Բռնապետերի հռետորաբանության մեջ շատ տարածված են դարձվածքներ, որոնք սկսվում են «ես թույլ չեմ տա» բանաձեւով: Կամ, հաշվի առնելով, որ նրանք «ժողովրդի ոգու» եւ միաժամանակ՝ պետության ու կառավարության միակ մարմնավորումն են՝ «մենք թույլ չենք տա»:
Բերեմ մի քանի օրինակ: Ադոլֆ Հիտլեր. «Ես թույլ չեմ տա, որ Գերմանիային կրկին ստորացնեն»: Իոսիֆ Ստալին. «Մենք թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա կապիտալիստական պետությունների կցորդ»: Նույն հռետորը. «Մենք թույլ չենք տա, որ թշնամիները ներթափանցեն մեր շարքերը եւ վնասեն սոցիալիզմի գործին»: Ֆիդել Կաստրո. «Մենք թույլ չենք տա, որ յանկի-իմպերիալիզմը խլի Հեղափոխության նվաճումները»:
Նման ուղերձներն ունեն երեք նպատակ: 1/ Ցույց տալ, որ ամեն ինչ որոշվում է անձնապես, իսկ պետական ինստիտուտները, որոնք ի պաշտոնե պետք է ինչ-որ բան «թույլ տան» կամ «թույլ չտան», որեւէ նշանակություն չունեն: 2/ Ստեղծել «թշնամու սպառնալիք», որից պետք է պաշտպանվել: 3/ Մոբիլիզացնել սեփական կողմնակիցներին, որոնք պետք է ատեն թշնամուն եւ սիրեն առաջնորդին:
Փաշինյանի ու նրա թիմի անդամների հռետորաբարությունը կառուցված է նույն տրամաբանությամբ. գերհզոր առաջնորդը թույլ չի տա, որ Ռուսաստանը եւ նրա հայաստանյան գործակալները խաթարեն իրենց հրաշալի նվաճումները եւ զրկեն մեզ անկախությունից: Թե ի՛նչ ֆանտաստիկ նվաճումներ են դրանք եւ ո՛ր անկախության մասին է խոսքը, հիմա չխորանանք: Գուցե Կիրանցում պատի կառուցումը կամ Ադրբեջանի պահանջով սահմանադրության փոփոխությունը:
Կարդացեք նաև
Բայց կենտրոնանանք հռետորաբանության վրա, որը երբեմն ձեռք է բերում սովորական, սթափ բանականությանը հակասող ձեւեր: «Թույլ չեմ տա, որ եպիսկոպոսները հավաքվեն Ավստրիայում»: Նման անհեթեթության չէին հասնում անգամ վերը թվարկած՝ 20-րդ դարի բռնապետերը: Ներոնը՝ գուցե: Հաջորդ քայլով, հավանաբար, գործադիր իշխանությունը պետք է որոշի, թե որտեղ պետք է անցկացվի Նկարիչների միության համագումարը: Կամ՝ դատարանով որոշի, թե ով է նկարիչ, ով՝ ոչ:
Բայց կան ավելի զավեշտալի պնդումներ. «Թույլ չենք տա, որ ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն»: Դե, ուրեմն, պետք է կուսակցությունների մասին օրենքում փոփոխություն մտցնել՝ «կուսակցությունները կարող են միավորվել միայն վարչապետի աշխատակազմի գրավոր թույլտվությամբ»:
Ի՞նչ պիտի անեն, որ թույլ չտան: Նոր գործե՞ր կարեն: Բայց մի՞թե չեն տեսնում, որ դա այլեւս չի աշխատում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































