Լրահոս
Օրվա լրահոսը

Կարոտը՝ բոլորի հիշողության մեջ

Փետրվար 20,2026 13:12

Ջամբազի Արծիվ կոչեցին հերոսին, ով 1992թ․ հունիսի 13-ին արծվի պես վեր սլացավ՝ իր դիրքից ցած բերելու թշնամուն։ Ու այդ օրից անհայտ է արծվի ճակատագիրը։

Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը՝ Ջամբազի Արծիվը, ԼՂՀ մարտական խաչ 1 աստիճանի շքանշանակիրը, ՀՀ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ հերոսը ծնվել է 1964 թ․ փետրվարի 19-ին Սիրիայում։ 1965 թ․ դեկտեմբերի 22-ին նրանց ընտանիքը հայրենադարձվել է Հայաստան։ 4 զավակ ուներ սիրիահայ Հովհաննեսը․ երրորդը Կարոտն էր։ Այժմյան Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում էլ հասակ առավ, կրթություն ստացավ Կարոտը։ Ծառայեց խորհրդային բանակում, բարձրագույն կրթություն ստացավ Երևանում՝ պոլիտեխնիկական ինստիտուտում։

1988թ․ այս օրերին սկսված Արցախյան շարժումը ողջ հայությանը ոտքի հանեց, իսկ ուսանողներն առավել ակտիվ էին, ու Կարոտն էլ ցուցարարների շարքում էր։ Ու շուտով պարզ դարձավ՝ Արցախը կազատագրվի միայն զենքով։

1989թ․ Պռոշյան գյուղում ձևավորվում է ՀՅԴ մարտական ջոկատը, որի հրամանատարը Կարոտն էր։ 1990 թ. աշնանը Կարոտն իր մարտական խմբով համալրում է Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ գործող Շահումյանի պաշտպանական ուժերը։
Մարտական ու մանկության ընկերներ Պետրոս Ղևոնդյանի՝ Պետոյի ու Հրաչ Մուրադյանի հետ Շահումյանում տեղացի ուժերից ստեղծում էր նոր մարտական խմբեր, տեղի տղերքին սովորեցնում զենքի ու մարտարվեստի նրբությունները։

1991թ․ ապրիլին խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՕՆի միացյալ ուժերն սկսում են Հյուսիսային Արցախի հայաթափման գործընթացը, որը հայտնի է տխրահռչակ «Օղակ» անունով։ 1991 թ. ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի՝ Թաթուլ Կրպեյանի հրամանատարությամբ գտնվող խմբերին։

Կարոտն իր մարտիկների հետ հերոսաբար մարտնչեց այդ օրերին։ «Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»,- իր մարտիկներին ասում էր Կարոտը։

1991 թ. ապրիլի 30-ին «Օղակ 1-ին» գործողության ժամանակ Սիմոն Աչիգյոզյանի և «Արաբո» ջոկատի կռիվը Մարտունաշենում՝ խորհրդային բանակի զինվորների և ադրբեջանական ՕՄՕՆ-ի դեմ, անասելի հերոսություն էր։

Հերոսի մահով ընկան Սիմոն Աչիգյոզյանը, Թաթուլը՝ իրենց նահատակությամբ փրկելով տեղի բնակչությանը։ Մեծ էր նաև Կարոտի խմբի դերը։ 1991 թ. Կարոտն արդեն Ստեփանակերտի՝ Արցախյան գոյամարտի փառավոր զորական Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի 1-ին վաշտի գրոհային դասակի հրամանատարն էր ու իր մարտիկներով մասնակցեց Լեսնոյի և Խոջալուի ազատագրմանը, Ումուդլուի, Փարուխի և Մալիբեյլիի մարտերին։

1992-ին Կարոտի խումբը դարձյալ Շահումյանում էր, չնայած նախապատրաստվում էր Շուշիի ազատագրումը, որին շատ էր սպասում նաև Կարոտը, բայց այստեղ նույնպես կարևոր դեր ուներ։ «Մինչև Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնա», -ասել է հերոսը՝ ստանձնելով Բուզլուխի պաշտպանությունը՝ իր մարտիկներով դիրքավորվելով Ջամբազի լեռնագագաթի 29-րդ հենակետում։

Ու 1992թ․ հունիսի 13-ին ազերիների և Գանձակի՝ Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայված խորհրդային բանակի հատուկ նշանակության դիվիզիաներից մեկի գերազանցող ուժերի և զրահատեխնիկայի դեմ մղած անհավասար և հերոսական մարտը վերջինը եղավ Կարոտի համար։

Տարբեր մարտերում հերոսաբար ընկան նաև նրա զինակից ընկերներից Պետոն, Մնացը, Սերոբը, Ազատը, Արտակը, Անձնավուրը, Արմենը․․․

Այժմ Պռոշյանի մշակույթի տունը կոչվում է Կարոտի անունով, դպրոցը՝ Պետոյի։ Գյուղի Զորաց պանթեոնում են հավերժի ճամփան բռնել նաև 2020թ․ 44-օրյա պատերազմում՝ հոկտեմբերի 7-ին Վարանգաթաղի հերոսամարտում, նահատակված 17 պռոշյանցի հերոսները, նրանց շարքում է նաև հայտնի երգիչ Գևորգ Հաճյանը։

Հերոս Կարոտի հուշարձանը Պռոշյանի՝ իր անվան մշակույթի պալատի դիմաց է։

Փետրվարի 19-ին Կարոտի ծննդյան 62 ամյակի առթիվ Պռոշյանի ՀՅԴ «Դրո» կոմիտեն կազմակերպել էր ցերեկույթ։ Ռազմական ռեժիսոր, «Խոնարհ հերոսներ», «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարերի հեղինակ Սամվել Թադևոսյանի հետ ներկա եղանք ցերեկույթին։ Ս․ Թադևոսյանը նաև պռոշյանցի Անմահ հերոսներին նվիրված՝ «Անմահների ժամանակը» վերնագրով ֆիլմ է նկարահանել՝ «Արդարության մարտիկներ» շարքում, որի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Կարոտի անվան մշակույթի տան դահլիճում 2023թ․ փետրվարի 15-ին՝ Պետոյի հիշատակի օրվան նվիրված։ 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառում վիրավոր զինվորի կյանքը փրկեց Պռոշյանցի Պետոն՝ Պետրոս Ղեւոնդյանը։ Սակայն այս հերոսացումը վերջինը եղավ նրա համար…

Կարոտի ծննդյան օրվան նվիրված ցերեկույթին ներկա էին հերոսի հարազատները, մարտական և ուսանողական ընկերները, համագյուղացիներ, հյուրեր։ Կարոտի քարե հայացքի ներքո ռազմահայրենասիրական, ազգագրական երգերով, ասմունքով հանդես եկան մշակույթի տան սաները։ Նրանք ամեն օր են անցնում Ջամբազի Արծիվ-հերոսի արձանի մոտով, որի հարևանությամբ նաև Արցախյան առաջին գոյամարտում մարտիրոսված պռոշյանցի մյուս քաջորդիներին նվիրված հուշաքարն է՝ նրանց անուններով։ Կարոտի և պռոշյանցի անմահ հերոսների, ողջ մնացած քաջամարտիկների մասին խոսեց «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, Պռուշյան գյուղի ՀՅԴ կոմիտեի անդամ Համբիկ Սասունյանը, որն արդեն 4 տարի է՝ բնակվում է հերոսների գյուղում։

«Վստահ եմ՝ Պռուշյանն ամենաշատ անմահ հերոսներ տված գյուղերից է՝ Կարոտն է, Պետոն է, Հրաչ Մուրադյանն է, Ազնավուրն է․․․ Այժմ այստեղ ներկա են նաև նահատակ տղաների զինակից ընկերները։ Եվ ինձ համար մեծ պատիվ է՝ շրջապատված լինել նման հերոսներով։ Կարոտն այսօր, 100 տարի անց էլ կա, բոլորը, ովքեր իրենց երիտասարդ կյանքը տվեցին՝ գիտակցելով՝ հայրենիքի համար կյանքը տալուց ավելի մեծ պատիվ չկա մարդու համար, կան ու կլինեն։ Մեր խոնարհումը Կարոտի և բոլոր հերոսների հիշատակի առջև․․․», -ասաց Հ․ Սասունյանը։

Ցերեկույթից հետո Կարոտի զինակից ընկերները Պռոշյանի ՀՅԴ կոմիտեությունում հիշողություններ պատմեցին իրենց անցած մարտական ուղու մասին։ Ներկա էր նաև Կարոտի Ղուկաս եղբայրը։ Միայն անմնացորդ կարոտ, սեր ու բարի հիշողություններ հերոսների մասին։

Զինակից ընկերներից Մարտունը նշեց՝ որդուն կոչել է Կարոտ՝ ի պատիվ մարտական ընկերոջը։ Հավելեց՝ Կարոտի երջանկահիշատակ հայրը՝ Հովհաննեսը, հաճախ էր իրենց տուն գալիս․ «Իմ Կարոտից իր Կարոտի կարոտն էր առնում»։

Պռոշյանում Կարոտ անունով էլի տղաներ կան․․․ Կոմիտեության միջանցքում շատ լուսանկարներ կան՝ Պռոշյանի մարտական ջոկատների մասին պատմող։ Մի լուսանկարում են Կարոտը, Պետոն, Հրաչը․․․

Ս․ Թադևոսյանը, ով նույնպես կա լուսանկարում, ասաց՝ տղերքից մեկի հարսանիքի օրն են նկարվել։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728