Փետրվարի 25-ին, 26-ին, 27-ին եւ 28-ին Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնում կկայանա «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման հայաստանյան պրեմիերան, այն Համազգային թատրոնի, ԿԳՄՍ նախարարության եւ Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համատեղ նախագիծն է:
«Միջազգային չափանիշներին համապատասխան թատրոն ունենալը, որը այստեղ կառուցվում է բոլորիս աչքի առաջ, շատ կարեւոր ենք համարում: Պետք է հիշեցնեմ, որ այս նախագիծը սկսվեց 2 տարի առաջ, երբ մեր նախարար Ժաննա Անդրեասյանն այցելեց Ֆրանսիա, Ֆրանսիայի մշակույթի նախարարն էլ այցելեց Հայաստան, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային կապերը եւ նախագծերն էլ ավելի զարգացնենք, ամրապնդենք:
Առաջին քայլը եղավ այն, որ մեր սիրելի Սիմոն Աբգարյանն իր թատրոնով եկավ Հայաստան, իր «Էլեկտրան թշվառների աշխարհից»-ը ներկայացրեց: Ոչ մի ազատ աթոռ չկար: Մենք հասկացանք, որ այնպիսի հանդիսատես ունենք, որը այդ տեսակ ներկայացում կարող է դիտել օտար լեզվով: Միտքը միտք ծնեց, եւ այսօր այստեղ ենք եւ խոսելու ենք Սիմոն Աբգարյանի գրած եւ բեմադրած ներկայացման մասին»,- պրեմիերայի առիթով կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Կարդացեք նաև
Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի խոսքով, այս պահին երկար էին սպասել. «Ամեն ինչ սկսվեց 2021 թվականից, երբ առաջին անգամ մասնակցում էինք Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին, եւ մեզնից հետո գալու էր Ֆրանսիան, որը ներկայացնում էր Սիմոն Աբգարյանը՝ «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացմամբ: Հուզիչ էր այդ պահը, որ քո հայրենակիցն է եւ Ֆրանսիան է ներկայացնում, եւ երջանկություն էր իր հետ շփվելը, մտածում էի՝ ինչպես անել, որ ինքը գա մեր հետ աշխատելու… Այդ թվականից արդեն այդ մտքերն անընդհատ տանջում էին ինձ:
2-3 տարի հետո պարոն Դանիելյանն ինձ կանչեց պատկերասրահ, ասաց՝ շտապ արի, գործ կա: Գնացի, եւ ինձ ծանոթացրեց Սիմոն Աբգարյանի հետ, ասաց, որ համատեղ ինչ-որ բան մտածենք: Այդպես սկսվեց երազանքի ճանապարհը: Հետո Սիմոնն ասաց՝ որ պիեսն ուզում ես, ընտրիր: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ այսօր Սիմոն Աբգարյան դրամատուրգ ենք բերում Հայաստան: Շատ վատ է, որ մինչեւ հիմա չի բեմադրվել Սիմոն Աբգարյանը՝ լինելով այդպիսի հեղինակ, այդքան մրցանակներ ստացած: Նշեմ, որ մեր պիեսը թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, բայց հիմա նաեւ պիեսների ամբողջական գիրք է լինելու: Կարծում եմ, որ հայկական թատրոններում պետք է Սիմոն Աբգարյանի պիեսները լինեն, նաեւ շատ եմ ուզում դրանցից մեկը ինքս բեմադրել»:
Նարինե Գրիգորյանը հիշեցրեց, որ սկզբում իրենց ներկայացման փորձերն արել են Սունդուկյան թատրոնում, քանի որ շենք չունեին, իսկ առաջին պրեմիերան կայացել է Մոսկվայում՝ Չեխովյան փառատոնում: Նա փաստեց, թե ինչ հիացած էր փառատոնի ժամանակ հանդիսատեսը, եւ քանի թատրոն էր ցանկանում ունենալ այդ պիեսը:
«Գուցե Սիմոնը չգիտի, թե ինչ թաքուն եմ իր համարը գտել, բայց չեմ զանգել, ամաչել եմ, ինչքան երկար է դա տեւել, շնորհակալություն, որ եկել ես, սիրել ես մեզ, մեր թիկունքն ես»,-Սիմոն Աբգարյանին դիմեց Նարինե Գրիգորյանը: Նա ասաց, որ ներկայացումը նվիրվում է Սոս Սարգսյանի հիշատակին:
«Միշտ հարցնում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ եմ անում այս բաները… Պարզապես ես հավատում եմ թատրոնի արվեստին, այսինքն հայելիին, այն արձագանք է մարդկությանը, մենք փորձում ենք մի կտոր արձագանք տալ ժողովուրդներին, որ մոռացված բաներն էլի ասենք…Թատրոնն այն տեղն է, որ լեզուն չսնանկանա, լեզվի արժեքը հետ բերի…
Մենք ունենք հայ հեղինակներ, որոնց մարդիկ չեն ճանաչում, եւ մեր գործն է , օրինակ` Թումանյան բեմադրել, տանել-բերել… Շփվելը կարևոր է ինձ համար, ակոսը բաց է, սկսել եմ, թե ինչ պետք է ցանել, ինչ վերցնել, այդ հարցումները դեռ կան»,-ասաց «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման պիեսի հեղինակ, բեմադրիչ եւ բեմանկարիչ Սիմոն Աբգարյանը:
Նա Սոս Սարգսյանի մասին խոսելիս նրան բնորոշեց որպես մեծ անձ, ասաց, որ մի անգամ է հանդիպել նրան բեմի վրա, իսկ հետո շփվել է իր ֆիլմերում:
Սիմոն Աբգարյանն ընդգծեց, որ տպավորված է Համազգային թատրոնի դերասաններով. «Այս թատրոնի տղերքն ու աղջիկները հերոսներ են, թատրոն անելն այսօր Հայաստանում հերոսություն է, փողի, մատերիալի մասին չեմ ասում… Ինչպես մեր զինվորները պաշտպանել են մեր հայրենիքը, նրանց մի մասը զոհվել է, այդպես էլ այսօրվա թատրոնն է: Ինձ համար արվեստագետները իշխանաձկներ են, եթե ջուրը թունավորվի, առաջին մեռնողներն իշխանաձկները կլինեն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































