Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի հետ «չկռվելու» դոկտրինը

Փետրվար 20,2026 12:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

«ԵԱՏՄ-ԵՄ անհամատեղելիության» ռուսական շարունակական թեզը

Վերջին շաբաթներին Մոսկվայից հնչած հայտարարությունները ձեւավորում են հստակ քաղաքական շրջանակ. Հայաստանը կանգնած է ընտրության առջեւ՝ խորացնել եվրոպական ինտեգրացիա՞ն, թե՞ պահպանել իր դիրքը Եվրասիական տնտեսական միությունում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը բաց տեքստով հայտարարեց. «Ցանկացած մարդ, որը ծանոթ է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության գործունեության սկզբունքներին, տեղյակ է, որ հնարավոր չէ անցնել ԵՄ չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ»։

Լավրովի շեշտադրումները երեք առանցք ունեն. իրավական անհամատեղելիություն՝ ԵՄ նորմատիվ բազայի ամբողջական ներդրումը հակասում է ԵԱՏՄ կանոնակարգերին։ Արտաքին քաղաքական ուղղությունը. ԵՄ-ին անդամակցությունը ենթադրում է միացում ընդհանուր արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցներին, ինստիտուցիոնալ ներթափանցում՝ վիզային ազատականացման գործընթացը ենթադրում է ԵՄ դերակատարություն սահմանների ու իրավապահ համակարգի ոլորտներում, ինչը Մոսկվան դիտարկում է որպես իր ներկայության հետ անհամատեղելի։

Այս շեշտադրումները ոչ միայն քաղաքական ազդակ են, այլ նաեւ նախազգուշացում. Մոսկվան Երեւանի եվրոպական ուղին դիտարկում է ոչ թե տնտեսական դիվերսիֆիկացիայի, այլ ուղղակի ռազմավարական վերադասավորման համատեքստում։

«Արագացված մերձեցման» գինը

ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովն ավելի կոշտ ձեւակերպում էր գործածել՝ ընդգծելով, որ ԵՄ-ն «արագ վերափոխվում է ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի» եւ որ Երեւանի արագացված մերձեցումը կարող է բացասաբար ազդել դաշնակցային հարաբերությունների վրա։

Այստեղ կարեւոր է «արագացված» բառը։ Մոսկվան, ըստ էության, ընդունում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը տարբեր ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու հարցում, սակայն դեմ է գործընթացի արագացմանը, որը կարող է փոխել ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում։

Այսպիսով, ձեւավորվում է երկակի ուղերձ. իրավական–տնտեսական անհամատեղելիություն, քաղաքական հետեւանքներ՝ դաշնակցային հարաբերությունների համար։

Փաշինյանի պատասխան ռազմավարությունը. «Ռուսաստանի դեմ չենք գործելու»

Փետրվարի 10-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը փորձեց մեղմել իրավիճակը։ Նրա առանցքային ձեւակերպումը հստակ էր. «Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու մեր օրակարգում։ Դա բացառված է։ Որեւէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի, մինչեւ հիմա փորձեր չեն էլ եղել, բայց՝ որեւէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ»։ Այնուհետեւ նա հավելեց. «Մենք երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան»։

Վերոնշյալ հայտարարությունները երկակի ուղերձ են՝ Մոսկվային հանդարտեցնելու, Արեւմուտքին՝ ցույց տալու, որ Երեւանը չի պատրաստվում վերադառնալ միաբեւեռ կախվածության։ Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը նախկինում առաջարկվել էր հենց Ռուսաստանին՝ ընդգծելով «տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն» սկզբունքները։

Այսպիսով, Փաշինյանը ձեւավորել է Մոսկվայի հետ «չկռվելու» դոկտրին՝ հարաբերությունները պահելով քաղաքական երկխոսության դաշտում։

Երկաթուղային հանգույց. մրցակցային առավելությո՞ւն, թե՞ ռազմավարական խոցելիություն

Հայկական երկաթուղիների կառավարման հարցը դարձել է առանցքային թեմա։ Փաշինյանը փաստացի ընդունեց, որ ռուսական կառավարման հանգամանքը միջազգային համատեքստում օգտագործվում է որպես փաստարկ՝ Հայաստանը շրջանցելու օգտին։

Նրա խոսքով՝ որոշ շրջանակներ առաջարկում են, որ Նախիջեւանից հետո երկաթուղին չմտնի Հայաստան՝ հենց այն պատճառով, որ կառավարման իրավունքը ռուսական է։ Այս համատեքստում նա առաջարկեց լուծում. կոնցեսիոն կառավարման իրավունքը կարող է ձեռք բերել երրորդ երկիր՝ օրինակ Ղազախստանը, ԱՄԷ-ն կամ Քաթարը, որոնք բարեկամական հարաբերություններ ունեն ե՛ւ Երեւանի, ե՛ւ Մոսկվայի հետ։

Սա, ըստ էության, փորձ է ապաքաղաքականացնել կառավարման խնդիրը՝ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է բանակցություններ սկսել երկու հատվածների վերականգնման շուրջ։ Սա հերթական սիմվոլիկ ազդակն է՝ Մոսկվան չի ցանկանում կորցնել վերահսկողությունը գործընթացի նկատմամբ, բայց նաեւ չի ցանկանում բացահայտ հակադրություն Երեւանի հետ։

Հետեւաբար հարցը՝ արդյո՞ք Փաշինյանը կգնա կտրուկ քայլերի՝ հայ-ռուսական հարաբերությունները սրելու ուղղությամբ, վերջին հարցազրույցի շեշտադրումները հիմք ընդունելով, կարելի է ասել, որ ոչ, նա կտրուկ քայլերի հակված չէ։

Փաշինյանի ուղերձները հետեւյալն են. անձնական ջերմ հարաբերություններ Ռուսաստանի ղեկավարության հետ, ռազմավարական շահերի պաշտպանություն՝ առանց հակառուսական հռետորաբանության, կոնֆլիկտների բաց քննարկում, բայց ոչ հրապարակային դիմակայություն։

Սակայն, միեւնույն ժամանակ, պաշտոնական Երեւանի համար վտանգը երկկողմ է. եթե եվրոպական մերձեցումը խորանա, Մոսկվան կարող է գործի դնել տնտեսական կամ էներգետիկ սահմանափակման լծակները, իսկ եթե գործընթացը դանդաղի, Հայաստանը կարող է կորցնել մրցակցային դիրքերը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։

Չվնասել ոչ հայ-ռուսական հարաբերություններին, ոչ սեփական շահերին. Կստացվի՞

Այսպիսով, Մոսկվան բաց տեքստով պահանջում է ընտրություն կատարել, մինչդեռ պաշտոնական Երեւանը փորձում է պահպանել բազմավեկտորություն։

Սա նշանակում է, որ Մոսկվայից սահմանափակ քաղաքական ճնշումները՝ հռետորաբանության եւ տնտեսական ազդակների տեսքով, կշարունակվեն, սակայն կտրուկ պատժամիջոցներ առայժմ չեն լինի։

Փաշինյանի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ նա չի պատրաստվում գնալ կտրուկ սրման։ «Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու» ձեւակերպումը ռազմավարական ուղերձ է։ Սակայն միաժամանակ նա նաեւ ասում է՝ «մենք չենք կարող գործել Հայաստանի դեմ»։ Ակնհայտ է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վերաիմաստավորման նոր փուլ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728