«Մեր ձեւով» շարժման անդամներն այսօր Արտաշատում ներկայացրել են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հինգ քայլերը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Սամվել Կարապետյանն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն։
Շարժման ներկայացուցիչ Մարիաննա Ղահրամանյանը հավաստիացնում է, որ Արտաշատում մեծ հետաքրքրություն կա հատկապես փոքր բիզնեսին ուղղված ծրագրի նկատմամբ։
«Մենք անցնում ենք Արտաշատի կենտրոնական փողոցով, որտեղ բազմաթիվ փոքր խանութներ ու վարսահարդարման սրահներ կան։ Այստեղ աշխատում են մեր այն հայրենակիցները, ովքեր մեծ ակնկալիքներով սպասում են, որ ընդամենը մի քանի ամիս անց իրենց բիզնեսն ավելի լավ պայմաններում կաշխատի։ Մեր ծրագրով փոքր բիզնեսի համար նախատեսված է 0 տոկոս հարկ, ինչը կթեթևացնի, օրինակ, փոքրիկ ծաղկի սրահի բեռը և հնարավորություն կտա զարգացնել ու ընդլայնել բիզնեսը», – ասում է Ղահրամանյանը։
Ըստ նրա՝ ծրագրերից է նաև բերքի երաշխավորված մթերումը, որը գյուղացիներին երաշխավորված մթերման գործընթաց է խոստանում։ Մեր մասնագետները մշակել են ծրագիրը. նախատեսվում են մթերման կայաններ, և Հայաստանում այլևս գյուղացին պետության կողմից իրեն անտեսված չի զգա։ Չի լինելու մշակված բերք, որը կունենա իրացման խնդիր։


















































