Բժիշկ Գեւորգ Գրիգորյանն այսօր իր մի խումբ գործընկերների հետ ԱԺ էր եկել իրենց նամակներն ուղղելու ԱԺ նախագահին ու ԱԺ խմբակցություններին։ Նրանք խնդրում են օրենսդիր մարմնից առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի եւ ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպել։
«Ուզում ենք, որ ապահովագրական համակարգն արդյունավետ գործի, չոտնահարվեն բուժաշխատողների շահերը։ Մեծ տոկոսայնությամբ բուժաշխատողների աշխատավարձի նվազումը, չեմ կարծում, որ վերջիններիս շահերից է բխում»,– լրագրողներին ասաց բժիշկ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իրենք պահանջում են փոխել վճարման կարգը, վերահաշվարկել վարձատրման մեխանիզմը․ «Եվ թող աշխատի ապահովագրական համակարգը։ Այդ հարցը պետք է լուծվի պետության կողմից, ոչ թե բուժաշխատողների հաշվին։ Չպետք է բնակչության մի շերտը տուժի բնակչության մյուս շերտի խաթր։ Մենք խոսում ենք սոցիալական արդարությունից, բայց բուժաշխատողների նկատմամբ սոցիալական արդարություն չի կիրառվում… մարդիկ, որոնք պացիենտի հետ չեն շփվում, էդ տիտանական աշխատանքը չեն կատարում, կյանքեր չեն փրկում, որոշել են, որ այդպես պետք է հաշվարկեն բուժաշխատողների աշխատավարձը։ 19.000 դրամով ո՞վ կաշխատի, եղել են դեպքեր, երբ բուժաշխատողը 19.000 դրամ կամ 23.000 դրամ է ստացել… թողե՛ք աշխատենք, ժողովո՛ւրդ, արժանավայել աշխատենք»։
Կարդացեք նաև
Բժիշկը խորհուրդ տվեց գնալ ու հետեւել պոլիկլինիկաների հերթերին․ «Ու տեսեք՝ բուժաշխատողը կարո՞ղ է այդ ամբողջ հերթը սպասարկել ու 19.000 դրամ ստանալ։ Մարդիկ մտնում են բժշկի մոտ, ասում՝ ձրի է, գրի, գնամ ԿՏ անցնեմ, ձրի է, գրի, գնամ ՄՌՏ անցնեմ։ Չի կարելի, ո՛չ բնակչությունն է պատրաստ, որ այդ ամենը ցուցումով պետք է լինի, ո՛չ բուժանձնակազմն է պատրաստ, որ պետք է համ պացիենտ բուժեն, համ պաշտպանվեն պացիենտներից։ Ես կարծում եմ՝ առողջապահության համակարգը ղեկավարող անձինք կամ տեղյակ չեն եղել, որ նման խնդիրներ կարող են առաջանալ, ինչը շատ վատ է, որ տեղյակ չեն եղել, կամ միտումնավոր են արել, եւ հիմա էլ շատ ուժեղ ռեպրեսիվ մեխանիզմ է աշխատում՝ որեւէ հարց բարձրացնող բուժաշխատողներին աշխատանքից ազատելու ու ճնշումներ իրականացնելու ուղղությամբ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































