Փետրվարի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանին։
Պաշտպանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով ոլորտում առկա խնդիրների պրոֆեսիոնալ և հետևողական հասցեավորումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել քրեակատարողական համակարգում առկա խնդիրներին, ոլորտի մասնագետների գենդերազգայուն պատրաստվածության կարևորությանը, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը։
Հանդիպման շրջանակում Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է իր ղեկավարած «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը՝ անդրադառնալով դրա նպատակներին, թիրախային ուղղություններին և ակնկալվող արդյունքներին։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանը կարևորել է ոլորտում աշխատակիցների վերապատրաստումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ մասնագիտական կարողությունների զարգացումն ու արդիական գիտելիքների ապահովումը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության առանցքային նախապայմաններից են։
Պաշտպանը նաև կարևորել է իրավապաշտպանների շրջանում համերաշխությունն ու միասնական ջանքերը՝ ընդգծելով, որ դրանք վճռորոշ դեր ունեն ոլորտային բարեփոխումների իրականացման և համակարգային խնդիրների հաղթահարման գործում։
«Այս ոլորտում մեզանից յուրաքանչյուրն ունի իր հստակ գործառույթները։ Նպատակին չենք կարող հասնել միայնակ։ Համագործակցության ծրագրերը կարևոր են, խնդիրները բազմաթիվ են, և այս ուղղությամբ անհրաժեշտ են բազմակողմանի ու հետևողական քայլեր։ Քաղաքացիական հասարակության պատշաճ ներգրավվածությունն առանցքային նշանակություն ունի»,– ընդգծել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է միայն պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և մյուս շահագրգիռ կողմերի միջև կառուցողական ու համակարգված համագործակցության պայմաններում։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ


















































