«Հայցվորը պնդում է՝ հոդվածը, որ հունիսի 6-ին հրապարակվել է, պարունակում է փաստական տվյալներ։ Եվ իմ այն հարցին, կոնկրետ որո՞նք են, հայցվոր կողմը վկայակոչեց երկու նախադասություն, ասաց՝ առանձին զրպարտություն չեն պարունակում, բայց ամբողջական համատեքստում պարունակում են»,-Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ 2» նստավայրում «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի» գործով (նախագահող դատավոր Նելլի Հարությունյան) դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վրեժ Խաչիկյանը։
Հիշեցնենք՝ մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ եւ անընդհատ գրառումներ էր անում Ամենայն հայոց կաթողիկոսի եւ սրբազանների դեմ, հարցեր էր ուղղում նրանց, թե պատասխանեք՝ արդյոք խախտե՞լ եք կուսակրոնության ուխտը, արդյոք զավակներ ունե՞ք, կանանց հետ ինտիմ հարաբերություններ ունեցե՞լ եք, «Հրապարակը» համարժեք ոճով հեգնական հարցեր էր ուղղել Փաշինյանին` «Դավաճանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը կնոջը» վերտառությամբ:
Փաստաբանն ասաց, որ իրենք, հղում անելով հոդվածի վերնագրին, որտեղ հռետորական հարց է հնչում, նշում են․ «Վերնագրից սկսած՝ մինչև վերջին բառը հիմնավորեցինք, որ սա կարող է համարվել առավելագույնը սուր քննադատություն։ Ամբողջ հոդվածում այդ հռետորական հարցն է հնչում և ներկայացվում հանրության քննարկմանը, այնպես, ինչպես երկրի առաջին դեմքը, վկայակոչելով Վեհափառի՝ զավակ ունենալու հանգամանքն այդ հարցադրումը կատարում է իր ֆեյսբուքյան էջում։ Այսինքն՝ «Հրապարակն» օգտվել է այն իրավունքներից, որից օգտվել է երկրի առաջին դեմքը։ Իրեն իրավունք է վերապահում՝ որպես լրատվամիջոց, հանրության համար շատ կարևոր, հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ, այնպես, ինչպես Վեհափառի՝ զավակ ունենալու հանգամանքն էր ներկայացվել, ներկայացնել հանրությանը՝ Նիկոլ Փաշինյանը դավաճանո՞ւմ է կնոջը, թե՞ ոչ։ Սա ներկայացվել է որպես հանրության համար գերակա շահ ներկայացնող տեղեկատվություն»։
Կարդացեք նաև
Ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































