Լրահոս
Օրվա լրահոսը

«Էկոպարեկը Կարմիր գրքում գրված բույսից ի՞նչ է հասկանալու»․ լեզվակռիվ խորհրդարանում

Փետրվար 25,2026 16:34

«Էկոպարեկը Կարմիր գրքում գրված բույսից ի՞նչ է հասկանալու։ Մարդիկ գնում են համալսարանական կրթություն են ստանում համապատասխան, տարիներով աշխատանքի արդյունքում նոր կարողանում են բույսը բույսից տարբերակել։ Այսօր մենք էլ գնանք, անզեն աչքով ոչ ոք չի կարող դա տեսնել։ Պարեկը՝ պլանշետը պահելով վրան, ի՞նչ է հասկանալու, որ սա պահպանվող տարածք է, որ մի հատ էլ իրազեկում անի։ Սա չաշխատող բան է, լուրջ բան մտածեք։ Ես չգիտեմ միջազգային կազմակերպությունները ձեզ ի՞նչ են ասել, որ դրա դիմաց ձեզ փող են տվել, որ չգիտենք էլ՝ էդ փողերն ի՞նչ ուղղությամբ են ծախսվել, արդյունավե՞տ են ծախսվել, թե՞ չէ»,- ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր անհամաձայնությունը բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ դիմելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին։

Արամ Մեյմարյան

Վերջինս ներկայացնում էր ՀՀ կառավարության հեղինակած «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը։

Ըստ առաջարկվող փոփոխության, էկոպարեկները՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում, Հայաստանի ամբողջ տարածքում, կենսաբազմազանության մոնիտորինգ կիրականացնեն։ Դրա համար նրանց հատուկ պլանշետներ կտրվեն։ Էկոպարեկները նաեւ կվերապատրաստվեն, որպեսզի տարբերակեն այն կենդանիներին եւ բույսերը, որոնց իրենք պահպանելու են՝ մանրամասնում է փոխնախարարը եւ հավելում, որ գործընթացում ներգրավված են լինելու գիտական կառույցները, ժամանակի ընթացքում նաեւ հասարակական ուժեր կներգրավվեն։

Վահե Ղալումյան

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին դուր չեկավ, ընդհատեց ընդդիմադիր պատգամավորին՝ասելով, որ դրամական հաշվետվությունը քննարկվող հարցի հետ կապ չունի, առանձին քննարկման նյութ է․ ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորը մի փոքր լեզվակռիվ ունեցան:

Իսկ մինչ այդ, ընդդիմադիր պատգամավորը խոսել էր այն մասին, որ պետությունն առանց այդ էլ հսկայական աշխատուժ ունի եւ բազմաթիվ հաստիքներ կան, որ հենց մոնիտորինգ անելուն են կոչված։ Նաեւ՝ ՔՊ-ի չկատարված խոստումների մասին․ «Դուք թողել եք ձեր կարեւոր գործառույթները․․․Ես էն օրը գնացել եմ գյուղ՝ Երանոսից մինչեւ Ծովակի հատված ոտքով քայլել եմ, մեկ ծառ չեք տնկել, ընկեր, բայց ձեր խոստումների մեջ՝ «Սեւան» ազգային պարկի եւ հատուկ պահպանվող տարածքների մասին էնքա՜ն մեծ բաներ էիք խոստանում։ Էկոպարեկը, որը որ դասընթաց է անցել, գնա էդ պահակությո՞ւնն անի, թե էդ մոնիտորինգն անցկացնի։ Էկոպարեկին ավելի լուրջ գործառույթ պետք է տաս, որպեսզի կարողանա ավելի արդյունավետ հսկել։ Եկեք ավելի կարեւոր բաներից խոսենք, օրինակ, որ էկոպարեկների ինստիտուտը մեկ տարում պետք է կայանար, չկարողացաք դա անել»։

Արամ Մեյմարյանը հակադարձեց՝ Սյունիքում անցած տարի էկոպարեկային ծառայության գործարկումից ի վեր, անտառագողության դեպքերի 74 տոկոսում իրավախախտները հայտնի են, մինչդեռ, առհասարակ, 9 տոկոս դեպքերում է իրավախախտը հայտնի։

«Մենք ոչ թե իրենց մոնիտորինգով ենք ծանրաբեռնում, այլ ֆիքսելու ենք կենսաբազմազանությունը, քանի որ իրենք են առաջին ձեռքից ինֆորմացիայի կրողը․ հավելյալ բան է, բայց ծառայության բովանդակության, առաքելության մեջ էլ է մտնում՝ տեղեկություն ստանալ այն բույսերի եւ այլնի մասին, որոնք իրենք կոչված են պահպանել»,- ասաց փոխնախարարը։

Ի դեպ, էկոպարեկների 1176 հաստիքից 345-ը թափուր է։

Ծառատնկման մասով փոխնախարարը ձեռքի տակ տվյալներ չուներ, բայց խոստացավ փոխանցել․ կարծում է, մոնոկուլտուր անտառի փոփոխության կարիք կա, կտնկվեն ոչ միայն ասեղնատերեւ ծառեր, այլ նաեւ լայնատերեւ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728