Աջափնյակում նախօրեին տեղի ունեցած հրաձգության և մեկ անձի սպանության վերաբերյալ քրեական վարույթով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության), 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի), Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազենի): Դատախազությունից հայտնեցին, որ ձերբակալման որոշում է կայացվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 16,00-ին՝ Աջափնյակում կրակոցներ են եղել, ինչի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ։ Վիրավորների թիվը տարբեր է շրջանառվում, պաշտոնապես հայտնի է, որ «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 անձ, որոնցից մեկը մահացել է։ Վերջինս 45-ամյա Արսեն Վարդանյանն է, ինչ վերաբերում է վիրավորում ստացած անձանց, ապա նրանք տարբեր տարիքային շեմ ունեն․ ամենաերիտասարդը՝ 18 տարեկան է։ Մամուլը հրապարակել է տուժած անձանց ինքնությունը, համաձայն որի վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։
ՔԿ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:


















































