Բրիտանացի դիրիժոր Մեթյու Հոլզն օրերս առաջին անգամ ղեկավարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ)։ Հանդիսատեսը անհամբեր սպասում էր այդ երեկոյին։ Շուրջ քառորդ դար անց հնչեց Էլգարի «Էնիգմա վարիացիաները» և համերգի 2-րդ բաժնում Սիբելիուսի Սիմֆոնիա թիվ 1-ը։
«Էնիգման» երաժշտական պատմության ամենախորհրդավոր ստեղծագործություններից է, որը թարգմանվում է՝ հանելուկ։ Այս ստեղծագործության մեջ թաքնված է գաղտնի մեղեդի, որի իրական լուծումը մինչ օրս մնում է անհայտ։
Ինչ վերաբերում է Սիբելիուսի սիմֆոնիային, այն ուշ ռոմանտիզմի դարաշրջանի վառ ներկայացուցչի ստեղծագործություններից է, որը, չասենք հաճախ, բայց կատարվում է մեր նվագախմբերի կողմից և, կարելի է ասել, քաջածանոթ է ունկնդրին։
Կարդացեք նաև
Հիմա՝ երկու խոսք Հայաստան հյուրախաղերով ժամանած դիրիժորի մասին։ Երկար ժամանակ կպահանջվի ներկայացնելու այս արվեստագետին. միայն նշենք, որ նրա ստեղծագործական գրաֆիկը աննկարագրելի խիտ է՝ Ֆինլանդիայի, Լիվերպուլի, Ատլանտայի, Չիկագոյի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Զալցբուրգի, Վիեննայի, Անտվերպենի և այլ երկրների ու քաղաքների հանրահայտ նվագախմբեր, ինչպես նաև մեզանում հայտնի Գյուլբենկյան նվագախումբ։ Մաեստրո Հոլզի երկացանկը ընդգրկում է բարոկկոյից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մի բան էլ՝ նա այն եզակի դիրիժորներից է, որին աշխարհահռչակ մաեստրո Արնոնկուրը վստահել է ղեկավարել իր Concentus Musicus Wien անսամբլը։
Մեթյու Հոլզը, բացառապես բրավոների ձայների ներքո Aravot.am-ին ասաց․ «Ես առաջին անգամ հանդիպեցի այս նվագախմբին։ Իհարկե, մինչ գալս ինձ տեղեկացրել էին, որ Հայաստանը հոյակապ ֆիլհարմոնիկ նվագախումբ ունի, և ստացվեց, որ առաջին իսկ փորձից սիրահարվեցի նվագախմբին։ Նման բարձր կատարողական մակարդակը, այն, թե ինչ ջերմությամբ ու խորը զգացմունքներով են նրանք մեկնաբանում երաժշտությունը, ուղղակի ցնցեցին ինձ։ Թույլ տվեք բարձրաձայնել, որ նրանց նույնպես դուր եկավ մեր համատեղ առաջին համագործակցությունը»։
Մաեստրոն հիացած է նաև մեր տեսարժան վայրերով ու հյուրընկալությամբ։ «Ձեր երկրում ժամանակ ունեցա շրջել և վայելել արևոտ Երևանը, եղա Խոր Վիրապում… վայելեցի հայկական առատաձեռն հյուրասիրությունը, ֆանտաստիկ համեղ կերակրատեսակները, հայկական հացը՝ լավաշը, անուշաբույր գինիները և, իհարկե, սրտաբաց մարդկանց ընկերակցությունը։ Հիմա մեկնում եմ, բայց հուսով եմ և թույլ տվեք ասել՝ վստահ եմ, որ աշխարհում քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիրը կրկին ինձ հնարավորություն կընձեռնի համերգային շրջագայությամբ այցելելու»։
Հանդիպման ավարտին մաեստրոն ասաց․ «Ձեր նվագախումբը, ձեր երկիրը՝ «Էնիգմայի» իսկական շքեղ պատասխանն էր ինձ համար»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Մեթյու Հոլզի ղեկավարությամբ




















































