերպչի հետ առաջին անգամ էին շփվում, նա եկել է իրենց մոտ՝ դահլիճը վարձակալելու, իսկ համերգից մեկ ժամ առաջ էլ, առանց պատճառը նշելու, տեղեկացրել է, որ համերգը չի կայանալու։
Թե ուր է կազմակերպիչը, նրա հետ չի հաջողվե՞լ է կապ հաստատել, մարզամշակութային կենտրոնում որևէ տեղեկություն չունեն, փոխանցեցին, որ ըստ շրջանառվող լուրերի, որոնք նաև իրենց են հասել, նա դիրքեր է բարձրացել:
Aravot.am-ը թեմայի շուրջ պարզաբանում ստացավ նաև tomsarkgh.am-ից։
Վաճառքի մենեջեր Հովհաննես Մխիթարյանն ասաց, որ առաջին անգամ են համագործակցել Տիգրան Պապոյանի հետ, չվստահելու որևէ առիթ չեն ունեցել, նա Ա/Ձ ունի, պայմանագիր են կնքել, որով նա պարտավորվում է tomsarkgh.am-ի ծառայության դիմաց վճարելու, միջնորդավճարը փոխանցելու:
Սկզբում tomsarkgh.am-ի ներկայացուցիչներին տեղեկացրել են, թե կազմակերպիչ Տիգրան Պապոյանը հունվարի 4-ից մինչև հունվարի վերջ բարձրացել է դիրքեր, իսկ վերջերս նա անձամբ է կապ հաստատել իրենց հետ՝ զանգահարելով ու տեղեկացնելով, որ այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, փոխանցել է, որ գնացել է ՌԴ գումար աշխատելու, որ պարտքերը փակի ու խնդրել է՝ իրավական գործընթաց չսկսել իր նկատմամբ։
«Ես, իհարկե, tomsarkgh.am-ի անունից կարող եմ խոսել, բայց վստահորեն կարող եմ ասել նաև, որ Գյումրու մարզամշակութային կենտրոնը ևս այս հարցում պատասխանատվություն չի կրում կազմակերպչի անպատասխանու արաքի համար, որովհետև մենք համարվում ենք միջնորդ ընկերություն, կապ ենք ստեղծում հաճախորդի և կազմակերպիչի միջև, այդ գումարները մերը չեն, հետևաբար մենք չենք կարող մեր միջոցներից գնորդին վերադարձնել։
Փաստն այն է, որ կազմակերպիչը գնորդներին անընդհատ ասել է՝ հետ կտամ գումարները, չի տվել, ու հիմա երկրում չէ, ՌԴ-ում է։ Հենց նա է այս մասին տեղեկացրել մեզ՝ նշելով, որ գնացել է աշխատելու, որ գա, պարտքերը փակի»,-ասաց մեր զրուցակիցը։
Tomsarkgh.am-ով 70-ից ավել տոմսեր են վաճառվել։
Ըստ պտտվող լուրերի՝ կազմակերպիչը, գրանցված լինելով որպես անհատ ձեռնարկատեր, չի կարողացել գումար հանել իր ԱՁ-ից՝ ԴԱՀԿ-ի կողմից դրված արգելանքի պատճառով, համերգի տեխնիկական մասն ապահովող մասնագետներն էլ ցանկացել են, որ համերգից առաջ իրենց վճարի, համաձայնության չեն եկել, որի պատճառով էլ համերգը չի կայացել։
Իհարկե, սա ընդամենը շրջանառվող խոսակցություն է, այս մասին հավանաբար հնարավորություն կունենանք լսելու թե՛ կազմակերպչից և թե՛ Ռուբեն Հախվերդյանից, որին անչափ շատ էին սպասում Գյումրիում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































