Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրը ցերեկով մի մարդ չունե՞ք գնա կողքները կանգնի. Տիգրան Ավինյանը դժգոհեց Նոր Նորքի ասֆալտապատումից

Փետրվար 23,2026 10:44

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրին ավազից փողոցների մաքրման աշխատանքները, ի թիվս այլնի՝ անդրադարձ եղավ փոսալցման աշխատանքներին: Նշվեց, որ կտրվել է 15 000 քմ ասֆալտբետոնե ծածկույթ եւ տեղադրվել շուրջ 13000 քմ ծածկույթ:

Քանի որ հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը տեսանյութ էր հրապարակել ասֆալտապատման որակի վերաբերյալ ու հարցրել, թե ինչու Երեւանի քաղաքապետարանը ասֆալտ փռող ընկերությունից չի պահանջում պարտադիր ունենալ բիտում փչող սարք, Ավինյանը նաեւ հետաքրքրվեց. «Բիտումի հետ կապված պատմությունը վերջն ի՞նչ էր»:

Քաղաքապետը հարց ուղղեց, մասնավորապես, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սեւոյանին. «Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում»: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պարզաբանեց, որ աշխատանքի ծավալը մեծ էր, եւ շինարարները մինչեւ հասել են այդ հատված, նկարահանումը տեղի է ունեցել:

«Ինձ թվում է՝ նկարահանումը տեղի չի ունեցել, այլ անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք է եղել եւ Բալահովիտ-1 ընկերությունը, թող իրեն կարգի հրավիրի», – զայրացավ Ավինյանը: «Օրը ցերեկով մի մարդ չունե՞ք գնա կողքները կանգնի, տեսնի՝ ինչ են անում, կամ ո՞ր դարն է, բիտումի վրա 2 կոպեկ ավել փող չեն ծախսում… Վաղն այլեւս չեն ունենա պատվեր, իրենք գիտակցո՞ւմ են դա», – ասաց Ավինյանը:

«Մեկ-երկու դեպքով տարածվում է, որ ամբողջ քաղաքում անորակ ասֆալտապատում է արվում… Եվ եթե 2 տեղով սկսել եք ասֆալտապատումը, երկու տեղով էլ անորակ է լինելու, իմաստը ո՞րն է փող ծախսելու», –  նա կրկին դժգոհեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարից:

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728