Լրահոս
Օրվա լրահոսը

«Կես խոսքի համար մարդուն կալանավորում են, ուր մնաց հոդվածի համար մեր դեմ վճիռ չկայացնեն»․ Արմինե Օհանյան

Փետրվար 25,2026 13:15

«Էնքան սուտ ու կեղծիք, ինչքան Նիկոլ Փաշինյանն է հրապարակել, դժվար է պատկերացնել, որ ՀՀ պատմության մեջ որևէ մեկը հրապարակած լինի։ Բայց ինքը դիմել է դատարան մի հեգնական, հրապարակախոսական, թեթև ոճի մեջ գրված հրապարակման առիթով, որտեղ իբր թե իր արժանապատվությունն է վիրավորվում կամ իրեն զրպարտել են ինչ-որ տեղեկությունների համար»,- Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ 2» նստավայրում «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի» գործով (նախագահող դատավոր Նելլի Հարությունյան) դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Հիշեցնենք՝ մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ եւ անընդհատ գրառումներ էր անում Ամենայն հայոց կաթողիկոսի եւ սրբազանների դեմ, հարցեր էր ուղղում նրանց, թե պատասխանեք՝ արդյոք խախտե՞լ եք կուսակրոնության ուխտը, արդյոք զավակներ ունե՞ք, կանանց հետ ինտիմ հարաբերություններ ունեցե՞լ եք, «Հրապարակը» համարժեք ոճով հեգնական հարցեր էր ուղղել Փաշինյանին` «Դավաճանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը կնոջը» վերտառությամբ:

Արմինե Օհանյանը վստահեցրեց՝ այս հրապարակումն արված է Նիկոլ Փաշինյանի ոճով․ «Նույն «Օդից կախված լուրերի» շարքի հեղինակային իրավունքն իրեն էր պատկանում, ԱԺ ամբիոնից էլ ինչքան տեղեկություններ է հրապարակել․ փաստացի հստակ տվյալներ է հրապարակել, որոնք հետո իրականություն չեն դարձել, չեն հաստատվել կամ մարդիկ դրանց հետևից չեն գնացել։ Հեղափոխության օրերին հազար ու մի բան էր ասում, ու ութ տարի իշխանության մեջ լինելով, դրանց վերաբերյալ ոչ քրգործեր հարուցվեցին, ոչ դրանք հաստատվեցին»։

Ըստ Արմինե Օհանյանի՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես իրավունք ունեմ ցանկացած մեկի հասցեին զրպարտություն տարածեմ, իսկ լրատվամիջոցը հարցադրում անելու իրավունք չունի․ «Վերնագրում հարցականով հարց ենք տվել իրեն և ավարտել իր ոճով՝ ոնց ինքն է ասում՝ դուք իրավունք չունեք լռելու, պիտի պատասխանեք այս հարցադրումներին․․․Այսինքն՝ ամեն հումորի, պամֆլետի, հռետորական հարցադրման, հրապարակված նյութերի հետևից գալիս են, որն ավելի վատ հետևանք կարող է ունենալ։ Ես դատավորին էլ ասացի՝ Դուք, եթե հարցը դիտեք որպես զրպարտություն՝ կզրկեք մեր լրագրողներին հարց տալու իրավունքից։ Եթե հարց ուղղելուց էլ պիտի վախենանք, սա խայտառակ նախադեպ կստեղծի։ Ակնհայտ է, որ նպատակն է քննադատական հոդվածների դեմն առնելը, փակելը լրագրողների բերանը։ Ես թերթի խմբագրումը թողած, իմ թանկ ժամանակը ծախսում եմ այս հիմար, անիմաստ գործընթացի վրա»։

Մարտի 18-ին կհրապարակվի վճիռը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի, արդյոք դատավորը կմերժի՞ Փաշինյանի հայցը, Արմինե Օհանյանը պատասխանեց․ «Չեմ ուզում վատ բան ասել, քանի դեռ վճիռը չկա․ մի հույսի տեղ թողնենք, շանս տանք դատավորին։ Կարող է մարդն իր մեջ համարձակություն գտնի ու մերժի հայցը։ Բայց տեսնելով դատական համակարգի վիճակը՝ հնազանդությունը, ստրկացվածությունը, թե ոնց են մի կես խոսքի համար մարդ կալանավորում, էլ ուր մնաց հոդվածի համար մեր դեմ վճիռ չկայացնեն։ Բայց գուցե առաջին ծիծեռնակը լինի «Հրապարակի» գործը»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ձեր դեմը փակելու են վերջապես

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728