Փետրվարի 18-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը, ինչպես նաև ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների՝ մարտի 12-ին նախատեսված այցը։
Եվրոպական միությունը հաստատակամորեն հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ փաստաթղթերի անվտանգությանը, սահմանների և միգրացիայի կառավարմանը, հասարակական կարգի պահպանմանը և հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված առանցքային բարեփոխումների առաջմղման գործում։
Դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում ԵՄ-ն նախատեսում է իրականացնել մի շարք աջակցության միջոցառումներ՝ նշված նպատակների ուղղությամբ։
Կարդացեք նաև
2025 թվականի նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը Երևանում ՀՀ իշխանություններին էր ներկայացրել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։
Ծրագրում ամրագրված են նշված կարևոր բարեփոխումների ոլորտներում տեխնիկական և քաղաքական պահանջները, որոնց իրականացումը Հայաստանի կողմից անհրաժեշտ նախապայման է իր քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ներդրման համար։
2024 թվականի սեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետությունը մեկնարկել են Հայաստանի համար վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միության հետ կարճաժամկետ այցելությունների համար առանց վիզայի ռեժիմի ներդրմանը՝ պայմանով, որ ապահովվեն անվտանգ և լավ կառավարվող միջավայրում շարժունակության համար անհրաժեշտ նախապայմանները։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն



















































