Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ իշխանությունները գիտեին ադրբեջանցիների այցի նպատակը եւ չեն արգելել նրանց մուտքը ՀՀ»․ Միքայել Համբարձումյան

Փետրվար 23,2026 16:26

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան ադրբեջանցիների կատարած այցին։

Օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում ադրբեջանցի տղամարդիկ շրջում են Ամասիայում՝ ցուցադրելով շինությունները եւ իբրեւ վերհիշելով, թե դրանք ժամանակին ինչ նպատակի են ծառայել։ Լրատվամիջոցների հրապարակումներից հետո միայն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանմամբ հանդես եկավ՝ նշելով, թե ազգությամբ ադրբեջանցի այդ տղամարդիկ Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք Հայաստան են մտել ու երկրից դուրս եկել Բագրատաշենի անցակետով, այցը կրել է մասնավոր բնույթ: Նրանցից մեկը Հայաստան է այցելել նաեւ 2013 թվականին, մյուսը՝ 2014-ին:

Ինչպե՞ս են ադրբեջանցիները հայտնվել Հայաստանում, այդքան հե՞շտ է գալ Հայաստան, շրջել բնակավայրերում, տարածքային նկրտումներ ներկայացնել, եւ նախկինում նման այցեր եղե՞լ են։ Այս հարցերին անդրադառնալով՝ Միքայել Համբարձումյանն ասում է․ «Եթե անձը Ռուսաստանի քաղաքացի է եւ ժամանում է Հայաստանի Հանրապետություն, որեւէ մեկն իրեն դե յուրե չի կարող ասել՝ դու Հայաստան չպետք է մուտք գործես՝ հաշվի առնելով, որ ծագումով ադրբեջանցի ես։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ եթե այդ անձը հայտնի է Հայաստանի Հանրապետությանը, եթե Հայաստանի Հանրապետությունը տեսնում է, որ այդ անձն անվտանգային հարցով խնդիր կարող է առաջացնել, իր մուտքը Հայաստան կարող են արգելել, ասել՝ դու անցանկալի անձ ես ՀՀ համար»։

Միքայել Համբարձումյանը հիշում է, որ նման դեպքեր շատ են եղել՝ ՀՀ համար անցանկալի համարված անձանց մուտքը երկիր արգելել են հենց օդանավակայանում։ Նա հիշեցնում է ռուս գործիչների ու սփյուռքահայերի նկատմամբ տեղի ունեցածը, օրինակ, ՀՀ իշխանություններն արգելել էին հակաիշխանական հայտարարություններ արած ֆրանսահայ գործիչ Մուրադ Փափազյանի, ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ՌԴ պաշտոնյա Կոնստանտին Զատուլինի եւ այլոց մուտքը Հայաստան՝ նրանց համարելով անցանկալի անձ։

«Այսինքն՝ սահմանի հատման ժամանակ անձը ճշտում են, հետո իրենց տրամադրության տակ եղած տվյալների հիման վրա ասում են՝ անցանկալի է ձեր մուտքը։ Այսինքն՝ ֆորմալ իմաստով ՌԴ քաղաքացի ծագումով ադրբեջանցիներին չեն կարող արգելել մուտք գործել Հայաստան։ Բայց եթե ունեն տվյալներ, թե ինչ նպատակով է այդ մարդը այցելել Հայաստան, իհարկե, կարող են նրա մուտքն արգելել։ Խնդիրը հետեւյալն է՝ եթե տվյալ օրվա իշխանությունների, պետական մարմինների համար անձի մուտքն անցանկալի է դիտվում, արգելում են։ Այդ իրավական ռեժիմն ու լծակները գոյություն ունեն, ամեն դեպքին պետք է կոնկրետ վերաբերմունք ցույց տալ ու հասկանալ պատճառը»,- հավելեց Միքայել Համբարձումյանը։

Հարցին, թե Ամասիայում շրջող ադրբեջանցիները ՀՀ անվտանգությանը սպառնալիք ներկայացնո՞ւմ են՝ հաշվի առնելով, որ տարածքային նկրտումներ էին ներկայացնում, Միքայել Համբարձումյանը պատասխանեց․ «Դա արդեն անվտանգության մարմինները պետք է հասկանային, ճշտեին գալու նպատակն ու գնահատեին։ Չնայած այսօրվա քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ չեմ էլ բացառում, որ իմանային ադրբեջանցիները հենց այդպիսի ռեպորտաժներ պատրաստելու նպատակով են եկել Հայաստան եւ իրենց չարգելեին։ Դա որպես կիբերգործիքակազմի բաղադրիչ կարող ենք դիտարկել՝ որպես տեղեկատվական դաշտում ազդեցություն գործադրելու միջոց։ Վստահ եմ, որ իրենք շատ լավ հասկանում են, որ այդպիսի նյութերը ՀՀ ներսում լարվածություն են առաջացնում։ Եվ պարբերաբար այսպես լարվածության մեջ են փորձում պահել հայ հասարակությանը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728