Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարկետում ստացած, արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող քաղաքացիները հնարավորություն կստանան վերադառնալ ու առնվազն 3 տարի աշխատել՝ սահմանած կարգով և ազատվել զինծառայությունից»․ Ժաննա Անդրեասյան

Փետրվար 24,2026 13:58

«Նախագծի բովանդակությունն է, որ մեր այն քաղաքացիները, որոնք տարկետում են ստանում և ուսումնառությունը կազմակերպում են արտերկրի հեղինակավոր բուհերում, նաև հնարավորություն ստանան կրթական համապատասխան աստիճանը ավարտելուց հետո վերադառնալ ու առնվազն երեք տարի աշխատել համապատասխան ոլորտում՝ կառավարության սահմանած կարգով, որից հետո կարող են, ըստ էության, ազատվել զինծառայությունից»,-ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ առաջիկա օրերին նախագծերը պատրաստ կլինեն։

Սիսակ Գաբրիելյան

Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը հայտնեց նաև, որ պետությունը մեկ այլ նախաձեռնություն է մեկնարկում․ «Խոսքը թոփ 50 համալսարաններում ուսանողների վարձավճարների որոշակի փոխհատուցման մասին է․ կարգերը մշակվում են։ Եթե թոփ 50 համալսարաններից մեկն է ընդունվել քաղաքացին և որևէ մասնավորում պայմանները չասեմ, որ չսխալվեմ, աշխատում է, ժամկետներից կախված՝ մինչև 10 միլիոն դրամ պետությունը պատրաստ է համաֆինանսավորել։ Մոտ 25․000 դոլար է անում տարեկան։ Սա բավականին մեծ գումար է, խորհուրդ եմ տալիս մեր այն քաղաքացիները, որոնք ընդունվում են այս համալսարաններ, կոնկրետ պայմանների բավարարման դեպքում պետությունը կարող է փոխհատուցել, մինչև 70 տոկոսը ծախսում է այս գումարը։ Առաջիկայում կարգը մշակելու դեպքում կհանրայնացվի։ Արդեն ամառային զորակոչին պատրաստ կլինեն կարգերը, բոլոր այն ուսանողները, որոնք ընդունվել են, կօգտվեն։ Այն անձինք, որոնք այս պահին սովորում են, կառավարության որոշմամբ՝ ստացել են տարկետում ու այնտեղ ուսումնառություն են անցնում, հետադարձության ուժ են ստանում։ Ավարտելու դեպքում նրանց վրա տարածվելու է»։

Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Երկրի ԲՈԻՀ-երին և բանակին հարվածող ևս մեկ որոշում, որի արդյունքում խրախուսվում է.
    1 Լավագույն ընդունակություններով երեխաները կրթություն ստանան ոչ մեր ԲՈԻՀ-երում, որի հետևանքով մեր ԲՈԻՀ-երում ավելի կպակասի խելացի ուսանողների թիվը, իսկ դրսում սովորողների մի մասն էլ կմնա տվյալ երկրում, աշխատանք կգտնի այնտեղ և կծառայի այդ երկրին (ուղեղների ավելի հեշտ որս)։
    2 Վերադարձողները չեն ծառայի Հայկական բանակում և մեր բանակն ավելի կվերածվի բանվորա-գյուղացիական ընտանիքների զավակների ծառայության վայրի և բանակում ավելի շատ կքչանա խելացի զինծառայողների թիվը։
    3 Պետության կողմից արտասահմանյան կրթության ծախսերի համաֆինանսավորում ստանանալու ավելի մեծ շանսեր կունենան քպ-ականների, պաշտոնյաների, ազդեցիկ մարդկանց և հարուստների զավակները, դրանով նույնպես խորացնելով սոցիալական անհավասարության դրսևորումները մեր երկրում։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728