«Palgrave Macmillan» գիտական հեղինակավոր հրատարակչությունում լույս է տեսել «Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» (Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the Second Nagorno-Karabakh War. Palgrave Studies in Urban Anthropology, Palgrave Macmillan. 2025) գիրքը։
Գրքի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի առաջատար գիտաշխատող Արսեն Հակոբյանը եւ Իտալիայի Մեսսինայի համալսարանի մարդաբանության և ազգաբանության ասոցացված պրոֆեսոր Մարչելլո Մոլլիկան։
Կարդացեք նաև
Այսօր գրքի շնորհանդեսի ժամանակ Արսեն Հակոբյանն ասաց, որ մասնավորապես, աշխատության առանցքում Արցախի քաղաքներն են․ ռազմական գործողությունների ժամանակ Հադրութը, Շուշին եւ Ստեփանակերտը դարձել էին թիրախ։
«Միեւնույն ժամանակ դրանք նոր իմաստներ էին բացահայտում, եւ աշխարհով մեկ լուսանկարներ էին տարածվում պատերազմի իրողությունների հետ կապված։ Քանի որ գիրքը քաղաքային մարդաբանության մասին է, հիմնական շեշտադրումները վերաբերում են քաղաքին եւ տարածքին։ Քաղաքները եւ տարածքները զուտ ֆիզիկական իմաստով չեն, այն հարաբերությունների իմաստով են, որոնք դառնում են կարեւոր տվյալ հանրույթի համար։ Այս առումով աշխատանքը պատերազմական փաստագրման ուսումնասիրություն է՝ պատմական զարգացումների թելադրանքով։ Ինչո՞ւ են քաղաքները կարեւոր, եթե մենք այդ դիտանկյունից ենք ուսումնասիրում խնդիրը, տեսնում ենք, որ առաջին բողոքի շարժումները սկսվել են քաղաքներում՝ Հադրութ, Ստեփանակերտ, Երեւան։ Հետագայում առաջին բռնության դեպքերը տեղի են ունենում քաղաքներում՝ Սումգայիթ, Կիրովաբադ եւ Բաքու։ Դրանք մեր աշխատության մեջ առանձին քննարկման առարկա են։ Բաքվի ջարդերով ավարտվում են ադրբեջանահայության ողբերգության շղթան, որը հետագայում վերածվում է պատերազմական գործողությունների»,- ասաց նա։
Գրքում անդրադարձ է կատարվում Արցախի առաջին պատերազմին, ապրիլյան պատերազմին, հուլիսյան դեպքերին, հասնում մինչեւ 44-օրյա պատերազմ։ Հեղինակի խոսքով՝ գրքում ներկայացվում է Արցախի քաղաքների պատմական զարգացման ընթացքը՝ Ստեփանակերտը կարեւորվում է որպես ԼՂ հայության քաղաքական ինքնության խորհրդանիշ, հայկական երկրորդ մայրաքաղաք։ Շուշին ներկայացվում է կրոնա-քաղաքական բազմազանությամբ եւ այդ բազմազանությունից ծնվող կոնֆլիկտների շրջանակներում ու հասնում մինչեւ 2020 թվականը՝ Շուշիի անկումը։
«Այնուհետեւ մենք անցում ենք կատարում երկու կարեւոր ասպեկտների քննարկմանը, որոնք ցավոք դուրս են մնում հանրային քննարկման ուշադրությունից։ Դա այս պատերազմի անդրազգային չափումն է՝ Սիրիայում հայկական համայնքների նկատմամբ հարձակումները պատերազմի ժամանակ եւ ցույց ենք տալիս, որ դա համակարգված քաղաքականության մաս էր։ Եթե մյուս կողմից ինքնակազմակերպվող հայկական Սփյուռքն է որպես հայկական անդրազգային մաս, ապա հակառակ կողմից դա պետականորեն կազմակերպված անդրազգային ցանցն էր, ոչ միայն սիրիական բռնությունը, այլեւ «գորշ գայլեր», Սփյուռքում ադրբեջանական կառույցներ, որոնք, ինչպես ցույց են տալիս վերջին բացահայտումները, կապված են ադրբեջանական վարչակազմի հետ։ Մենք մեր գրքում այդ մասին արդեն գրել ենք՝ սկսած այսպես կոչված ծիրանի պատերազմից, վերջացրած Եվրոպայում հայկական համայնքների դեմ հարձակումները։ Նաեւ մեկ կարեւոր երեւույթ ենք բացահայտել եւ ներկայացրել, դա Ստամբուլի հայերի ծանր լռությունն էր պատերազմի օրերին, որոնք հարկադրված լքեցին Ստամբուլը՝ այդ ճնշումների թելադրանքով»,- ասաց Արսեն Հակոբյանը։
Գրքի վերջին մասում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Արցախում տեղի ունեցող մշակութային զտմանը։ Ներկայացվում է կարեւոր սրբավայրերի ու տարածքների դերակատարումը պատերազմի ընթացքում եւ հետպատերազմական զարգացումների ժամանակ։ «Դա հայտնի Դադիվանքի դերն է, որը դառնում է մի ամբողջ միջազգային հարաբերությունների առարկա՝ մշակութային ժառանգության փրկության առումով։ Մյուսը Ամարասն է՝ որպես սահմանային վանք, ներկայացվում են դրա շուրջ զարգացումները։ Մենք քննարկում ենք նաեւ այլ խնդիրներ՝ մշակութային ժառանգության հետ կապված, բայց նաեւ քննարկում ենք, թե ճգնաժամային իրավիճակում եկեղեցում ինչպիսի պրակտիկա ձեւավորվեց մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ՝ սկսած արտակարգ ուխտագնացություններից, մինչեւ վանական սահմանապահներ Դադիվանքում։ Եվ մեր աշխատանքը կանգ առավ այնտեղ, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձերբակալվեց ու ուղարկվեց Բաքու։ Դա այդ կետը նշել ենք որպես իրադարձությունների ամփոփման կետ։ Բայց մենք չէինք կարող անտեսել Արցախի 2023-ի անկումը։ Եվ վերջաբանում նշում ենք՝ եւ Գանձասարի, եւ Դադիվանքի, եւ Ամարասի բանալիները չեն հանձնվել։ Եվ մենք հույս ունենք, որ այդ չհանձնված բանալիները մի օր արցախահայությանը վերադարձի հնարավորություն կտան»,- Արսեն Հակոբյանը։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ գիրքը կենտրոնացած է հիմնականում խոշոր քաղաքային մշակույթի եւ դրա միջոցով խնդիրը ներկայացնելու վրա։ «Քաղաքային մշակույթը դա հայկական Արցախի մայրաքաղաքն է՝ Ստեփանակերտը եւ գլխավոր դեր խաղացող Շուշին։ Հստակ երեւում է ԼՂ կայացման ընթացքը, 20-րդ դարում եղած կատակլիզմներին դիմագրավելը եւ կայացումը որպես խորհրդային Ադրբեջանի կազմում հայտնված մի անկլավ, որը հնարավորություններից, պատմական եւ էթնիկական հայրենիքի հետ կապից զրկված էր եւ մեկուսացված իր փոքր տարածքում՝ կղզյակի նման։ Շատ կարեւոր է, որ փաստացի վերջին հարյուրամյակի էվոլյուցիան, մինչեւ այս վերջին զարգացումները, գրքում ներկայացվում են տարբեր ասպեկտներով ու իրավիճակներով՝ Շուշիի միջոցով, Ստեփանակերտի միջոցով եւ այլ խնդիրներով։ Օրինակ՝ Ստեփանակերտ քաղաքի անվան շուրջ զարգացումները, Ստեփանակերտում տեղի ունեցած զարգացումները։ Ես կարծում եմ, որ շատ լավ է ներկայացված Շուշին, բացառիկ մի տարածք է Շուշին։ Երբ Ադրբեջանին ստիպեցին, որ գոնե ավտոնոմ կարգավիճակով ԼՂ գոնե մի հատվածը ճանաչվի հայկական ինքնավարության որոշ մակարդակի մի տարածք, Շուշին շատ բարդ իրավիճակում մնաց ԼՂԻՄ-ում եւ 1923 թվականից հետո բոլոր զարգացումներում մնաց այն հիմնական փոքր տարածքը, որը շատ մեծ դեր խաղաց ԼՂ զարգացման խնդիրներում՝ անընդհատ դիրք պահելով»,- նշեց Խառատյանը։ Նա ասաց, որ այս աշխատությունում երեւում են նաեւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնության զարգացումները։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





















































