Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությունը չի կարող կառուցվել ավերված գերեզմանոցների, պղծված սրբավայրերի և ջնջվող հիշողության վրա. Հովիկ Ավանեսով

Փետրվար 25,2026 14:22

2026 թ. փետրվարի 4-ին Աբու Դաբի քաղաքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը լուրջ բարոյաքաղաքական հարցադրումների տեղիք է տալիս։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի գերագույն գլխավոր ռազմական հանցագործ Իլհամ Ալիևը արժանացան ԱՄԷ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ իբր «Բաքվի բռնապետական վարչակարգի և Հայաստանի միջև հաստատված խաղաղության» համար։

Մրցանակաբաշխությունը, որը ներկայացվեց որպես տարածաշրջանային հաշտեցման և փոխըմբռնման խորհրդանիշ, իրականում լուրջ հակասություն է առաջացնում տեղում առկա իրողությունների հետ։ Այն պարագայում, երբ Արցախում շարունակվում են հայկական մշակութային և հիշողության վայրերի համակարգված ոչնչացման և ձևափոխման գործընթացները, «խաղաղության» անվան տակ նման պարգևատրումը ոչ թե նպաստում է հաշտեցմանը, այլ ստեղծում է անպատժելիության մթնոլորտ։

Արցախի ժամանակավորապես բռնազավթված տարածքներում քաղաքակրթական ժառանգության հանդեպ իրականացվող քաղաքականությունը վաղուց արդեն դուրս է եկել առանձին դեպքերի շրջանակից և ստացել է համակարգային բնույթ։ Խոսքը ոչ միայն պատմական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, ամբողջական բնակավայրերի և հուշարձանների ձևափոխման կամ վերացման մասին է, այլև՝ հավաքական հիշողության խորհրդանիշ հանդիսացող վայրերի ու համամարդկային նշանակության արժեքների նպատակային ոչնչացման։

Փետրվարի 4-ից հետո արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և ոչնչացման նոր դեպքեր։ Մասնավորապես ՝ Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքում գտնվող հուշահամալիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Օրերս ադրբեջանական սոցիալական հարթակներում տարածվեց տեսանյութ, որը նկարահանված է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Տեսանյութում հստակ երևում է, որ ավերված է Արցախյան պատերազմում զոհվածների գերեզմանոցը։
Գերեզմանոցի ավիրումը պարզապես վանդալիզմի ակտ չէ։ Այն ուղղված է հիշողության ջնջմանը, զոհվածների հիշատակի արժեզրկմանը և համայնքի պատմական ներկայության վերացմանը։

Մշակութային ցեղասպանության քաղաքականությունը դրսևորվում է հենց նման գործողություններով՝ նպատակ ունենալով վերաձևակերպել տարածքի ինքնությունը և կտրել այն իր պատմական արմատներից։

Այս համատեքստում «խաղաղության» մրցանակի շնորհումը ոչ միայն քաղաքականապես վիճահարույց է, այլև՝ բարոյապես խնդրահարույց։ Երբ միջազգային հարթակներում պարգևատրվում են ղեկավարներ, որոնց կառավարման պայմաններում շարունակվում են մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները, ձևավորվում է վտանգավոր նախադեպ։ Դա կարող է ընկալվել որպես միջազգային լռակյաց համաձայնություն՝ շարունակելու մշակութային և հիշողության վայրերի համակարգված վերացումը։

Եթե խաղաղությունը ենթադրում է ոչ միայն կրակի դադարեցում, այլև՝ մարդու իրավունքների, պատմական արդարության և մշակութային ժառանգության պաշտպանության ապահովում, ապա՝ Արցախի ներկայիս իրավիճակը այդ չափանիշներին չի համապատասխանում։ Խաղաղությունը չի կարող կառուցվել ավերված գերեզմանոցների, պղծված սրբավայրերի և ջնջվող հիշողության վրա։

Ուստի անհրաժեշտ են ոչ թե ձևական պարգևատրումներ, այլ՝ միջազգային անկախ մոնիթորինգ, իրավական գնահատական և պատասխանատվության մեխանիզմների կիրառում՝ կանխելու մշակութային ցեղասպանության շարունակական խորացումը տարածաշրջանում։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն,

«Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728