Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդների խումբը պահանջում է իրականացնել կալանավորված անձի մահվան դեպքի անկախ և թափանցիկ քննություն՝ ներգրավելով արտաքին փորձագետների

Փետրվար 24,2026 17:22 Share
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի

2026 թվականի փետրվարի 17-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի մահվան փաստը հերթական ծանր ազդակն է, որ քրեակատարողական համակարգում առկա են լրջագույն, չլուծված և համակարգային խնդիրներ՝ ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման ոլորտում։

Լրատվամիջոցը, հղում կատարելով պաշտոնական հաղորդագրությանը, հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ անձը առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել է քաղաքացիական բժշկական կենտրոն, այնուհետև՝ պալիատիվ բուժօգնության կենտրոն, որտեղ արձանագրվել է կենսաբանական մահը։

Դիտորդների խումբը վերջին մեկ տարվա ընթացքում տվյալ կալանավորված անձից ստացել է բազմաթիվ ահազանգեր՝ առողջական վիճակի, ցավերի, օտար մարմինների առկայության և պատշաճ բուժօգնության բացակայության վերաբերյալ։ Ահազանգերի հիման վրա իրականացվել են այցեր «Արմավիր» ՔԿՀ, ինչպես նաև հասցեագրվել են գրություններ ՀՀ Առողջապահության նախարարին։ Մեր միջամտության արդյունքում անձը տեղափոխվել է նախկինում գործող Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ և ստացել բուժօգնություն։

Միևնույն ժամանակ, ըստ կալանավորի ներկայացրած տվյալների և պաշտոնական պատասխանների, նրա մարմնում առկա են եղել օտար մարմիններ, որոնց մի մասը չի հեռացվել։

Այս հանգամանքները վկայում են ոչ միայն քրեակատարողական բժշկության համակարգում առկա կառավարման լրջագույն բացերի, այլև հնարավոր անգործության, ոչ բավարար հսկողության և պատշաճ բժշկական միջամտությունների ուշացման մասին։

Դիտորդների խումբը խորը մտահոգություն է հայտնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերի թիվը շարունակում է բարձր մնալ՝ 2025թ-ին 24 դեպք։ Սա արդեն առանձին դեպքերի շղթա չէ։ Սա համակարգային ճգնաժամի հստակ ազդանշան է։

Հիշեցնում ենք, որ պետությունը կրում է բացարձակ պատասխանատվություն իր հսկողության ներքո գտնվող անձանց կյանքի և առողջության պահպանման համար։ Ազատազրկված անձը չի կարող ինքնուրույն իրացնել իր առողջության պահպանման իրավունքը, հետևաբար ցանկացած ուշացում, անգործություն կամ թերի միջամտություն դիտարկվում է պետության պատասխանատվության տիրույթում։

Խումբը միաժամանակ անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ազատազրկման վայրերում արձանագրված մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ, անկախ և համապարփակ քննությունների ապահովման հարցը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին վերահսկողական մեխանիզմների շրջանակում, տարիներ շարունակ շարունակում է մնալ չլուծված․ մեր կողմից բազմիցս արձանագրված համակարգային խնդրի ուղղությամբ առ այսօր էական առաջընթաց չի արձանագրվել։

Դիտորդների խումբը պահանջում է․
– Իրականացնել տվյալ մահվան դեպքի անհապաղ, անկախ, համապարփակ և թափանցիկ քննություն՝ ներգրավելով արտաքին փորձագետների։
– Այս և այլ մահվան դեպքերի քննության վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն՝ նախաձեռնված գործողությունների և դրանց արդյունքների մասին։
– Վերլուծել վերջին տարվա ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրված մահվան բոլոր դեպքերը՝ ընդհանուր օրինաչափություններն ու համակարգային խոցելիությունները բացահայտելու նպատակով։
– Վերանայել և ընդլայնել քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների անկախությունը, ռեսուրսները և մասնագիտական վերահսկողությունը։
– Ներդնել արտակարգ արձագանքման հստակ մեխանիզմներ ծանր առողջական խնդիրներ ունեցող ազատությունից զրկվածանձանց համար։

Յուրաքանչյուր մահ քրեակատարողական հիմնարկում ոչ միայն մարդկային ողբերգություն է, այլ նաև պետական համակարգի պատասխանատվության հարց։

Դիտորդների խումբը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր գործառույթները՝ մանդատի շրջանակներում և հրապարակայնորեն արձագանքել յուրաքանչյուր նման դեպքի։

Դիտորդների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728